
ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

Գլենդեյլի «AnZoh» ցուցասրահը կազմակերպում է իր երկրորդ ցուցադրութիւնը: Սեպտեմբերի 7ին Յակոբ Վարդանեանի աշխատանքները սպասում են այցելուներին:
Նոր ցուցասրահը՝ հիմնադիր Զոհրաբ Քեմքեմեանի համար վերադարձ է դէպի արուեստ: Ինքն էլ արուեստագէտ է, ժամանակին՝ 1969 թուականին, Մոնթրէալում, ապա Վանկուվըրում ունեցել է արուեստի ցուցասրահներ: Լոս Անջելես տեղափոխուելով զբաղուել է իր մասնագիտութեամբ. ճարտարագէտ է: Նկարել է միշտ: Այժմ նրա ցանկութիւնն է զբաղուել միայն արուեստով եւ խրախուսել կայացման ճանապարհ անցնող եւ արդէն արուեստի ուղղութիւն նախանշող արուեստագէտներին: Ցուցասրահում կը ներկայացուեն տարբեր ազգութեան նկարիչներ:
«Ճիշդ չէ, որ ցուցասրահը կենտրոնանայ եւ ցուցադրի համաշխարհային արուեստի մի մասը միայն՝ հայկականը: Ուշադրութեան է արժանի այն ամէնն՝ ինչ արուեստ է պարունակում, որն արմատներ ունի եւ ձգտում է դէպի ապագայ: Իմ նպատակն է լաւ արուեստ ներկայացնել եւ ստեղծել հաճելի միջավայր մարդկանց համար: Նրանք պէտք է տարբեր արուեստ տեսնեն, ոչ շարքային: Մեր նպատակը կտաւ վաճառելը չէ, մենք պէտք է ցոյց տանք, ուր է գնում արուեստը, նպաստենք ու զարգացնենք այն: Ձգտելու ենք ինքնատիպ լինել՝ այսինքն մենք մեզ ենք մարտահրաւէր նետելու, ընտրում ենք դժուար ճանապարհը», ասում է Զոհրաբ Քեմքեմեանը:
Զոհրաբ Քեմքեմեանը չի շտապում շահոյթ ապահովել: «Ցուցասրահը կարիք ունի այցելուների, ովքեր հաճելի ժամանակ կ՛ունենան եւ գոհ կը լինեն: Եթէ նկարների վաճառքն էլ չիրականանայ, դա չի խանգարելու մեր աշխատանքին, կարեւորը, որ այցելուներ եւ համակիրներ ունենանք՝ ուրեմն յաջողել ենք: Մենք կենտրոնանալու ենք լաւագոյն արուեստ ներկայացնելու վրայ, իսկ ապագան արդէն կ՛որոշի գործնականօրէն յաջողել ենք, թէ ոչ» հաւատացած է նա:
Նախորդ՝ առաջին ցուցադրութեամբ, «AnZoh»ն ներկայացրել էր տարբեր ազգութիւնների տասնհինգ արուեստագէտների՝ նաեւ հայերի: Ժամանակակից արուեստի տարբեր շերտերով միաւորուած արուեստագէտների աշխատանքներում մի ընդհանուր փոխկապակցուածութիւն եւ հաւասարակշռութիւն կար: Ուրեմն այդ ցուցադրութեամբ գեղանկարչութեան մէջ մի ընդհանրութիւն էր գտնուած, որն արդէն արդի արուեստի ուղղութիւն է նախանշում:
Երկրորդ ցուցադրութիւնը անհատական է՝ նուիրուած է Յակոբ Վարդանեանին: Այս նկարիչը արդէն համաշխարհային ճանաչում ունի. բնակուել է եւ ուսանել Կիպրոսում, Երեւանում, Փարիզում: Ցուցադրուել Փարիզի լաւագոյն

ցուցասրահներում: Յակոբ Վարդանեանը կրթութեամբ ճարտարապետ է: «Ճարտարապետական կրթութիւնը ինձ օգնեց, որ կոմպոզիցիան աւելի լաւ հասկանամ», ասում է նա: «Երբ արուեստը Ֆրանսիայից անցաւ Միացեալ Նահանգներ, կոմպոզիցիոն լուծումները թուլացան, դարձան առաւել հախուռն ու ինքնաբուխ: Ես կուռ կոմպոզիցիայի եմ ձգտում: Որչափ էլ ազատ նկարես, նախ նկարը պէտք է աչքին համոզի»:
Երեւի հէնց դա է պատճառը, որ Յակոբ Վարդանեանի նկարները ստիպում են, որ դիտողը կենտրոնանայ: Դիտողի ուշադրութիւնն են գրաւում նկարի գոյները, դրանց ներդաշնակութիւնը, գծերը, կորութիւններն ու թեքութիւնները, ներքին խնդիրներն ու յոյզերը: Գծին անդրադառնալով Յակոբ Վարդանեանը լինելով արդի արուեստի ներկայացուցիչ՝ իրեն իրապաշտ է համարում, քանի որ նկարչութեան մէջ հիմնականը գիծն է, իսկ դա չի կարող իրական չլինել: «Գիծը այս աշխարհից է, այս աշխարհից դուրս արուեստագէտը ոչինչ չի կարող անել: Նկարում ես այն ինչ տեսնում ես ու զգում, աբստրակտ կամ օբյեկտիւ ճանապարհով: Պարզապէս արուեստը հոգեկան խնդիրների հետ է առնչւում», ասում է նա:
Յակոբ Վարդանեանի անհատական ցուցահանդէսի բացումը «AnZoh» ցուցասրահում տեղի կ՛ունենայ Սեպտեմբերի 7ին, երեկոյեան ժամը 7-10: Ցուցադրութիւնը կը շարունակուի մինչեւ Սեպտեմբերի 22ը: