Գրեթէ ամէն երկրում ճոպանուղիների նպատակը նոյնն է. փոխադրամիջոցի ծառայողական նպատակից բացի՝ նպաստել զբօսաշրջութեան զարգացմանն այդ երկրում, խթանել զբօսաշրջիկների հոսքն եւ աւելի տուրիստական դարձնել այդ տեղանքը: Հէնց այդ նպատակներից դրդուած կառուցուել եւ շահագործման է յանձնուել Սիւնիքի մարզի «Տաթեւի թեւեր» ճոպանուղին՝ աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին:
Տաթեւի ճոպանուղին՝ որպէս մարդատար փոխադրամիջոց, համարւում է ամենաերկար ճոպանուղին աշխարհում: Ինչպէս գիտենք, շուրջ 5.7 կլմ. երկարութեամբ «Տաթեւի թեւեր» երկկողմանի ճոպանուղին կարողանում է տեղափոխել 25 ուղեւոր:
Որպէս հետաքրքիր փաստ՝ նշենք, որ ամենաերկար ճոպանուղիները գործում են նաեւ Հնդկաստանում եւ Շուէյցարիայում, որտեղ մարդատար ճողանուղիներից զատ, ի դէպ, կարելի է օգտուել նաեւ ամենաերկար բեռնատար ճոպաններից:
Ինչ վերաբերում է Տաթեւի վանական համալիրին, ապա այն յաւակնում է դառնալ ԵՈՒՆԵՍԿՕի կողմից պահպանուող համաշխարհային ժառանգութեան կոթողներից մէկը:
Տաթեւի ճոպանուղին միտուած է գրաւել զբօսաշրջիկների ուշադրութիւնը, նպաստել տուրիստական հոսքին եւ խթանել Սիւնիքի զբօսաշրջութիւնն ընդհանրապէս: Ճոպանուղուց բացւում է հիանալի եւ փոքր-ինչ սահմռկեցուցիչ տեսարան՝ Որոտանի կիրճի վրայ:
Նախատեսւում է նաեւ, բացի ճոպանուղուց, զարգացնել վանական համալիրի յարակից տարածքներն ու ստեղծել բարենպաստ նախապայմաններ ամբողջական տուրիստական հանգստի համար, ինչպէս Գորիսում (http://www.inlobby.com/en/red/goris.html), այնպէս էլ Տաթեւի յարակից գիւղերում:
Ճոպանուղու մէկ ուղղութեան տեւողութիւնը կազմում է 11 րոպէ, մաքսիմալ բարձրութիւնը՝ 360 մ.: Ճոպանուղին ձգւում է Սիւնիքի Հալիձոր գիւղից դէպի Տաթեւ վանական համալիր:
ԱՄԷՆԻՑ ԱՄԵՆԱՃՈՊԱՆՆԵՐԸ
Համաձայն Ճոպանուղիների փոխադրման միջազգային կազմակերպութեան տուեալների՝ աշխարհում գործում է աւելի քան 30,000 ճոպանուղի, որոնցից 58 տոկոսը գործում է Եւրամիութեան երկրներում: Ճոպանուղիների ամենազարգացած բիզնեսի տեսակը, որպէս այդպիսին՝ գործում է Հնդկաստանում:
Աշխարհի ամենակարճ ճոպանուղին գտնւում է չինական Գուլանգիւ կղզու վրայ (http://www.inlobby.com/en/red/xiamen.html), որը ենթակայ է ապամոնտաժման: Ճոպանուղու երկարութիւնը կազմում է 202 մ.: Ճոպանուղու կառուցումը երկար ժամանակ հանդիսացել է տեղացիների իրարամերժ կարծիքների թէժ քննարկման առարկայ, քանի որ կառուցման եւ շահագործման թոյլտուութիւն չի ունեցել: Նոյնիսկ կազմուել է ամենագեղեցիկ ճոպանների վարկանշային աղիւսակը՝ ճոպանուղուց բացուող տեսարանների գնահատման հիման վրայ: Ամենագեղեցիկ ճոպանուղիների թուին են դասւում Հնդկաստանի «Գուլմարգ Գոնդոլա» ճոպանուղին, որը համարւում է Ասիայի ամենաբարձր եւ երկար ճոպանուղիներից մէկը: Ճոպանի այցելուներին գոնդոլանման փակ կաբինաներով տեղափոխում են Գուլմարգ լերան վերին հատուածները:
Ամենագեղեցիկ ճոպանուղիների թուին է դասւում նաեւ Նիւ Եորքի «Ռուզվելտ Այլընտ» ճոպանուղին (http://www.inlobby.com/en/red/new-york-city.html), որը, սահելով Արեւելեան գետի վրայով՝ միացնում է Ռուզվելտի կղզին Մանհեթենի հետ: Իւրաքանչիւր կաբինա կարողանում է տեղաւորել շուրջ 110 մարդ: Ճոպանուղին, իր կառուցման տարեթուից ի վեր, փոխադրել է աւելի քան 26 միլիոն ուղեւոր:
Բացուող տեսարանների գեղեցկութեամբ յայտնի միւս ճոպանուղիներից է Իտալիայի «Կապրի» ճոպանուղին: Ամենաերկար եւ գեղեցիկ ճոպանների թուին է դասւում նաեւ Նիւ Մեքսիկայի «Սանդիա Փիկ» ճոպանուղին:
Շուէյցարիայի «Կլէյն Մաթըրհորն» ճոպանուղին համարւում է Եւրոպայի ամենաբարձր ճոպանուղին (ամենաբարձր կէտում բարձրութիւնը կազմում է 3883 մ.):
Ամենահին ճոպանուղիներից երեքը գտնւում են Գերմանիայում. նրանցից մէկը Գերմանիայի Կոբլենց քաղաքի ճոպանուղին է (http://www.inlobby.com/en/red/koblenz.html):
Հիւսիսային Ամերիկայի ամենամեծ ճոպանուղին է Վանկուվերի «Գրաուս Մաունտէյն Սկայրայդ» ճոպանուղին, որը փոխադրում է ուղեւորին մինչեւ Վանկուվերի ամենաբարձրադիր կէտ:
Ամենագեղեցիկ ճոպանուղիների թուին է իրաւամբ դասւում Կալիֆորնիայի «Պալմ Սպրինգ» ճոպանուղին: Կալիֆորնիայի զբօսաշրջիկների թիրախային այցելութիւնների թիւն ընկնում է հէնց այս ճոպանուղու վրայ: Իր կառուցման ամսաթուից ի վեր՝ 1963թ., այն այցելել է աւելի քան 12 միլիոն այցելու:
Եւ վերջապէս ամենագեղեցիկ ճոպանուղիների շարքին է դասւում Ռիօ դէ Ժաներոյի «Սուգար Լոֆ Մաունդէյն» ճոպանուղին (http://www.inlobby.com/en/red/rio-de-janeiro.html):
Ներկայ պահին, ճոպանուղիների գծով աշխատող միջազգային կազմակերպութիւնները փորձեր են ձեռնարկում դարձնել փոխադրամիջոցի այս տեսակն առաւել նորարարական, ներմուծել նոր տեխնոլոգիաների լուծումներ, աւելի արագ եւ սահուն դարձնել ճոպանուղիների ընթացքը, նոյնիսկ ներդնել թուային տեխնոլոգիա եւ «վիզուալ էֆեկտներ»ով՝ լուսարձակներ ճոպանների կաբինաներում: