ՄՈՍԿՈՒԱ, «ԹերԹ».- Անցեալ շաբաթուայ վերջում կայացաւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների հերթական փուլը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ: Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂ իշխանութիւնների հետ հանդիպումների արդիւնքում համանախագահները յայտարարեցին, որ հակամարտութիւն կարող է կարգաւորուել միայն խաղաղ ճանապարհով:
Բանակցութիւնների մասնակիցները կոչ արեցին հրաժարուել մաքսիմալիստական (առաւելագոյն պահանջներուն ձգտելու-Խմբ.) դիրքերից եւ հետեւել կրակի դադարեցման համաձայնագրին եւ հրաժարուել կոշտ հռետորիկայից (ճառախօսութիւններէն-Խմբ.):
Այս եւ այլ հարցերի մասին ռուսական «Կրասնայա Զվեզդա» պարբերականը զրուցել է Ղարաբաղեան կարգաւորման առաջին միջնորդական առաքելութեան ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հետ:
«ԿՐԱՍՆԱՅԱ ԶՎԵՍԴԱ».- Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում յաջողութիւններ գրանցուել են միայն 1990ականներին: Ինչո՞վ է բնութագրւում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ներկայիս փուլը:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ.- 2007թ.ի վերջից ընթանում է հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնք խաղաղ համաձայնագրի հիմք են դառնալու: Կողմերի սկզբունքային տարաձայնութիւնը հակամարտութեան գլխաւոր հարցն է: Բաքուն չի ցանկանում համաձայնել կարգավիճակի սահմանման նպատակով Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ազատ եւ իրաւաբանական ուժ ունեցող հանրաքուէի անցկացմանը, այն դէպքում, երբ միջնորդներն ու միջազգային հանրութիւնը հակամարտութիւնից դուրս գալու ելք տեսնում է հէնց դա:
Այդ տհաճ հարցը շրջանցելու համար ադրբեջանական կողմը բանակցութիւններն ու իր քարոզչութիւնը ծաւալում է ոչ թէ պատճառների վերացման վրայ, այլ միայն ռազմական բախման տհաճ հետեւանքների՝ գրաւուած տարածքներից հայերի դուրս գալու եւ տեղահանուած անձանց՝ այնտեղ վերադառնալու վրայ: Նախագահ Իլհամ Ալիեւն այդ կոնտեքստում (պարունակին մէջ-Խմբ.) է դիտարկում նաեւ Լեռնային Ղարաբաղը: Այդ հարցում նրա հայրն առաւել շրջահայեաց էր եւ հասկանում էր, որ այդ կերպ բանակցութիւնները փակուղի կը մտնեն: Բաքուն նաեւ հասկանում է, որ եօթ շրջանների գրաւումն անհնար կը լինէր, եթէ չլինէին յաղթանակի հասնելու իր ակնյայտ սխալ քայլերն ու ռազմական գործողութիւնները ժամանակին կանգնեցնելու ցանկութեան բացակայութիւնը:
Բաւական անհեռատեսական է թւում նաեւ այդ տարածքներն «անհատոյց» վերադարձնելու հաշուարկը՝ յուսալով, թէ միջազգային հանրութիւնն անհանդուրժող է որպէս այդպիսին օկուպացիայի (գրաւման-Խմբ.) նկատմամբ:
Ադրբեջանը, ինչպէս եւ Վրաստանը Աբխազիայի ու Հարաւային Օսիայի դէպքում, կտրականապէս չի ցանկանում ուժի չկիրառման համաձայնագիր կնքել: Ընդհակառակը՝ մշտապէս յայտարարում է նոր պատերազմի պատրաստակամութեան մասին: Դա նկատելի է նաեւ թէ՛ հսկայական ռազմական ծախսերից, թէ՛ ռազմատենչ հռետորութիւնից, թէ՛ շփման գծում տեղ գտնող միջադէպերից: Չնայած որ միջազգային կազմակերպութիւններն ու շատ երկրների առանցքային պետական գործիչներ ընդգծում են այս հակամարտութեան լուծման ռազմական տարբերակի անհնարինութիւնը: Նման պայմաններում հայերը սպառնալիքների ճնշման ներքոյ չեն շտապում թողնել ներկայիս ամրացուած դիրքերը:
«ԿՐԱՍՆԱՅԱ ԶՎԵՍԴԱ».- Կողմերի վերջին յայտարարութիւնները վկայում են տարածաշրջանում լարուածութեան աճի մասին: Ինչո՞վ է պայմանաւորուած ռազմական հռետորաբանութիւնը:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ.- Մեծ հաշուով ռազմական հռետորաբանութիւնը վերջին շրջանում պայմանաւորուած էր շփման գծում տեղի ունեցած միջադէպերով: Չնայած հակամարտող կողմերից մէկի համար թէ մէկը, թէ միւսը համակարգային գիծ է, միւսի համար՝ պատասխան գործողութիւններ: Միջադէպերը պատահականութիւն չեն, այլ «օկուպանտներին հանգիստ չտալու» մտադրութեան հետեւանք:
Կողմերից մէկի՝ հրադադարից յետոյ զօրքերը յետքաշելու մերժումը, իսկ յետոյ նաեւ դիրքերի մօտեցումը հակառակորդին միայն նպաստեցին միջադէպերի առաջացմանը: Այդ գծի մէջ մտնում է նաեւ դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու, միջադէպերը հետաքննելուց հրաժարուելը: Համաձայնէք, բոլորովին էլ կառուցողական չի հնչում դիպուկահարներին դուրս բերելու եւ միջադէպերը հետաքննելու խոստումը՝ միայն հայկական ուժերի դուրսբերումից յետոյ:
Յատուկ ուշադրութեան է արժանի հէնց նոյն կողմի մեղքով միջադէպերի կանոնաւորման մասին կամ, որ յաճախ ասում են «հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագրի տապալումը: Այն պաշտօնապէս ստորագրուել է երեք կողմերի միջեւ դեռեւս 1995 թ.ի Փետրուարին, սակայն յամառօրէն չի իրագործւում: Նման քաղաքական գիծը պէտք է դատապարտուի, այլ ոչ թէ ցաւակցութեան արժանանայ: Ցաւօք, միջնորդները չեն գտնում խօսքեր, կամ «ամաչում են» որակել կողմերի նման գործողութիւնները:
«ԿՐԱՍՆԱՅԱ ԶՎԵՍԴԱ».- Բայց դա Ռուսաստանին՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ, չի ազատում պատասխանատուութիւնից: Բանակցութիւնների ժամանակ ռուսական կողմն ի՞նչ շեշտադրումներ է անում:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ.- Ռուսաաստանը հէնց սկզբից հանդիասնում է աւելի ակտիւ միջնորդ բանակցային գործընթացում: Նախ, մենք պնդում ենք ագրեսիւութեան (յարձակողապաշտութեան-Խմբ.) ցանկացած դրսեւորման բացառման ու վիճելի հարցերի շուրջ փոխզիջումային լուծման որոնումը՝ վիճելի հարցերում: Այդ կոնֆլիկտն (հակամարտութիւնը-Խմբ.) աւելի շատ է առնչւում մեր շահերին, քան ԱՄՆի եւ Ֆրանսիայի, քանի որ Անդրկովկասի ժողովուրդներն աւելի մօտ են Ռուսաստանին:
Գալիք ընտրութիւններն Ադրբեջանում եւ Հայաստանում բացառում են առաջիկայ երկու տարիներին նրանց կողմից ճկունութեան դրսեւորումը: Ռուսաստանի նախագահը, հաւանաբար հաշուի կ՛առնի այդ փաստը՝ յետագայ գործողութիւնների ծրագիրը կազմելիս:
Չնայած ընտրութիւններին, հնարաւոր է թւում հանրային կառոյցների ու փորձագիտական հանրութիւնների ջանքերի շարունակումը՝ յետագայում կողմերի դիրքորոշումները մօտեցնելու համար հող նախապատրաստելու համար:
«ԿՐԱՍՆԱՅԱ ԶՎԵՍԴԱ».- Հաշուի առնելով այն, որ կողմերի նկատելի մերձեցում դեռեւս չի նշմարւում, հնարաւո՞ր է կառուցողական երկխօսութիւն առկայ բանակցային ձեւաչափի փոփոխութեան դէպքում:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ.- Խնդիրն ո՛չ ձեւաչափի, ոչ էլ միջնորդների մէջ չէ: Ներկայիս փակուղին հէնց հակամարտութեան կողմերի ձեռքի գործն է, նրանց իրատեսական ու հաւասարակաշռուած պահանջներ դնելու անընդունակութեան հետեւանքը: Բացի այդ, բացակայում է երրորդ կողմին՝ Լեռնային Ղարաբաղին բանակցութիւնների սեղան վերադարձնելու ցանկութիւնը:
Պատերազմի տարիներին Բաքուն ԼՂի հետ տասնեակ փաստաթղթեր էր ստորագրել՝ ներառեալ կրակի դադարեցման եւ միջադէպերը կարգաւորման մասին:
Ստեղծուած իրավիճակում չափազանց անհրաժեշտ է համբերութիւն ու յամառութիւն:
«ԿՐԱՍՆԱՅԱ ԶՎԵՍԴԱ».- Այժմ ի՞նչ կոնկրետ (յստակ-Խմբ.) քայլեր է պէտք ձեռնարկել յետագայում հակամարտութիւնը լուծելու համար:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ.- Վստահ եմ, որ ամենակարճ ճանապարհը պէտք է լինի ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը: Միջազգային կոշտ երաշխիքների դէպքում այն կը հեշտացնի թէ գրաւած տարածքներից հայերի դուրս գալը, թէ ԼՂ բնակչութեան կամարտայայտութեան հարցի կարգաւորումը: Վերջին ժամանակներում համանախագահներն ընդգծում են ստատուս-քուոյի անընդունելիութիւնը, բայց դա ամենեւին էլ պատերազմի օրհնութիւն չի: Կողմերից մէկը ցանկանում է այն դրա տակ մտցնել միայն հայկական ուժերի դուրս բերումը տարածքներից, մինչդեռ այլ անընդունելի բաներ էլ կան. Ռազմատենչ սպառնալիքները, պատերազմի նախապատրաստումը, ռազմական հռետորաբանութիւնը աւելի վաղ ձեռք բերուած համաձայնութիւններից հրաժարուելը, թշնամանքի քարոզչութիւնը, վստահութիւնն ամրապնդող միջոցառումներից խուսափելը եւ այլն:
Հակամարտութեան լուծումը պէտք է լինի ոչ թէ այնպէս, ինչպէս կողմերից մէկին է հաճելի, այլ համալիր մօտեցմամբ: