ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

– Այո՛,- ՔՍԱՆՉՈՐՍ, այսպէ՛ս տառերով եւ ոչ թէ թուերով։ Թուերն ու տառերը նոյնը չեն։ Թիւը՝ թիւ է։ Ամէն ինչ կարելի է թուի վերածել. ծառ, թուփ, երկիր, գործիք, նոյնիսկ ովկիանոս, աշխարհամաս, մարդիկ,- ամէն, ամէն ինչ։
Բայց ՔՍԱՆՉՈՐՍԸ մէկ հատ է, կրկնօրինակը չկայ։ Թուով 24ներ՝ որքան որ կ՛ուզէք. էլ դէպք, իրադարձութիւն, մարդկային հարիւրաւոր, հազարաւոր ծնունդներ ողջ հողագնդի վրայ։
– Իսկ ՔՍԱՆՉՈՐՍԸ ուրի~շ է։ Այդ տառաթիւը իր մէջ է ներառել մի ողջ ժողովրդի ողբերգութիւն, ցաւ, վիշտ, տասնամեակներ շարունակ եղել է կտտացող վէրք, ու՝ Է՛…
Ասել է թէ՝ ՔՍԱՆՉՈՐՍԻ մէջ մեծ իմաստ կայ, մեծ խորհուրդ, եթէ կ՛ուզէք՝ վերջին մէկ հարիւրամեակում ծնուած, առաջացած երեւոյթ, որ սրբագործուել է ու դարձել աւանդոյթ։
Եւ այդ աւանդոյթը հաստատակամ պահելու եւ յաջորդ սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է, որ գիտութեան, արուեստի նուիրեալներ մշտապէս վառ պահեն անոր ջահը։ Իսկ ի՞նչպէս կարելի է վառ պահել այն, ի՞նչ միջոցներով։
Մեր ժողովրդի «անձինք նուիրեալք» բնական, հանրամատչելի, միջոցներով ժողովրդական լայն խաւերի մտապատկերում պիտի անջինջ պահեն ՔՍԱՆՉՈՐՍԻ խորհուրդը։
Արուեստի, գրականութեան, մանաւանդ ֆիլմարուեստի եւ երաժշտութեան ընձեռած հնարաւորութիւններով անդադրում պիտի հնչեցնել ցեղասպանութեան համազգային զանգը։
Հնչեցնել մեր շնորհալի եւ տաղանդաւոր արուեստագէտների մնայուն, արժէքաւոր գործերով։
Հնչեցնել համաշխարհային բեմե- րում, հանրայայտ ցուցասրահներում ու համերգասրահներում։
Անկասկած, փաստագրական, գեղարուեստական գրականութեան ասպարէզում մեծ գործ է արուած վերջին յիսուն տարիների ընթացքում։ Դրանից առաջ մեր սերունդը եւ անմիջապէս մեզնից յետոյ եկող սերունդը, եթէ չասեմ ոչինչ, ապա շատ քիչ բան գիտէր Եղեռնի, Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ միայն 1965ին էր, որ Հայաստանի ժողովուրդը նոր զարթօնք ապրեց ու դրանից յետոյ, իւրաքանչիւր տարի նշում է մեր ազգի անօրինակ ողբերգութեան տարելիցը։

Ճիշդ է, որ տարիների ընթացքում մեր ցեղասպանութիւնը համաշխարհային ճանաչման արժանացնելու համար մղուած պայքարը ցանկալի արդիւնք չի տուել, սակայն դրա փոխարէն աւելացել է այդ հարցի վերաբերեալ մեր մատաղ սերնդի եւ երիտասարդութեան իմացական պաշարը։
Մեծ Եղեռնի յիշատակման այս օրերին ներկայ սերնդին անհրաժեշտաբար պիտի ուսուցանել, որ թրքական, այսպէս կոչուած «մշակոյթի» հեղինակները հայերն են։ Երաժշտութիւն, թատերական արուեստ, ճարտարապետութիւն, տպագրութիւն, նոյնիսկ առաջին նաւթահորի յայտնաբերում։ Այս ամէնը մենք ենք հիմնել՝ հայերս։
Յիշենք անունները այն ՄԵԾ Հայերի, որոնք եւրոպական բարձր կրթութեամբ զինուած, մեծապէս նպաստեցին Թուրքիայի Հանրապետութեան ստեղծմանն ու մշակոյթի առաջացմանը։
Այսպէս. Տիգրան Չուխաճեան, Էդգար Մանաս, Յակոբ Մարթայեան, Պալեան եղբայրներ, Գրիգոր Սինանեան, Գալուստ Կիւլպէնկեան եւ շատ, շատ ուրիշներ։
Ինչո՞ւ եմ յիշեցնում ընթերցողներին այս ամէնը, որ վաղուց է յայտնի։ Որովհետեւ՝
– Մե՛զ է յայտնի, հիմնականում որոշակի մտային պաշար ունեցող հայ մարդուն։ Օտարները հազիւ թէ իմանան այս ամէնի մասին, մանաւանդ որ թուրքը հետեւողականօրէն ժխտում է այն ամէնը ինչ կապուած է հայ իրականութեան, ընդհանրապէս հայ անուան հետ։
Ուրեմն մեզ մնում է թէկուզ այսքան երկար տարիներ յետոյ էլ փորձել աշխարհին յիշեցնել, որ Թուրքիայի մշակոյթը ստեղծողները հայերն են։ Ասել, ապացուցել փաստերով, թէ չէ մենք գիտենք, որ թուրքը միայն զաւթել, վերցնել, թալանել գիտի, էլ չենք խօսում իր համար զբաղմունք դարձրած մարդ սպանելու «արուեստի» մասին։
Հիմա էլ մի «դուդուկացաւ» է ընկել թուրք երաժիշտների շրջանում։ Եւ չի բացառւում, որ այսօր կամ վաղը նրանք կը փորձեն «ապացուցել», որ ԴՈՒԴՈՒԿԸ իրենց ազգային գործիքն է։
Այդ «դուդուկացաւ»ը նրանց մօտ հիմնականում սկսուեց եւ աշխուժացաւ Հայաստանի անկախացման առաջին իսկ տարիներից։
Հայաստանի տնտեսական սուղ պայմանների պատճառով մի քանի վարպետ դուդուկահարներ, աշխատանք գտնելու մտահոգութեամբ տեղափոխուեցին Ստամբուլ։
Ես, որ հինգ անգամ եղել եմ Թուրքիայում, երկու տարի անընդմէջ ամիսներ շարունակ ապրել եւ աշխատել եմ Ստամբուլում, ու եօթ համերգներ տուել, մօտիկից հետեւում էի, թէ ինչպէս էր մեր աւանդական դուդուկը հիմնաւորապէս իր տեղն էր հաստատում թուրքական տարբեր ազգային նուագախմբերի մէջ՝ շնորհիւ մեր հայ կատարողների։
Եւ, որ ամէնէն ցաւալին է, ի թիւս այլ մենակատարների անունների յայտարարմանը, հաղորդավարները զլանում էին արտաբերել հայ երաժշտի անունը, թէեւ մենակատարային բաժնի առիւծի բաժինը կատարում էր հայ դուդուկահարը։
Այս առումով էլ փափաքս է, որ մեր շնորհալի, հանրայայտ դուդուկահարները այդքան չոգեւորուեն թուրքերին դուդուկ նուագել սովորեցնելու համար, որովհետեւ թուրքը «վարպետ» է վերցնելու, թռցնելու, խլելու։
Թող հայը դուդուկ նուագել սովորեցնի բոլոր ազգերին, բայց ոչ թուրքին, որովհետեւ նա երբէք չի ասի, որ հայն է իրեն սովորեցրել եւ որ ԴՈՒԴՈՒԿի հայրենիքը Հայաստանն է։
Արդէն քանի տարի, դուդուկը ձիւնագնդիկ ընթացքով նոր աշխարհամասեր է գրաւում։
Դուդուկի համաշխարհայնացման ընթացքը էլ աւելի նպատակային ու շարժուն դարձնելու մտահոգութիւնը ինձ դրդեց նոր միջոցներ ընտրել նրա տարածման համար։
Դուդուկը նուագախմբում օգտագործելու փորձը հիմնականում աշխուժացաւ Արա Գէորգեանի շնորհիւ։ Նրանից յետոյ շատերն սկսեցին այդ հիանալի գործիքն օգտագործել։ Շատ դէպքերում տեղին, իսկ յաճախ էլ մոդայի ետեւից ընկնելով։
Պիտի խոստովանեմ, որ ես էլ իմ մի քանի երգերի նուագախմբային ընկերակցութեան մէջ օգտագործել եմ դուդուկը։ Բայց իմ նպատակն է եղել հայ եւ օտար երաժշտասէր հասարակութեանը ցոյց տալ դուդուկի տեխնիկական )կարծեմ հայերէնում հոմանիշ բառ չկայ( հնարաւորութիւնները։
Այդ նպատակի համար էլ յօրինեցի դուդուկի կոնցերտ (համա-համերգ-Խմբ.)՝ նուագախմբի հետ։ Արդէն մամուլից յայտնի է, որ այդ գործը մեծ ընդունելութեան արժանացաւ Կարակասում՝ հայ երաժշտասէրին քաջածանօթ, տաղանդաւոր երաժիշտ Պեդրօ Էուստաչէի եւ Սիմոն Պոլիվար սիմֆոնիկ նուագախմբի կատարմամբ։
Իմ այդ յօրինումը իր տեսակի մէջ առաջինն է հայ երաժշտութեան պատմութեան մէջ, որի համաշխարհային առաջին կատարումը կայացաւ Վենէսուէլայում։
Այդ յօրինումը իմ նուէրն է ՔՍԱՆՉՈՐՍԻ ԽՈՐՀՐԴԻՆ։
Այդ խորհրդի զանգը մշտապէս պիտի հնչի մեր հոգիներում եւ Սարդարապատի զանգերի նման պիտի չթողնի որեւէ մէկին, առաւել եւս մեր «հարեւան» թուրքին՝ իւրացնել ոչ միայն մեր ինչքն ու հայրենի հողը, այլեւ նրա բարեբեր հողում մշտապէս նորանոր ծլարձակումներով բոցավառուող հայ արուեստն ու մշակոյթը։
Այդ զանգի ձայնը յաւերժ հնչեղ պահելու համար անհրաժեշտ է մշտապէս արուեստի եւ գրականութեան միջոցով նոր յայտնագործումներ անել ի շահ ՍՐԲԱԶԱՆ ԽՈՐՀՐԴԻ։
Բնաւ կարեւոր չէ, թէ ինչպիսին կը լինեն Թուրքիայի եւ Հայաստանի «մկան-կատուի» խաղը յիշեցնող այս քաշքշուկն ու դրանից ծնունդ առնելիք արդիւնքները։
Նոյնիսկ, եթէ այդ խաղի արդիւնքում մենք հասնենք մեր նպատակներին, միեւնոյնն է. ՔՍԱՆՉՈՐՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ մշտապէս պիտի մնայ որպէս մեր ժողովրդի ամէնօրեայ մտահոգութիւնների առարկան։