ԼԵՒՈՆ ՍԱՐԳՍԵԱՆ
Հայաստանում նախագահական իւրաքանչիւր ընտրութիւնից յետոյ տարբեր երկրների ղեկավարներից եկող շնորհաւորանքների հեղեղում մեր նորընտրեալ նախագահները սովորաբար սրտի թրթիռով սպասում են ԱՄՆ նախագահի շնորհաւորանքին: Վերջինիս արժանանալը նախ նշանակում է, որ աշխարհի գերհզօր երկիրն ընդունում է կատարուած ընտրութեան օրինականութիւնը, որից բնականօրէն բխում ու ենթադրւում են բազում առաւելութիւններ եւ շնորհներ միջազգային զանազան ասպարէզներում ու հարթակներում: ԱՄՆ նախագահի շնորհաւորանքը նաեւ երկրում ժողովրդավարութեան վիճակի իւրատեսակ արժեւորում է՝ աշխարհին ի լուր, որի պարագայում նոյնպէս կանաչ լոյս է վառւում մեր պետութեան առջեւ միջազգային այլազան կառոյցներից օժանդակութիւններ եւ աջակցութիւններ ստանալու ճանապարհին:
Բայց արդեօ՞ք մեր իշխանութիւնները միշտ են հետեւողական աշխարհի գերհզօր երկրի պաշտօնական տեսակէտները գնահատելու ու նաեւ դրանցով առաջնորդուելու առումով, արդեօ՞ք որեւէ նշանակալից հարցի նկատմամբ ԱՄՆ դեսպանի կարծիքն ու մօտեցումը, որ ինքնաբերաբար նաեւ ԱՄՆ նախագահի կարծիքն է ու մօտեցումը, մերոնք համանման կերպով արժեւորում ու հաշուի են առնում: Դժուար է միանշանակ ասել՝ այո:
Ահաւասիկ, Հայաստանում ԱՄՆ դեսպան æոն Հեֆերնը Հոկտեմբերի 10ին տարածել է մի տեսաուղերձ, որում իր երկրի մտահոգութիւններն է արտայայտել ՀՀ ԱԺ պատգամաւոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի «գործի» առնչութեամբ: Եւ որքան էլ մեր իշխանութիւնը համարի, թէ դա ընդամէնը կարծիք է, միեւնոյն է, անդրադարձի փաստն իսկ, էլ չասած՝ ուղղակի ձեւակերպուած մտահոգութիւնները մեր երկրում ժողովրդավարութեան վիճակի մասին, դառնում են նաեւ գնահատական Օսկանեանի գործի վերաբերմամբ:
Եւ գնահատականը, խոստովանենք, «բարձրէ չէ» քանի որ դեսպանը Վ. Օսկանեանին պաշտօնապէս մեղադրանք առաջադրելու կապակցութեամբ ուղղակի նշում է. «Այս զարգացումն, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատութեան ու ժողովրդավարութեան տեսանկիւնից»: Աւելի պարզ, անշուշտ, որեւէ դիւանագէտ չէր արտայայտուի, որովհետեւ դեսպանի խօսքից միանշանակ է, որ նրա ըմբռնմամբ՝ Օսկանեանի հետ տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի ո՛չ արդարադատութեան, ո՛չ էլ ժողովրդավարութեան հետ: Աւելին՝ դա պարզ ակնարկ է առ այն, որ Օսկանեանը քաղաքական հաշուեյարդարի զոհ է դառնում, ինչն անընդունելի է:
Դեսպանը նոյնիսկ կոչ է անում Հայաստանի իշխանութիւններին՝ «կատարել իրենց յանձնառութիւնները՝ համակարգուած, արդարացի ու թափանցիկ կերպով օրէնքի գերակայութիւնը ապահովելու հարցում»: Դժուար է ասել՝ այսքանից յետոյ իշխանական-ՀՀԿական գործիչները՝ Արտակ Դաւթեանից սկսած մինչեւ Գալուստ Սահակեան ու Էդուարդ Շարմազանով, մինչեւ Յովիկ Աբրահամեան, դեռ կը շարունակե՞ն պնդել, որ Օսկանեանի հետ կատարուածում քաղաքական որեւէ ենթատեքստ չկայ եւ փնտռել պէտք չէ, կը շարունակե՞ն «ապացուցել», որ դա սոսկ իրաւական գործընթաց է: Եթէ կը շարունակեն, ուրեմն զարմանալի կը լինի, եթէ ՀՀ նախագահի նոր ընտրութիւնից յետոյ, որի արդիւնքը հէնց Օսկանեանի «գործի» փաստով իսկ նախորոշուած է, վերստին մնան ԱՄՆ նախագահի շնորհաւորանքին կարօտակէզ սպասելիս: Քանզի արդէն քամահրած կը լինեն հէնց նոյն նախագահի խօսքը՝ հնչած դեսպանի շուրթերով:
«Երկիր»