
Երեքշաբթի, Մայիս 1ին, Պրահայի (Փրակ) Ս. Եղիա եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ «Ազատութիւն» ռատիօկայանի երկարամեայ նախկին աշխատակից, վերջին տարիներին ԱՄՆի Գլենդէյլ քաղաքում բնակուող Արմէն Դիլանեանի հոգեհանգստի արարողութիւնը, որը կազմակերպել էր Պրահայի հայկական համայնքը՝ ի յիշատակ նրա անժամանակ կորստի:
Արարողութեանը ներկայ էին «Ազատութիւն» ռադիօկայանի տարբեր ծառայութիւնների աշխատակիցները, համայնքի ներկայացուցիչներն ու լրագրողի մտերիմ ընկերները: Յիշատակի խօսք ա-սաց «Ազատութիւն» ռա-տիօկայանի հայկական ծա-ռայութեան ղեկավար Հրայր Թամրազեանը: Լրագրող Արմէն Քոլոյեան շնորհակալութիւն յայտնեց ներկաներին՝ արարողութեանը ներկայ գտնուելու համար, ու կարդաց «Ազատութիւն»ի հասցէով ստացուած բազմաթիւ ցաւակցական հեռագրերը, այդ թւում՝ Րաֆֆի Յովհաննէսեանից, Հայաստանի տարբեր լրատուական կազմակերպութիւններից ու անհատ լրագրողներից:
Հոգեհանգստին յիշատակի խօսք ասաց նաեւ Պրահայում «Առաւօտ»ի թղթակից Շուշան Ղազարեանը:
«Ֆէյսբուք» սոցիալական ցանցում, այս օրերին Արմէն Դիլանեանի ունկնդիրները անկեղծ ցաւով են արձագանգում նրա անժամանակ կորստի մասին գուժող անսպասելի լուրին: Արձագանգում են տարբեր ու իւրովի:
Լոս Անջելըսից յայտնի քաղաքական գործիչ Արմէն Զատիկեանը գրել էր.
«Արմէնին սպաննեց այս մարդասպան հայկական «գաղութը», եւ պատահական չէ, որ դա տեղի ունեցաւ Ապրիլի 24ի օրը: «Ի՞նչ է նշանակում սպաննել լրագրողին», տարակուսանքով հարցնում է Արմէն Դիլանեանի ունկնդիրներից Նադիա Դանիէլեանը՝ Վանաձորից: Ես պատասխանեցի նրան: Լրագրողին կարող է սպաննել անգործութիւնը, պարապութիւնը, անպիտանութեան անարդար զգացումը: Երբ լրագրողի տաղանդն ու նուիրումը, անկարելի սէրը չեն ուզում նկատել, անտեսում են: Սկզբում մեռնում է հոգին, իսկ սիրտը երկար սպասեցնել չի տալիս:
«Վերջին անգամ, երբ Գլենդէյլում տեսայ Արմէնին, շատ էր փոխուել: Առաջուայ խանդավառ, կեանքին, իր գործին սիրահարուած, ծրագրերով ու անելիքներով եռուն մարդը չկար: Աշխատում էր, ինչպէս ինքն էր ասում՝ ծերերի մանկապարտէզում», իր ծերերի պէս ծերացած էր ու կոտրուած: Հոգին կարծես հեռացել էր, եւ սիրտը երկար սպասեցնել չտուեց:
Մի երկու-երեք ամիս առաջ նկատեցի, որ չի երեւում սոցիալական ցանցերում: Չի արձագանգում իմ այս կամ այն կարծիքին: Նամակ գրեցի, չպատասխանեց: Զանգահարեցի տուն, եւ իմացայ ահաւորը. Յունուարի վերջին, իր հեռուստատեսային հրաժեշտի հաղորդումից յետոյ, անջատել էր ամէն ինչ, հեռացել էր սոցիալական ցանցերից, փակել «Ֆէյսբուք»ը, Ել-փոստը, անջատել էր «սքայփ»ը ու… փակել հաշիւները իր իմացեալ կեանքի հետ…
Արմէնին սպաննեց հայկական անտարբերութեան մթնոլորտը, միամիտ իշխանութիւն ստացած, տաղանդի հանդէպ ներքին արժէք չունեցող մարդկանց նախանձն ու չկամութիւնը»:
«Ես չեմ պատկերացնում, որ Գլենդէյլում էլ են այդպէս վարւում արդարութեան նկատմամբ: Բա տարբերութիւնը ո՞րն է մեր երկրի ու ԱՄՆի», զարմացած հարցնում է Արմէն Դիլանեանի հաղորդումների մշտական ունկնդիր Նադիա Դանիէլեանը:
«Այդ երկիրը՝ ԱՄՆն, կապ չունի հայկական գաղութի հետ», պատասխանեց Արմէն Զատիկեանը:
«Հայերը ո՛ր երկիր էլ որ գնան, ստեղծում են իրենց՝ «հայկական գաղութը», եւ ապրում են իրենց «հայկական օրէնքներով». Արմէն Դիլանեանի նման ազատախոհ ու ազնիւ մարդիկ շնչահեղձ են լինում այդ համակենտրոնացման ճամբարում եւ դառնում աւելորդ, իսկ ասածդ տարբերութիւնն ընդամէնն այն է, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ ՈՒ ՔՉԱՑՆՈՂ: Իսկապէ՛ս: Մենք շատ ենք անփոյթ մեր տաղանդների հանդէպ: Եւ կորցնելուց յետոյ միայն, աւա՜ղ, այսպէս մեծարում ենք, ափսոսում՝ ապրելով մեղքի ու ապաշխարութեան ծանր զգացում: Արմէն Դիլանեանը ընդամէնը մեր մի կաթիլ սիրոյ կարիքն ունէր, եւ այդ դէպքում, միգուցէ, մենք այս տխուր արարողութեան առիթը չունենայինք», ասաց Շուշան Ղազարեանը:
«Առաւօտ» օրաթերթը ցաւակցում է Արմէն Դիլանեանի ընտանիքին՝ ծանր կորստի կապակցութեամբ:
«Առաւօտ» Օրաթերթ