Իւրաքանչիւր ամսուայ երկրորդ շաբաթը Երուանդ Պապայեան հիմնարկը նուիրել է «Ազգանուիրում» երիտասարդական ուսումնա-դաստիարակչական հաւաքներին: Մի քանի տարիներ է որ մամուլը անդրադառնում է այս շարժմանը եւ տեղեկացնում է մեզ հայ նոր սերնդի համար կատարուող օգտաշատ աշխատանքների մասին: Շաբաթ, Յունիս 9, 2012ին տեղի պիտի ունենար հիմնարկութեան հերթական համախմբումը՝ Փասատինայի ՀԲԸ Միութեան «Պոյաճեան» սրահում: Բացի օրակարգի ծրագրից, կար նաեւ դասախօսութիւն՝ հայկական դաշնամուրային երաժշտութեան մասին, եւ երաժշտական ունկնդրում՝ պատանի դաշնակահարների մասնակցութեամբ: Օրուայ հիւրերն էին Կարինէ Տէր Գէորգեանը եւ իր աշակերտները: Հիմնարկութեան կողմից ներկայացուեց օրուայ բանախօսը, որը եւ շարունակեց ծրագրի ընթացքը:
Դասախօսը տուեց հայ ժողովրդի պատմութեան համառօտ ակնարկը, հայկական երաժշտութեան սկզբնաւորման ընթացքը, ապա՝ շարունակեց. «… Պատմական դէպքերի ընթացքը հայ ժողովրդին տարածեց աշխարհի տարբեր անկիւններ, առաջացան գաղթօճախներ եւ նրա արտակարգ ցրուածութիւնը արտաքին ազդեցութիւնների ներթափանցման պայմաններ ստեղծեց արուեստների բնագաւառում: Եւ միայն Արեւելեան ու Արեւմտեան Հայաստանում էր, որ ժողովուրդը պահպանում էր իր մշակոյթը, այդ թւում՝ երաժշտական գանձեր:
«19րդ դարի կէսից, հայ երաժշտութեան պատմութեան մէջ բացւում է նոր էջ՝ դաշնամուրային երաժշտութիւն: Դաշնամուրային գրականութեան ուսումնասիրութեան ընթացքում պարզւում է, որ նրա զարգացումը Սփիւռքում աւելի վաղ է սկսւում, քան Արեւելահայաստանում: Դաշնամուրը՝ ժամանակակից ամենակատարեալ եւ ամենատարածուած ստեղնաշարային նուագարանը (առաջին անգամ երեւան է եկել 1709ին, Ֆլորենսիայում, «Կլաւեսին» անուամբ), շնորհիւ իր մեծ հնարաւորութիւններին դարձել է այն գործիքը, որից օգտւում են ոչ միայն դաշնակահարները, այլեւ՝ անխտիր բոլոր արհեստավարժ երաժիշտները:
Հայկական դաշնամուրային երաժշտութիւնը կարելի է բաժանել երեք ժամանակաշրջանների՝ մինչ խորհրդային, խորհրդային, եւ անկախ Հայաստանի երաժշտութիւն, առաւել՝ Սփիւռքում ստեղծուած դաշնամուրային գործեր»:
Այս հիմնական բաժանումներից ելնելով՝ Կ. Տէր Գէորգեանը տալիս է երգահանների եւ նրանց ստեղծագործութիւնների օրինակները, նշում է ուշագրաւ մանրամասնութիւններ՝ երաժշտական աշխարհից:
Այնուհետեւ հայկական դաշնամուրային ծրագրով ելոյթ են ունենում 7-16 տարեկան պատանի դաշնակահարները. անոնք են (ելոյթի հերթականութեամբ)՝ Սէրայտարեան Սաթիկ, Տէմիրճեան Լորի, Այնթէպեան Սարնել, Անդիկեան Ալեքս, Մայտեսեան Մայքըլ, Մալաքեան Ալիք, Տէր Պետրոսեան Փիթըր, Այնթէպեան Սեւակ, Տէր Պետրոսեան Նանօր, Օղլեան Նորա, Սաֆարեանց Գեւիկ:
Ծրագրի սկզբում բաժանուած էին դասախօսի պատրաստած հարցաթերթիկներ, որոնք պիտի լրացուէին ունկնդիրների կողմից՝ աւելի զգաստ լսելու միտումով: Հարցերը (հայերէն եւ անգլերէն լեզուներով) հետեւեալներն էին.
1. Դու պիտի լսես հայ ժողովրդի պատմութեան համառօտ ակնարկը: Կարո՞ղ ես նշել յիշուած դէպքերից որեւէ մէկի անունը եւ ժամանակաշրջանը:
2. Թուիր հայկական դաշնամուրային երաժշտութիւն ստեղծած կոմպոզիտորներ (յօրինողներ-Խմբ.)՝ որքա՛ն կարող ես:
3. Դաշնամուրային գործերում արդեօք նկատեցի՞ր ծանօթ հայկական եղանակներ: Եթէ այո՝ նշիր անունները:
4. Դասախօսութեան եւ երաժշտական կատարումների ունկնդրումից յետոյ, հաճիս տուր քո կարծիքը հայկական դաշնամուրային երաժշտութեան եւ նրա յատկանշական կողմերի մասին:
5. Ի՞նչ դեր է կատարում երաժշտութիւնն ընդհանրապէս քո կեանքում՝ լսել, նուագել, յաճախել համերգների եւ այլն:
6. Երաժշտական ծրագրերի ինչպիսի՞ վերնագրեր եւ մտքեր կարող ես մտածել եւ առաջարկել:
Այս մասը կարող էր աւելի գոհացուցիչ արդիւնք տալ, եթէ ժամանակը տրամադրուած լինէր միայն երաժշտական բաժնին: Այն ունեցաւ նորարարութեան եւ ընդհանուր զարգացման իմաստ, եւ ապա՝ շարունակուեց «Ազգանուիրում» հաւաքի յաջորդ բաժինը:
Ասմունքով հանդէս եկան Լիզա Մանոյեանի աշակերտուհիները՝ Սարին Բամբալեան, Գարոլին Մարտուրեան, Լոռի Սէօլէմեզեան: Սեւան Տէր Պետրոսեանը ներկաներին բաժանեց հօր մասին ասոյթներով թերթիկներ՝ մօտակայ Հայրերի Օրուայ կապակցութեամբ:
«Ազգանուիրում» ծրագրի հանդիպումների ընթացքում ներկայացւում են օրինակելի եւ խոստումնալից աշակերտներ: Այս անգամուայ համար ընտրուած էր Արի Գազանճեանը, որին բեմ հրաւիրեց հիմնարկութեան ղեկավար դոկտոր Սիլվա Գարայեանը: Բազմաթիւ լուսանկարներ պատմութեան յանձնեցին հաւաքի անցուդարձը եւ ներկաներին:
ՀԲԸՄի Երուանդ Պապայեան մանկավարժական հիմնարկի «Ազգանուիրում» ծրագիրը ազգային ինքնութեան եւ նկարագրի կերտման ծրագիր է՝ պատրաստելու համար մեր ապագայի գիտակից եւ իրենց հայութեամբ հպարտ ղեկավար երիտասարդներ:
(Թղթակցութիւնը՝ Հիմնարկութիւնից)