ԿԼԵՆՏԷՅԼ.- «Շամլեան» ազգային վարժարանը ուրախութեամբ յայտնում է, որ քայլ պահելով արհեստագիտական աշխարհի զարգացումների հետ՝ գնել է յաւելեալ թիւով համակարգչային գրատախտակներ (Smartboard) եւ փաստանիւթերի լուսանկարչական թուայնացուած սարքեր (Document Camera), որոնք մեծապէս նպաստելու են վարժարանի ուսումնակրթական ծրագրերի արդիականացմանն ու զարգացմանը: Նոր գնուած սարքերը օգտագործուելու են տարրական բաժանմունքում հայերէն առարկաներ դասաւանդող եւ դաստիարակ ուսուցիչների կողմից:
Ձեռքի հպումով աշխատող համակարգչային գրատախտակների լուսապաստառները, օժտուած լինելով համացանցային եւ համակարգչային լայն հնարաւորութիւններով՝ հոյակապ միջոց են հանդիսանում, որպէսզի ուսուցիչները կարողանան լաւապէս ապահովել աշակերտների մասնակցութիւնն ու ներգրաւումը ուսուցման գործընթացում: Նոյնպէս ուսուցման կարեւոր միջոցներ են համարւում փաստանիւթերի լուսանկարչական թուայնացուած սարքերը, որոնք օժտուած լինելով պատկերների խոշորացման յարմարանքներով՝ կարողանում են աշակերտների ուշադրութիւնը առաւել չափով սեւեռել դասաւանդուող նիւթերի վրայ:
Վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեանը, մեծապէս կարեւորելով արհեստագիտական հնարաւորութիւնների լայն օգտագործումը ուսումնակրթական գործընթացում, ընդգծում է նաեւ, որ պէտք է մշտապէս նկատի ունենալ, որ արհեստագիտութիւնը սոսկ միջոց է, այլ ոչ թէ վերջնանպատակ, եւ որ ոչինչ չի կարող փոխարինել լաւ ուսուցչին՝ դասարանում:
(Թղթակցութիւնը՝ վարժարանէն)