
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը Չորեքշաբթի, 5 Սեպտեմբերին- 96 կողմ, մէկ դէմ ձայներով հաստատեց յայտարարութիւն մը, ուր կ՛ըսուի.
– Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի սպայ Գուրգէն Մարգարեանին՝ 2004 թուականի Փետրուարի 19ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպայ Ռամիլ Սահիբ Սաֆարովի կողմից կատարուած դաժան ու անմարդկային յանցագործութեանը,
– Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարութիւնը՝ որպէս ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգութիւնը իր տարածքում կազմակերպուած միջազգային միջոցառմանը, – Արձանագրելով, որ հայ սպայի սպանութիւնը եւ այն կատարած յանցագործը Ադրբեջանի իշխանութիւնների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացւում եւ հերոսացւում էր, ուստի եւ որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրաւասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրէնսդրութեամբ ցմահ ազատազրկման դատապարտուած յանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատութիւն շնորհել եւ ստեղծել նախադէպ հայերի դէմ էթնիկ հողի վրայ կատարուած յանցագործութիւնները խրախուսելու համար,
– Փաստելով, որ Ադրբեջան վերադարձուած յանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպէս նաեւ կոչումների ու տարատեսակ պարգեւների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսեւորում է միջազգային հանրութեան նկատմամբ,

– Համարելով, որ այս յանցագործութիւնը հետեւանք է ադրբեջանական իշխանութիւների կողմից պարբերաբար քարոզուող այլատեացութեան քաղաքականութեան, իսկ յանցագործին ներում շնորհելով Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական իշխանութիւնները ստանձնում են նրա յանցանքի համար պատասխանատուութիւնը,
– Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը որպէս 1983 թուականի Ստրասբուրգի «Դատապարտեալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների համընդհանուր սկզբունքների եւ նորմերի ոգուն հակասող գործողութիւն.
Ազգային ժողովը յայտարարում է, որ
1. Հունգարիայի իշխանութիւնը նոյնպէս կրում է կատարուածի համար պատասխանատուութիւնը,հետեւաբար ՀՀ ԱԺն դատապարտում է Հունգարիայի իշխանութիւնների դրսեւորած վարքագիծը եւ խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտօնական յարաբերութիւնները:
2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգութիւնը եւ էլ աւելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի եւ ատելութեան մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրաւական փաստաթղթերով երաշխաւորուած մարդու իրաւունքները, կրկին ի ցոյց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացը վիժեցնելու եւ դրանում միջազգային հանրութեան, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականութիւնը:
3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդէպ արմատաւորուած ատելութեան մթնոլորտը վերահաստատում է այն իրողութիւնը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
4. Յորդորում է ժողովրդավարական արժէքներով առաջնորդուող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջեւ 2012թ Օգոստոսի 31ին իրականացուած գործարքը:
5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպութիւնների համարժէք արձագանքը եւ համապատասխան յստակ գործողութիւնները: