ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆԵԱՆ

Լեռնային Ղարաբաղի նման չճանաչուած պետութեան համար արտաքին ներդրումների ներգրաւումը տնտեսութեան մէջ քիչ դեր չի խաղում: Այդ իսկ պատճառով կառավարութիւնը,

օգտագործելով ինչպէս պետական, այնպէս էլ մասնաւոր հատուածի ներուժը, շահագրգռուած է դրսից առաւելագոյն ներդրումների ներգրաւման մէջ եւ փորձում է որոշակի արտօնութիւնների սահմանմամբ տեղում բարենպաստ բիզնես-միջավայր ապահովել, իսկ հանրապետութիւն մուտք գործած գումարներն օգտագործել հնարաւորինս արդիւնաւէտ:
«Գաղտնիք յայտնած չեմ լինի, եթէ ասեմ, որ Արցախի քաղաքական կարգավիճակից ու Ադրբեջանի հակահայկական հզօր քարոզչութիւնից ելնելով, միջազգային շատ կազմակերպութիւններ, ներ-դրումային ընկերութիւններ ու բանկեր դժուար են մեզ հետ համագործակցութեան մէջ մտնում, յատկապէս «Արցախբանկ» անուան առաջին մասը աչքի առաջ ունենալով: Բարեբախտաբար, դր-սում մենք ունենք բարեկամներ, ում ջանքերի շնորհիւ Արցախում ներդրումներ են կատարւում: Դրանցից մէկը Ռաֆֆի Բալոզեանն է», ասաց ներդրումային եւ վարկաւորման գլխաւոր դեպարտամենտի տնօրէն, ընկերութեան գործադիր տնօրէնի տեղակալ Պարոյր Գրիգորեանը,- «Ռ. Բալոզեանի շնորհիւ մօտ 10 ներդրումային կազմակերպութիւն սկսել են հետաքրքրուել Ղարաբաղով ու «Արցախբանկով»: Նա յոյս յայտնեց, որ դրանց գոնէ մի մասն աւելի գործնական քայլեր կը ձեռնարկի:
Ներկայումս ԱՄՆի եւ Կանադայի ներդրողների տրամադրած գումարների շնորհիւ «Արցախբանկ» ՓԲԸն կարողացել է կեանքի կոչել ընկերութեան ծրագրերից մէկը՝ միկրովարկաւորման ծրագիրը, որից օգտւում է 47 սուբյեկտ: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 320,000 ԱՄՆ դոլար: Ինչպէս տեղեկացանք դեպարտամենտից (բաժանմումքէն-Խմբ.), դրանք նպատակաուղղուել են հիմնականում գիւղատնտեսական ծրագրերին՝ անասնաբուծութիւն, ոչխարաբուծութիւն, ձկնաբուծութիւն, ոչ բազմամեայ մշակաբոյսերի աճեցում, մի փոքր մաս էլ տրամադրուել է առեւտրի ոլորտին:
Ինչպէս տեղեկացանք, իւրաքանչիւր վարկի առաւելագոյն գումարը կազմում է 15,000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժէք ՀՀ դրամ:
Ամէն դէպքում լաւ է, երբ դրսից ուղարկուած գումարները կոնկրետ հասցէատէրեր են ունենում: Մենք հանդիպեցինք նրանցից մի քանիսին:

Արդէն երեք տարի է, ինչ Մհեր Սարգսեանը զբաղւում է ծխախոտագործութեամբ: Երբ «Մասիս տաբակ» ընկերութիւնը մասնաճիւղ բացեց Լեռնային Ղարաբաղում, Մ. Սարգսեանն սկսեց համագործակցել նրա հետ, եւ երբ կարգաւորուեց իրացման հարցը, նա բիզնեսն ընդլայնեց: Մ. Սարգսեանն աւելի քան 20 հեկտար տարածքի վրայ ծխախոտի հումք է մշակում: «Մասիս տաբակ»ի հետ համագործակցութեան արդիւնքում նա եւս 88 հեկտար տարածքի վրայ սածիլների արտադրութիւն ձեռնարկեց: «Իմ բիզնես ծրագիրը կեանքի կոչելու համար 12 մլն. դրամ է անհրաժեշտ: Սկզբնական փուլում Գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի միջոցով ձեռք եմ բերել որոշակի գումար, բայց, բնականաբար, ընթացքում գումարներ են անհրաժեշտ լինում»,- ասաց Մ. Սարգսեանը:
Անհրաժեշտ գումարները, որպէս կանոն, յաճախ ձեռք են բերւում վարկաւորման ծրագրերի շրջանակներում, այս անգամ Մ. Սարգսեանն օգտուել է միկրովարկաւորման

ծրագրից, որն իրականացւում է «Արցախբանկ» ՓԲԸի կողմից: Ձեռնարկատէրը երախտագիտութիւն է յայտնում բոլոր նրանց, ում տրամադրած գումարների շնորհիւ ինքը կարողացել է զարգացնել սեփական գործը: Խօսելով առաջիկայ ծրագրերից, նա նշեց, որ մեծ հեռանկարներ է տեսնում՝ բիզնեսի ընդլայնման առումով: Եկամուտներից Մ. Սարգսեանը դժգոհ չէ. «Անցեալ տարի 75 տոննա (տ) բերք թողեցի դաշտում, ցուրտը փչացրեց: Բայց, ընդհանուր առմամբ, եկամուտն, ի հարկէ, լաւ է: 1 հեկտարից 20-30 տ. բերք է ապահովւում»,- ասաց նա՝ միաժամանակ յաւելելով, որ աւելի մեծ ակնկալիքներ ունի:
Նորագիւղից Արմէն Աղաբեկեանը միկրովարկաւորումից ստացած գումարը ներդրել է ոչխարաբուծութեան ոլորտում: Մէկ տարի առաջ է հիմնադրել սեփական բիզնեսը՝ անասունների 70 գլխաքանակով: Այժմ ոչխարների թիւը 120 է, չհաշուած այն, որ ընթացքում նաեւ վաճառել է: Ա. Աղաբեկեանի յետագայ պլաններում է նաեւ ոչխարի պանրի

արտադրութիւնը: Յովսէփաւանի բնակիչ Խաչատուր Պետրոսեանը գիւղատնտեսութեան բնագաւառում աւելի երկար տարիների փորձ ունի. դեռեւս 1997 թուականից նա փորձել է գործունէութիւն ծաւալել գրեթէ բոլոր ոլորտներում. խաղողագործութիւն, այգեգործութիւն (հիմնականում՝ նուռ), հատիկային մշակաբոյսեր՝ գարի, ցորեն, եգիպտացորեն, ունի նաեւ խոշոր ու մանր եղջերաւոր անասուններ: Մօտ 100 հեկտար վարձակալած տարածք ունի: «Սկզբնական շրջանում ներդնում էի միայն սեփական միջոցներ,- ասել է Խ. Պետրոսեանը:- Երկու տարի անընդմէջ կարկուտի հասցրած վնասի պատճառով սկսեցի ներգրաւել նաեւ վարկաւորման գումարներ»: Անցեալ տարի վերոնշեալ միկրովարկաւորման ծրագրով ձեռքբերուած գումարն ամբողջութեամբ օգտագործել է աշնանացան սերմացուի ձեռքբերման համար: Մեր հարցին, թէ գո՞հ է «Արցախբանկ»ի վարած վարկային քաղաքականութիւնից, դրական պատասխանեց. միակ հարցը, որ, ըստ իրեն, լուծման կարիք է զգում, այն է, որ ցանկալի կը լինէր տեղում օգտագործուող գումարները տրամադրուէին հայկական դրամով, քանի որ ռիսկն այստեղ, կապուած միջազգային շուկայում դոլարի փոխարժէքի տատանումների հետ, մեծ է:
Միակ ընկերութիւնը, որը միկրովարկաւորման ծրագրի շրջանակներում ստացուած գումարը ուղղորդել է քլինինգային սպասարկման ոլորտին, դա, ի դէմս Արկադի Յարութիւնեանի՝ «Մարինէ

Յովսէփեան» ԱՁն է, որը բնակչութեան մէջ յայտնի է նաեւ «Ջին» անուամբ: Աշխատանքներն սկսելու համար սկզբնական գումարը ստացուել է այդ ծրագրով: Դրան յաւելել է նաեւ սեփական միջոցներ: Սա քլինինգ (մաքրման) ծառայութիւնների մատուցման առաջին փորձն է Արցախում. ձեռնարկատէրը համոզուած է, որ գործը բարեյաջող ընթացք կ՛ունենայ: «Յոյս ունեմ, որ մեր քաղաքացիների կենսամակարդակը մեր աշխատանքի շնորհիւ մի քանի աստիճան կը բարձրանայ, քանի որ այն, ինչի վրայ նրանք ստիպուած են լինում հսկայական ժամանակ ծախսել, մենք կը կատարենք աւելի կարճ ժամկէտում եւ, բնականաբար, պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասաց նա: Վերցուած գումարով ձեռք են բերուել սարքաւորումներ, մաքրող նիւթեր եւ տեխնիկա:
Ընկերութիւնը գործում է ընդամէնը 2 ամիս, բայց արդէն հասցրել է յաճախորդներ ձեռք բերել: Ընկերութեան մատուցած ծառայութիւնների շրջանակը բաւականին լայն է. բնակարանների, գրասենեակների մաքրում (այդ թւում եւ՝ վերանորոգումից յետոյ), յատակի եւ մանրայատակի, գորգերի եւ գորգային ծածկերի, կերամիկական սալիկների, լողարանների ու լողաւազանների մաքրում, մեքենաների, կահոյքի (նաեւ՝ փափուկ) գոլորշային եւ քիմմաքրում եւ այլն:
Գների մասին խօսելով՝ Ա. Յարութիւնեանը նշեց, որ փորձել են հաշուի առնել բնակչութեան ցածր վճարունակութեան հանգամանքը: Ունեն նաեւ զեղչերի ու արտօնութիւնների ճկուն համակարգ:
Ամէն դէպքում ուրախալի է արձանագրել, որ դրսից ներգրաւուած գումարների շնորհիւ մի քանի ընտանիք սեփական բիզնես հիմնադրելու հնարաւորութիւն է ստացել, ինչով, բնականաբար, լուծում են ստանում նաեւ սոցիալական բազմաթիւ խնդիրներ: