Յարգելի «Ասպարէզ»ի Խմբագրութիւն,

Խորհրդային Ուկրայնիայի ամէնից մեծ քաղաք Օդեսայում ապրում էին մօտ տաս հազար հայութիւն, որի 90 տոկոսը՝ Եղեռնից մազապուրծ վերապրող մշեցիներ: Տեղի հայութիւնը ունէր ակումբ եւ միջնակարգ հայկական դպրոց: Բոլոր առարկաները դասաւանդւում էին հայերէն. նաեւ ամէն օր՝ մէկական ժամ ռուսերէն եւ ուկրայներէն: Դպրոցը յաճախում էին մօտ չորս հարիւր երկսեռ աշակերտ: Ուսուցչական կազմը շատ ուժեղ էր եւ լաւ պատրաստուած: Կարգապահութիւնը խիստ էր: Միջանցքում, պատի վրայ կար երկու գոյնի գրատախտակ՝ սեւ եւ կարմիր: Կարմիրի վրայ գրւում էին օրինակելի եւ լաւ սովորողների անունները՝ որպէս քաջալերանք: Իսկ սեւ գրատախտակի վրայ գրւում էին չար եւ վատ սովորողների անունները եւ կախակայւում էին, որը վատ երեւոյթ էր:
1936 թիւն էր: Մեր դպրոցի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցիչն էր ընկեր Պաղտասարեան: Շատ կիրթ, ազգասէր եւ զարգացած մտաւորական եւ պրոֆեսորի կոչում ունէր: Նա նաեւ դասաւանդում էր տեղի յայտնի համալսարանում՝ ռուսերէն լեզու եւ գրականութիւն: Մինչեւ խորհրդային կարգերը խմբագիրն էր ռուսալեզու «Արմյանսկի Վեստնիկ» ամսաթերթի, որը անբողջ Ռուսաստանի տարածքում ցրւում էր: Նրա առաքելութիւնն էր օտարներին ծանօթացնել հայ ժողովրդի անցեալը եւ ներկան, ու նաեւ պահանջատիրութիւնը Թուրքիայից: Քանակը մօտ հինգ հազար էր ու արժէքը մատչելի: Նաեւ հայերից շատ սիրուած էր: Իմիջիայլոց, ամսաթերթի անունը «Հայ Լրաբեր» էր:
Ամիսը մէկ անգամ նա մէկ աշակերտից պահանջում էր իրենց նախասիրած ոտանաւորը արտասանել: Այն պարտադիր էր բոլորի համար: Բոլոր ելոյթ ունեցող աշակերտների ոտանաւորները խորհրդահայ բանաստեղծներից էր: Երբ հերթը ինձ հասաւ, ես ոգեւորութեամբ արտասանեցի Քամառ Գաթիպայի (Միքայէլ Պատկանեան) հետեւեալ ոտանաւորը. «Կու տամ քեզ պատիւ, կ՛ունենաս դուն յարգ ու կը դնեն քեզ ազնիւ մարդոց կարգ, թէ օրօրոցից մինչեւ գերեզման՝ ձգտումներդ լինեն մեծ՝ Միացեալ, Անկախ Հայաստան»:
Դասամիջոցին ընկեր Պաղտասարեանը ինձ գովեց, կամացուկ «խրատեց», որ դա վերջինը լինի, վասնզի «ազգայնական» է: Դպրոցի տեսչութիւնը իսկոյն անունս գրեց «սեւ» գրատախտակի վրայ եւ ինձ բանադրեց շատ խիստ, որպէս նացիոնալիստ-ազգայնական: Ծնողներս կանչելուց յետոյ, գնացել էին մեր տունը եւ զաֆթել էին բոլոր հայերէն գրքերը՝ Նալպանտեան, Րաֆֆի, Ռաֆայէլ Պատկանեան, Սիամանթօ եւ Վարուժան:
1938 թուին փակուեց մեր քաղաքի միակ հայկական դպրոցը: Ամբողջ հայ ուսուցչական կազմը բանտարկուեց եւ Սիպիր աքսորուեց:
Երկու տարի անց, սկսուեցին զանգուածային բանտարկութիւնները:
Հայրս էլ բանտարկեցին՝ ուղարկելով Սիպիր: Այնտեղ հայրս հանդիպել էր ընկեր Պաղտասարեանին ու նաեւ նիւթապէս եւ բարոյապէս իրեն շատ էր օգնել: Իմիջիայլոց, նաեւ նա հանդիպել էր դոկտոր Պաղտիկ Մինասեանին:
Տաս տարի աքսորավայրում անասելի տանջանքներից յետոյ, նա՝ քայքայուած առողջութեամբ, միացաւ մեզ Իրանում, պատերազմի օրերին, որպէսզի քաջալերի պետութեան եւ դրդի հայերին՝ զոհուելու: Նրանք սկսեցին մէջտեղ բերել բոլոր արգիլուած եւ զաֆթուած գրքերը, բայց մեր բռնագրաւուածները չվերադարձրին: Ամօ՛թ եւ անէ՛ծք նրանց:
Յարգանօք՝
Վարդան Տիգրան Մատթեւոսեան
Յ.Գ. Օդեսա քաղաքում կար մէկ միլիոն բնակիչ. կէսը հրեաներ էին, իսկ մնացածը՝ ուկրայնիացիներ, ռուսներ եւ մօտ քսան հազար յոյներ: Հայերը ճանաչուած էին որպէս խելացի, գործունեայ եւ լաւ համբաւով: Բոլորի կողմից յարգուած էին: Այնտեղ այդպիսի դարձուածք կար. «Հինգ յոյն եփեցին մի հրեայ դուրս եկաւ, հինգ հրեայ եփեցին՝ մի հայ դուրս եկաւ»:
Իմիջիայլոց, բոլորս մեր ընտանիքում ազգային ոգով տոգորուած էինք: Մենք երեք եղբայր էինք: Մեր տանը հայրս մի պատգամ էր զետեղել՝ «տանը խօսել միայն հայերէն»: Մենք ամէն տարի տօնում-նշում էինք մեր ազգային տօները՝ Վարդանանցը, Մայիս 28ը, Խանասորի արշաւանքը՝ երգերով եւ ոտանաւորներով: