ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ծառայում եմ հայրենիքիս» խօսքերով, Միացեալ Նահանգներում բնակուող հայ վետերաններն ընդունեցին Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան կողմէ իրենց շնորհուած պարգեւները: «Հայաստանի զինուած ուժերի 20 տարի յոբելեանական մեդալ» անուանական ժամացոյցներ ԱՄՆ Հայ վետերանների միութեան յիսուն անդամներին՝ Համաշխարհային Բ. պատերազմի մասնակիցների, Արցախեան ազատամարտիկների, ամերիկեան ռազմուժի հայ վետերանների, յանձնեց միութեան նախագահ Վիգէն Ղազարեանը, ընթերցելով ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի ուղերձը: Յանուն հայրենիքի պայքարած հայազգի վետերանները մեծ յուզմունքով էին կրում Հայաստանից ստացուած պարգեւը, որ վկայութիւնն էր, որ «ոչ ոք չի մոռացւում, ոչինչ չի մոռացւում»:
Վետերաններն էլ իրենց հերթին վստահեցրին, որ միշտ պատրաստ են դիմակայելու հայրենիքին ուղղուած իւրաքանչիւր սպառնալիքի: «Այս մեդալը նշանակում է, որ հայրենիքը միշտ յիշում է մեզ, ինչը նաեւ պարտաւորեցնող է: Աստուած մի արասցէ, եթէ պատերազմ վերսկսուի կամ անհրաժեշտ լինի մեր աջակցութիւնը՝ մենք միշտ այնտեղ կը լինենք», նշեց Երասխաւանի, Շուշիի կռիւներին մասնակցած Սերժիկ Արոյեանը:
«Արցախեան ազատամարտիկների միջոցով մեր միութիւնը վերակենդանացաւ: Այսօր մենք մի ուժ ենք, որ օրէցօր համալրւում է նոր անդամներով, որ նաեւ նշան է մեր թշնամիներին, որ մենք կանգնած ենք մեր հայրենիքի կողքին», հաւաստիացրեց Համաշխարհային Բ. պատերազմի վետերան Վլադիմիր Կարապետեանը, ով հայ վետերաններին համախմբելու եւ անցեալի դասերը սերունդներին փոխանցելու նպատակով՝ 1995ին հիմնադրել էր ԱՄՆ Հայ վետերանների միութիւնը:
Հայաստանի անկախութեանն ու Զինուած ուժերի կազմաւորման քսանամեակին էր նուիրուած ԱՄՆ Հայ վետերանների միութեան Լոս Անջելեսում Հոկտեմբերի 7ի կազմակերպուած ձեռնարկը, որ նաեւ լաւագոյն առիթն էր տօնական մթնոլորտում համախմբելու հայ տարբեր սերնդի վետերանների, համայնքի հասարակական-քաղաքական գործիչների: Միջոցառման ողջ ընթացքում հնչում էին ազգային-հայրենասիրական երգեր՝ օրուան փոխանցելով այն յաղթական ոգին, որ հայ զինուորի յաղթանակի գրաւականն է:
«Փառք ու պատիւ ՀՀ պաշտպանութեան նախարարութեանն՝ ի դէմս նախարար Սէյրան Օհանեանի, մեզ ուղարկուած պարգեւների՝ յիսուն մեդալի եւ ութ անուանական ժամացոյցների համար: Այսօրուայ միջոցառումը շատ մեծ նշանակութիւն ունի ոչ միայն մեր կազմակերպութեան անդամների, այլ նաեւ ողջ Ամերիկայում բնակուող բոլոր վետերանների համար, ովքեր տեղեկանալով այս իրադարձութեան մասին՝ կը միանան մեզ՝ ընդարձակելով մեր շարքերը: Մեր նպատակն է ունենալ փորձառու վետերանների մի բանակ, որ հարկ եղած դէպքում նաեւ կը պայքարի հայրենիքի համար», նշում է ԱՄՆի Հայ վետերանների միութեան ներկայ նախագահ Վիգէն Ղազարեանը:
2011ին, միութիւնը Վիգէն Ղազարեանի ու համակիրների ջանքերով վերագրանցուել է, եւ ներգրաւել մեծ թիւով վետերանների: Ներկայում, միութեան հիմնական նպատակներից է համախմբել ոչ միայն հայ վետերանների, այլ նաեւ հայ երիտասարդների, ովքեր կազմակերպութեան շրջանակներում կը ներշնչուեն հայրենասիրական ոգով ու կը զբաղուեն ազգանուէր գործունէութեամբ: Միութան ծրագրերից է նաեւ Հայաստանում կարիքաւոր ազատամարտիկներին ու զոհուածների ընտանիքներին աջակցութիւնը: Այս առիթով, կազմակերպութիւնը հաւաքագրում է անհրաժեշտ իրեր՝ հաշմանդամի սայլակներ, համակարգիչներ, հագուստ…: Միութեան նախաձեռնութիւնները իրականութիւն են դառնում նաեւ բարերարների շնորհիւ, ովքեր նոյնպէս արժանացան ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պարգեւներին: