
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչո՞ւ որոշեցիք պատգամաւոր առաջադրուել:
ԱՐՄԷՆ ԲԱԲԱՅԵԱՆ.- Դուք գիտէք, որ նախորդ գումարման ԱԺում ՀՅԴ խմբակցութիւնում ընդգրկուած էր «Գրանդ քենդի» ընկերութեան սեփականատէր Կարէն Վարդանեանը: Այս անգամ պարոն Վարդանեանը որոշեց չառաջադրուել, քանի որ, որպէս խոշոր գործարար, նա ունի բազմաթիւ ծրագրեր՝ կապուած արտադրութեան ընդլայնման ու նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Բայց, հաշուի առնելով, որ Կարէն Վարդանեանը բազմաթիւ ծրագրեր ունէր նաեւ օրէնսդիր դաշտում, որոշուեց, որ ես առաջադրուեմ որպէս պատգամաւորի թեկնածու եւ, ընտրուելու դէպքում, փորձեմ իրականացնել այդ ծրագրերը:
ՀԱՐՑՈՒՄ.- Օրէնսդրական գործունէութեան ո՞ր ոլորտի մասին է խօսքը, եւ որո՞նք են լինելու ձեր գործունէութեան առաջնահերթութիւնները:
ԱՐՄԷՆ ԲԱԲԱՅԵԱՆ.- Ես իմ աշխատանքը պատկերացնում եմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովում: Յոյս ունեմ, որ երկրի ամենախոշոր արտադրական ընկերութեան տնօրէնի պաշտօնում իմ երկարամեայ աշխատանքային փորձն ինձ կ՛օգնի խորհրդարանում աշխատել ի նպաստ տեղական արտադրութեան եւ հայրենի տնտեսութեան զարգացման: Սա է լինելու իմ գործունէութեան առաջնահերթութիւնը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք, որ ՀՅԴ ցուցակի երկու անդամների ինքնաբացարկի արդիւնքում Դուք տեղ ստացաք ԱԺում:
ԱՐՄԷՆ ԲԱԲԱՅԵԱՆ.- Կարծում եմ, դա ես չպէտք է մեկնաբանեմ: Դա եղել է ՀՅԴ կուսակցութեան որոշումը: Իմ կարծիքով, կուսակցութիւնն այդ որոշումը կայացրեց՝ առաջնահերթութիւնը տալով երկրի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը նաեւ օրէնսդրական դաշտում: Եւ ես ամենայն պատասխանատուութեամբ պատրաստ եմ իմ գիտելիքներով ու տարիների կուտակած փորձով միանալ իմ գործընկերներին՝ մասնաւորապէս Արծուիկ Մինասեանին, եւ ակտիւօրէն մասնակցել տնտեսական խնդիրների կարգաւորմանն ուղղուած օրէնսդրական գործունէութեանը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս էք պատկերացնում ձեր աշխատանքն ընդդիմադիր խմբակցութեան կազմում:
ԱՐՄԷՆ ԲԱԲԱՅԵԱՆ.- Անկախ այն բանից՝ ընդդիմադիր, թէ իշխանական դաշտում, իւրաքանչիւր պատգամաւորի գերխնդիրը պէտք է լինի աշխատել ի նպաստ երկրի բարօրութեան ու առաջընթացի եւ պետութեան ու քաղաքացիների շահերի: