ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Եւրոպայի գործերը անմխիթար են, եւ այն, ինչից զգուշանում էին շատերը, արդէն թակում է այս մայրցամաքի դուռը: Պարզուեց, որ Յունաստանը միակ պետութիւնը չէր, որ դրամական օգնութեան կարիքն ունէր: Այս շաբաթուայ սկզբին Կիպրոսն ու Իսպանիան եւս օգնութեան դիմում են ներկայացրել եւրագօտու «հզօրներին»:
Իսպանական կառավարութիւնը բացայայտօրէն յայտարարել է, թէ ի վիճակի չի լինի պարտքերի տոկոսները ժամանակին վճարելու իր վերցրած պարտաւորութիւնները յարգել, քանի որ այդ տոկոսները բաւականին բարձր են: Կիպրոսն իր յոյսը դրել էր Ռուսաստանից վարկ վերցնելու մտքի վրայ, սակայն ինչ ինչ պատճառներով ռուսները չցանկացան օգնել, այդ իսկ պատճառով Կիպրոսի իշխանութիւնները դրամ ստանալու հայցով դիմեցին Եւրոմիութեան ընտանիքին, իմացիր՝ Գերմանիային:
Գերմանիայի առաջնորդ Անգելա Մերկելը Բրիւսէլ կատարելիք իր հերթական այցից առաջ յայտարարել է, թէ խնդրի լուծումը ցաւոտ եւ երկար է լինելու, հասկացնելով, թէ գերմանացի հարկատուի ուսերին չի կամենում դնել հարեւաններին կրկնակի օգնութիւն հասցնելու գաղափարը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը, որ իշխանութեան գլուխ անցաւ այսպէս կոչուած «աճի» գաղափարը խրախուսելու պատճառով, այսինքն կտրուկ դէմ արտայայտուեց տնտեսական «կրճատման» գաղափարին, իր հերթին յայտարարել է, թէ խրախուսում է եւրոբոնդի գաղափարը, որ իրենից ներկայացնում է եւրոպական երկրներին ցածր տոկոսներով պարտամուրհակներ տալու միտքը: Եւրոպական երկրների մեծ մասը կքում է պարտքերի տակ, իսկ անվճարունակութեան տեսիլքի պատճառով պարտատէրերը աւելի ռիսկային են համարում այդ երկրներին, հետեւաբար նաեւ բարձրացնում են պարտքերի տոկոսները: Սա ստրկացման մի նոր միջոց է, եւ թշուառութեան է մղում ամբողջ ժողովրդների: Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների Բրիւսէլեան հանդիպումը յոյս է ներշնչել երկարաժամկէտ խնդիրների լուծման առումով: Մասնաւորապէս նշուել է, թէ դրամական միութեան կողքին հարկ է նաեւ ստեղծել բանկային, քաղաքական դաշինքներ: Սակայն քննադատները արդարացիօրէն նշում են, թէ երկարաժամկէտ լուծումները կարելի է աղբարկղը նետել, քանի որ օգնութիւնը պէտք է այսօ՛ր, վաղը կարող է ուշ լինել, երբ թշուառութեան շեմին յայտնուած ժողովուրդը որոշի դուրս գալ մի միութիւնից, որին միայն հետաքրքրում են պարտքերի տոկոսները: Իսպանիան ու Կիպրոսը միաժամանակ օգնութիւն են խնդրում: Սա ինչ որ տեղ նաեւ խորհրդանշական է, քանի որ այս երկրների տնտեսական բարդութիւնները առաջացան կալուածքային «պղպջակի» պայթիւնի հետեւանքով: Իսպանիայում, ինչպէս նաեւ Կիպրոսում «ջրի տակ» անցած կալուածքների թիւը գնալով բազմապատկւում է, երբ կալուածատէրերը չեն կարողանում վճարել բարձր տոկոսները, եւ լքում են բարօրութեան իրենց երբեմնի երազանքը, ու հեռանում են այդ երկրներից:
Յունաստանը դեռ ուշքի չի գայ երկար ժամանակ: Յունաստանի խնդիրը հետեւեալն է. մինչեւ ծննդեան տօները երկրի դրամական պահուստները կը սպառուեն, եթէ նոր միջոցներ չձեռնարկուեն: Այս պարագայում երկրի ելքը եւրոգօտուց անխուսափելի է դառնում: Տնտեսագէտները նշում են, թէ Յունաստանին ամենաուժեղ խրախուսողը Ֆրանսիայի նորընտիր նախագահն է, ով պաշտպանում է ոչ թէ ծախսերի կրճատման, այլ տնտեսական աճ ապահովելու գաղափարը, այսինքն՝ աւելի շատ պարտքեր վերցնելու միտքը: Սա վտանգաւոր է, քանի որ այսպիսի դիրքորոշումը հակադարձ համեմատական է գերմանացի առաջնորդի կողմնորոշմանը, եւ կարող է թշնամացնել երկու հիմնական երկրների կառավարութեան անդամներին, արդիւնքում նաեւ՝ ժողովուրդներին: Ֆրանսիան խոշոր չափի պարտքեր է տուել Իտալիային եւ Իսպանիային, եւ եթէ այս երկրները չկարողանան վերադարձնել պարտքերը կամ դրա տոկոսները, ապա ֆրանսիական դրամատները մէկ օրուայ մէջ կը սնանկանան: Միաժամանակ յայտնի է դարձել, թէ Չինաստանը կտրուկ նուազեցրել է իր ներդրումները Եւրոպայում, փոխարէնը դրանք առաջարկելով հարաւ ամերիկեան երկրներին, որտեղ բնական հարուստ պաշարներ են առկայ: Չինացի մի տնտեսագէտի վկայութեամբ, եւրագօտու ռիսկերը շատ բարձր են, իսկ շահոյթը՝ ցածր:
Ինչպէս երեւում է, աշխարհին սպասւում է տնտեսական մի նոր փոթորիկ, իր բոլոր հետեւանքներով, եթէ խնդրահարոյց երկրների կառավարութիւնները ժամանակին քաղաքական կամք չդրսեւորեն եւ անյապաղ կտրուկ միջոցների չդիմեն: