
Զրոյցը Վարեց՝
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ, «Սոցինտերն» կազմակերպութեան փոխնախագահ Մարիա Թիթիզեանի հետ մեր հարցազրոյցը սկսուեց նախագահի պաշտօնում կանանց առաջադրուելու հաւանականութեան մասին իմ հարցից: Պատասխանեց, որ երբ նոր էր եկել Հայաստան, ասում էր, որ ո՛վ առաջադրուեց կին նախագահի թեկնածու, անկախ կուսակցական հայեացքներից, նրան կ՛ընտրի՝ հաւատով, որ փոփոխութիւն կը բերի… սակայն չգիտի, թէ այսօր նախագահական ընտրութիւններին առաջադրուելու ցանկութիւն յայտնած կանայք որքա՛ն փորձ ունեն…
ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶԵԱՆ.- Այսօր էլ վստահ եմ, եթէ կին գայ, շատ բան կը փոխուի: Ուզում եմ հաւատալ, որ կինը նոյնքան կոռումպացուած չէ, որքան տղամարդը: Կինն աւելի շատ պատրաստ է համագործակցելու, քան կամայական որոշում կայացնելու: Կինը միշտ խոհուրդ է հարցնում, առաւել դեմոկրատ է: Ուզում եմ հաւատալ, որ մենք այս մակարդակին հասել ենք, բայց չեմ պատկերացնում, որ այսօր կինը, որ բազմաթիւ ոլորտներում ճնշուած է ու կազմում է փոքրամասնութիւն, կարող է երկիր ղեկավարել: Բացի այդ, դեռ չեմ տեսնում այն կնոջը, ով, իրօ՛ք, արժանի է իր գիտելիքներով եւ կեանքի փորձով առաջադրուել նախագահի թեկնածու:
«Քանակը պէտք է որակ բերի…»
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Փորձ ձեռք բերելու իմաստով՝ նա յատկապէս կարեւորում է խորհրդարանական ընտրութիւնները: Անդրադառնալով Մայիսին կայացած ընտրութիւններին՝ նա խոստովանում է, որ դրանց հետ կապուած մեծ յոյսեր ունէր եւ վստահ էր, որ դրանց արդիւնքում կանանց թիւը խորհրդարանում կ՛աւելանայ:
ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶԵԱՆ.- Հայաստանը գնում է դէպի ժաղովրդավարութիւն, եւ մենք չենք կարող երազել ժողովրդավարութեան մասին, եթէ ազգաբնակչութեան կէսը մասնակից չէ այդ գործընթացին… Հայաստանում կան բազմաթիւ խելացի կանայք, ովքեր պէտք է յայտնուէին խորհրդարանում: Ցաւօք, այս պարագայում, յոյսերս չարդարացան: Թէպէտ այս ընտրութիւնների արդիւնքում կանանց թիւը խորհրդարանում աւելի շատ է, սակայն այդ ցուցանիշը գոհացուցիչ չէ: Աշխարհում արդէն իսկ հասել են նրան, որ խորհրդարաններում կանանց թիւը միջինում գերազանցում է քսան տոկոսը, իսկ մեզ մօտ հազիւ դրա կէսն է: Եթէ ուսումնասիրենք այն երկրների օրինակները, որտեղ կանանց ներկայութիւնը պատշաճ ձեւով ապահովուած է, ապա կը տեսնենք, որ սոցիալական վիճակը առաւել բարձր է, ժողովուրդը բարեկեցիկ պայմաններում է ապրում: Կինը պահանջում է արդարութիւն. նա որպէս մայր է մօտենում խնդիրներին: Կնոջ իւրայատուկ մօտեցումն ու անհանգստութիւնը տարբերւում է տղամարդու վերաբերմունքից: Հէնց դա՛ է պատճառը, որ մենք իրար ամբողջացնում ենք:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Այս պարագայում, «քոտա»ւորումը, ըստ տիկին Թիթիզեանի՝ միակ փրկութիւնն է: Միաժամանակ նա շեշտում է, որ քոտան ժամանակաւոր միջոց է: Բացի այդ, այն միայն քանակ ապահովելու քայլ չի կարելի դիտարկել: Նրա խօսքերով՝ քանակը պէտք է որակ բերի, ինչը, ցաւօ՛ք, ներկայիս խորհրդարանում դեռեւս չի նկատւում: Ուսումնասիրելով ներկայիս Ազգային ժողովի պատկերը՝ նա յանգել է եզրակացութեան, որ այսօր խորհրդարանում կան կանայք, ովքեր, կարծես, եկել են միայն ներկայութիւն ապահովելու համար:
ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶԵԱՆ.- Ես կը ցանկանայի տեսնել այնպիսի կանանց, ովքեր կը կարողանային ազդել օրէնսդրութեան վրայ եւ նախաձեռնողական վարք ցուցաբերէին օրէնքների նախագծերի մշակման հարցում: Լարիս Ալաւերդեանը, Անահիտ Բախշեանն ու Լիլիթ Գալստեանը, ցաւօ՛ք, չկան. Զարուհի Փոստանջեանը լռութեան մէջ է, Էլինար Վարդանեանն է խոստումնալից, Նաիրա Զոհրաբեանի տեսակն անհրաժեշտ է մեր խորհրդարանին…
Ես չեմ ուզում շատ խիստ լինել կանանց հանդէպ, շատերն անփորձ են եւ առաջին անգամ են յայտնւում խորհրդարանում, ու երեւի ժամանակ է հարկաւոր, որ նրանք կողմնորոշուեն: Դրա հետ մէկտեղ, եթէ համեմատենք խորհրդարանում կին պատգամաւորներին եւ տղամարդ, ապա պարզ կը դառնայ, որ անգամ ամենաթոյլ կին պատգամաւորը, շատ բարձր է մի քանի տասնեակ տղամարդ պատգամաւորներից: Խորհրդարանի իննսուն տոկոսը տղամարդ է, սակայն նրանց մեծ մասը գործարար ու օլիգարխ են: Քանի՞ տոկոսն է սրա կամ նրա աներձագն ու փեսան: Երբ մենք սթափ հայեացքով ուսումնասիրում ենք պատկերը, ապա յանգում ենք եզրակացութեան, որ կանայք աւելի բարձր են…
«Կանանց եւ տղամարդկանց չափանիշներն են տարբեր…»
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Իսկ թէ ինչո՞ւ կանայք չընդգրկուեցին խորհրդարանում առաւել մեծ քանակութեամբ՝ դրանում Մ. Թիթիզեանը մեղաւոր համարում է կուսակցութիւններին: Նրա գնահատմամբ՝ ընտրարշաւներին կանայք ամենաշատն են աշխատել:
ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶԵԱՆ.- Կնոջ մեղաւորութիւնն այն է, որ կինը յաճախ չի ցանկանում առճակատման գնալ՝ հասկանալով, որ քաղաքական դաշտը շատ կոպիտ է, վայրենի: Խաղի կանոնները տղամարդն է պարտադարում, եւ կնոջ համար շատ դժուար է լինում յարմարուել դրանց: Գործում է երկակի ստանդարտ (չափանիշ), որը շատ խիստ է կնոջ համար: Իսկ եթէ հասարակութիւնն էլ չի աջակցում, ապա կինը շատ հեշտութեամբ կարող է նահանջ ապրել:
ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խորհրդարանում միակ կուսակցութիւնն է, որի կազմում կանայք չկան ընդգրկուած…
ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶԵԱՆ.- Ինձ համար, անշո՛ւշտ, մտահոգիչ է, որ այսօր մեր կուսակցութիւնում կին պատգամաւոր ընդգրկուած չէ. ի հարկէ, ես կը ցանկանայի Լիլիթի, Ռուզանի նման պատգամաւորներ ունենալ, բայց այս անգամ այդպէ՛ս դասաւորուեց. ես դա չեմ համարում ողբերգութիւն, քանի որ կանայք մեր կուսակցութիւնում միշտ ակտիւ են եղել…: Կանանց համար շատ բարդ է քաղաքական դաշտ մտնելը: Կանանց եւ տղամարդկանց չափանիշներն են տարբեր: Կինը պէտք է հարիւր անգամ աւելի շատ աշխատի, որպէսզի կարողանայ հասնել այն պաշտօնին, որ տղամարդը կարող է հասնել՝ առանց որեւէ ջանք թափելու: