
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան հարցազրոյց մը տուած է Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան կայանի «Առաջին լրատուական» ծրագիրին, որուն թղթակիցը հարցուցած է 2012ի ձեռքբերումներուն մասին։
Նալբանդեան ըսած է. «2012 թ. արտգործնախարարութեան աշխատանքներն ուղղուած էին միջազգային ասպարէզում մեր երկրի հեղինակութեան, դիրքերի ամրապանդմանը, տարբեր մայրցամաքներում մեր բարեկամների թուի աւելացմանը:
«Արտաքին քաղաքականութեան գլխաւոր ձեռքբերումներից է, ինչը հաստաւեց նաեւ 2012 թ., որ մեր ժողովրդի համար կենսակաան նշանակութիւն ունեցող հարցերի շուրջ մեր երկրի եւ միջազգային հանրութեան դիրքորոշումները համահունչ են:
«2012 թ. ապացուցեց, որ արցախեան հիմնախնդրի կարգաւորման ողղութեամբ մեր ռազմավարութիւնը, ոչ միայն ըմբռնելի է, այլ նաեւ աջակցութիւն է վայելում միջազգայն հանրութեան կողմից: Դրա մասին են վկայում այս տարի Սոչիում, Լոս-Կաբոսում եւ Դուբլինում ընդունուած յայտարարութիւնները:
«Սակայն Ադրբեջանի ղեկավարութիւնը ամէն օր թոյն է թափում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ:
«Դա վկայում է նրանց դիրքերի թուլութեան մասին: Ադրբեջանի որոշ բարձրաստիճան պաշտօնեաներ նմանւում են Սադամ Հուսէյնի վերջին ամիսների պրոպագանդայի նախարարին: Բաքուի յայտարարութիւնները եւ սադրանքները համապատասխան բացասական արձագանք են ստանում միջազգային հանրութեան կողմից, ինչպիսին էր Սաֆարովի գործարքը, որը խայտառակութիւն դարձաւ Ադրբեջանի համար եւ միանշանակ դատապարտուեց ամբողջ աշխարհի կողմից:
«Նոր տարուայ նախաշեմին դրականից խօսենք. Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն ուղղուած ղարաբաղեան հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը: Արտաքին գործերի նախարարութիւնը հետեւողական աշխատանք է կատարել ուղղուած մեր դաշնակից Ռուսաստանի հետ յարաբերութիւնների առաւել ամրապնդմանը: Նոր լիցք է ստացել ՀԱՊԿի շրջանակներում ռազմավարական փոխգործակցութիւնը, զարգացել է համագործկացութիւնը ԱՊՀ ձեւաչափում: Կարեւոր քայլեր են ձեռնարկուել Միացեալ Նահագների հետ բարեկամական գործընկերութեան զարգացման նպատակով:
«Առաջընթաց է արձանագրուել Եւրոպական Միութեան եւ եւրոպական երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ: Ինչպէս եւ կանխատեսւում էր, ստորագրուեց մուտքի արտօնագրային ռեժիմի դիւրացման մասին համաձայնագիրը, յաջողութեամբ ընթանում են Ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գօտու ստեղծման շուրջ բանակցութիւնները:
«Զգալիօրէն ընդլայնուել է մեր բարեկամական կապերի աշխարահագրութիւնը՝ ասիական, լատինամերիկեան, աֆրիկեան ուղղութիւններով:
«Մենք ուշադրութեան կենտրոնում ենք պահել զարգացումները արաբական աշխարհում, մեր ջանքներն ուղղուած են եղել սիրիահայութեան անվտանգութեան ապահովմանը եւ առաջացող խնդիրների լուծմանը:
«Չնայած տարին ընտրական էր, բայց արտաքին քաղաքական օրակարագը բաւականին յագեցած էր՝ նաեւ բարձրաստիճան փոխայցելութիւնների իմաստով: Կը ցանկայի նշել, որ հարիւրից աւել միջազգային պայմանագրեր եւ համաձայնագրեր են ստորագրուել:
«Գալիք տարին ոչ պակաս ակտիւ է լինելու, Հայաստանը նախագահելու է Եւրոպայի խորհրդում եւ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում, մեր գործունէութիւնն ուղղուած է լինելու միջազգային ասպարէզում երկարաժամկէտ հաստատուն արդիւնքների ապահովմանը»: