ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այս շաբաթուայ մեր զրոյցի հիմնական նիւթը առաջին հայացքից հեռու է տնտեսական թեմայից, սակայն անտեսանելի թելերով ուղղակիօրէն կապուած է դրա հետ:
Վերջին իրադարձութիւնն այն մասին, թէ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հիւսթընը 48 տարեկան հասակում զոհ գնաց անցեալ Շաբաթ օրը, դեռ քննարկման առարկայ է գրեթէ բոլոր ընտանիքներում, անկախ այն հանգամանքից, թէ սիրում են նրա երգարուեստը, թէ ոչ: Դեռ պարագանրը պարզւում են, սակայն յայտնի է մի բան, որ երգչուհին ուժեղ (ասում են, հոգեմէտ) դեղամիջոցներ է ընդունել մահուանից առաջ: Յայտնի է նաեւ, թէ նա թմրանիւթերի նկատմամբ զգալի թուլութիւն է ունեցել իր գրեթէ ողջ կեանքի ընթացքում: Երաժշտասէր հասարակայնութեան համար մեծ էր Հիւսթընի կորուստը: Ալկոհոլամոլութիւնն ու թմրամոլութիւնը դարձել են մերօրեայ ամենամեծ չարիքը եւ անխնայ խորտակում են մարդկային ճակատագրեր, որբ են թողնում չափահաս եւ անչափահաս երեխաների: Ցաւով պիտի նշեմ, որ մեր համայնքում էլ է այս վիշապը բոյն դրել, եւ սպառնում է բոլորի հետ մէկտեղ կուլ տալ նաեւ մեզ, եւ այս մասին բաւարար լուսաբանումը, մեղմ ասած, բացակայում է մամուլի էջերում:
Այժմ ձեզ եմ ներկայացնում մի քանի վիճակագրական տուեալներ: Վերջերս կատարուած մի հարցման արդիւնքում պարզուել է, թէ անչափահասների 60 տոկոսը այս կա՛մ այն կերպ առնչւում է թմրանիւթերի հետ, լինի դա բակում, ընկերների մօտ, կա՛մ դպրոցում: 12ից 17 տարեկանների 64 տոկոսը խոստովանել են, թէ թմրահաբեր են ձեռք բերել իրենց տնից, տատիկի կա՛մ պապիկի, մօր կա՛մ հօր դեղատուփից: Աշխարհում, յատկապէս Միացեալ Նահանգներում, աստղաբաշխական չափերի է հասել ցաւազրկողների չարաշահումը, որը յղի է անկանխատեսելի հետեւանքներով, ու նոյնքան վտանգաւոր է, որքան թմրանիւթերը: Շատերին թւում է, թէ բժշկի նշանակած ցաւազրկող դեղահաբերը անվնաս են եւ դրանք կարելի է օգտագործել առանց խտրականութեան: Ես բժիշկ չեմ, եւ մասնագիտական քննարկում անելու յաւակնութիւն չունեմ, սակայն որպէս մանկավարժ շատ եմ առնչւում զարհուրելի երեւոյթների հետ, որոնք հնարաւոր է նկատել, եւ կանխել, քանի դեռ անվերապահ փորձանքի չեն վերածուել: Մեզ, հայերիս թւում է, թէ յաճախ այն ինչ կատարւում է աշխարհում, մեր անմիջական շրջանակներից դուրս է եւ մեզնից ոմանք դրան վերաբերւում են մօտաւորապէս այնպէս, ինչպէս շարժապատկերի հետեւանքների: Այնինչ այս պատուհասը մեր դուռն էլ է թակել, եւ արդէն վաղուց: Եւ ինչպէ՞ս կարող էինք զերծ մնալ այս ամէնից, միթէ՞ գերմարդ ենք:
Սցենար առաջին. Հայրն ու մայրը աշխատում են, ֆիզիկապէս ժամանակ չունեն անհրաժեշտ ժամանակը յատկացնել իրենց զաւակի դաստիարակութեան, մինչդեռ վիճակագրութիւնը ցոյց է տալիս, թէ այն երեխաները, ում ծնողները պարբերաբար զրուցում են թմրանիւթերի վնասակար ազդեցութեան մասին, 42 տոկոսով աւելի քիչ հաւանականութիւն ունեն թմրամոլ դառնալու: Երեխան իրեն կենսականօրէն անհրաժեշտ ուշադրութիւնը ստանում է դրսից՝ ծնողից լսելու փոխարէն, իսկ հետեւանքների մասին ինքներդ դատէք:
Սցենար երկրորդ. Ծնողները բաժանուած են իրարից, եւ երեխան շփոթուած է, թէ ում հետ կարող է կիսուել իրեն յուզող հարցերի մասին, չի յանդգնում իր մէկ կամ միւս ծնողին դիմել, քանի որ վախենում է նրանց վշտացնել: Այս մասին լսում եմ գրեթէ ամէն օր: Որտեղի՞ց է նա ստանում իրեն անհրաժեշտ սփոփանքը: Փողոցի՛ց: Իսկ թէ որքանո՞վ է պատրաստ իր հասակակիցը իրեն սփոփել, ճիշտ խորհուրդ տալ, դա՛ էլ ինձնից լաւ գիտէք:
Սցենար երրորդ. Երեխան բժշկական կա՛մ հոգեբանական միջամտութեան լուրջ կարիք ունի: «Բան չկայ, կը մեծանայ, կը մոռանայ», ասում են իմաստուն ծնողները, բայց երեխայի ճնշուած հոգեվիճակը չի թեթեւանում, այլ բարդանում է: Իր ընկերներից մէկը առաջարկում է՝ «Ես էլ էի քեզ պէս վատ զգում, մարիհուանա քաշեցի, ամէն ինչ անցաւ», եւ երեխան կանգնում է «փորձուած» միջոցի առջեւ: Ընդհանրապէս հայ երիտասարդութեան շրջանակներում մարիհուանայի եւ թմրանիւթերի չարաշահման աստիճանը օրհասական է դարձել, նոյնիսկ աղջիկների շրջանակներում: Բազմաթիւ են նաեւ դէպքերը, երբ մոլորուած զաւակը պատրաստ է խեղդամահ անել ծնողին, որ իր թմրանիւթի համար դրամ ապահովի: Այն նոյն հայ երիտասարդը, որ մօր ու հօր արեւով է երդուել, այժմ դարձել է պատուհաս իր ծնողի եւ առաջին հերթին իր գլխին: Նայէ՛ք ձեր շուրջը, հարցրէ՛ք ձեր հարազատ ընկերներին, թէ քանի՞ հոգու են ճանաչում, որ նմանօրինակ կենսակերպից են տառապում: Մենք ուշադրութիւն չենք դարձնում, թէ ինչպիսի չարիք ենք գործում, երբ յատկապէս տղայ երեխայի աչքի առաջ «կոնծում» ենք օղին կա՛մ կոնեակը՝ շշերով, առանց չափ ու սահման ճանաչելու, եւ շատերս էլ գլուխ ենք գովում, թէ «անցեալ օրը ընկերներով մի քանի շիշ դատարկեցինք», առանց մտածելու, թէ մեր կողքին կանգնած անչափահասը բառացիօրէն ձայնագրում է մեր իւրաքանչիւր խօսքը, եւ փորձում հայրիկին նմանուել յաջորդ իսկ առիթի դէպքում: Մինչդեռ վիճակագրութեան համաձայն, ալկոհոլ չարաշահող երիտասարդը 50 տոկոսով աւելի մեծ հաւանականութիւն ունի թոյլ եւ ուժեղ թմրանիւթեր գործածելու, քան ալկոհոլից զգուշացողը: Մենք յաճախ մոռանում ենք մի բան, որ Հայաստանում, Լիբանանում, Պարսկաստանում կամ միւս հայաշատ վայրերում հարեւանը, ազգականը, համայնքը ընդհանուր առմամբ աւելի մեծ տեղ ունի մատաղ սերնդի դաստիարակութեան գործում, քան Միացեալ Նահանգներում, որտեղ անհատի ազատութիւնը բարձրագոյն աստիճանի վրայ է դրուած: Իսկ երբ ինչ որ մէկը կողքից նկատողութիւն է անում, շարունակ կրկնում են շատերը թէ «եղբայր, գնա՛ գործիդ, մի՛ խառնուիր», եւ՝ «եղբայրը» չի խառնւում: Եւ ամբողջ բեռն ընկնում է ծնողի ուսին, ով ոչ միշտ է երեխայի կողքին: Իսկ երբ բանը բանից անցնում է, քչերն են յիշում, թէ ինչպէս են սաստել իրենց եղբօրը, հարեւանին, ուսուցչին, երբ վերջիններս փորձել են ահազանգել:
Ուիթնի Հիւսթընից սկսեցինք այսօրուայ ակնարկը, երգչուհի՝ որի նմանը աշխարհում այլեւս չի ծնուի: Բայց որեւէ մէկն այսօր յիշո՞ւմ է, թէ որքան զարհուրելի կերպարանքով էր նա վերջերս ներկայանում հանրութեանը: Նոյնիսկ «հալալ քրտինքով» վաստակած միլիոններն անզօր են փրկելու, երբ մարդն ընկնում է թմրամոլութեան որոգայթի ամենաստորին աստիճանի վրայ: Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է նկատել առաջին նախանշանները՝ երբ երեխան ջրակալած աչքերով ուշ տուն է գալիս, առաջադիմութիւնը կտրուկ ընկնում է, միանգամից դառնում է «փիլիսոփայ», առանց դրա համար որեւէ պատրաստուածութեան, դառնում է դիւրագրգիռ, ինքնամփոփ ու կոպիտ, պահանջում է, որ ծնողը չխառնուի իր «անձնական կեանքին», անիրական պահանջներ է դնում հօր կա՛մ մօր առաջ, եւ այլն: Չափազանց կարեւոր է խուսափել ֆիզիկական ուժի գործադրումից, քանի որ նման «արագ» ձեւով հարցը ոչ միայն չի լուծուի, այլ կարող է հակառակ էֆեկտն (ազդեցութիւնը-Խմբ.) ունենալ: Վաղ դպրոցական հասակից զրոյցներն այն մասին, թէ ալկոհոլամոլութիւնն ու թմրամոլութիւնը ուր կարող է հասցնել, պէտք է ծնողների զրոյցների անբաժան մասը կազմեն: Այստեղ չափազանց կարեւոր է «Պօղոս, քեզ եմ ասում, Պետրոս, դու լսիր» սկզբունքը, այսինքն երեխայի գլխին ճար կարդալու փոխարէն խորհուրդ է տրւում, որ չափահասները միմեանց հետ զրուցեն երեխայի ներկայութեամբ, նախաճաշի սեղանին, պատմելով հաւանական եւ անհաւանական դէպքեր այն մասին, թէ ինչպէս այս մէկի որդին կորցրեց այս ու այն, քանի որ թմրանիւթը կուլ տուեց նրան:
«Կեանքում ամէն ինչ պիտի փորձել» սկզբունքը պէտք չէ քարոզել յատկապէս փոքրիկներին, քանի որ «ամէն ինչի» մէջ նաեւ թմրանիւթն է մտնում. եւ ո՞վ է ասել, թէ ամէն ինչ պէտք է փորձել, չէ՞ որ եռացրած ջուրը ոչ ոք դիտաւորեալ իր վրայ չի թափի:
Տնտեսական ճգնաժամն էլ է իր սեւ գործն անում, շատ հեշտ է յուսահատ մարդուն թմրամոլութեան գիրկը քաշելը: Բայց չէ՞ որ թմրանիւթը առկայ թնջուկը չի քանդում, բայց ի վիճակի է այն աւելի խճճել: «Ուզում եմ մոռացութեան տալ ինձ յուզող հարցերը»: Նոյնիսկ չէք պատկերացնում, թէ քանի անգամ եմ շաբաթուայ մէջ լսում նմանօրինակ խօսքեր: Այս պահին մի սրտացաւ խօսք, մի սփոփանք, յոյսի մի նշոյլ ոսկու գին ունի, սակայն խորհրդատուն պէտք է կեանքի փորձ ունենայ, եւ ոչ թէ խակ մէկը լինի: Անչափահասի հետ անցկացրած իւրաքանչիւր վայրկեան անգին է ե՛ւ ծնողի, ե՛ւ երեխայի համար: Ծնողից սրտացաւ մօտեցում դժուար թէ ուրիշ մէկը ցուցաբերի, իսկ երեխան ենթագիտակցաբար բոլորից շատ իր ծնողին է վստահում, եւ անհրաժեշտ է օգտագործել այդ վստահութիւնը ամենավաղ հասակից սկսած: Կայ եւս մի հետքրքրական վարկած: Այն, որ երեխան օրինակելի է, դասերը սովորում է, վատ շրջապատի մէջ չէ, ուրեմն կարելի է մի քիչ ել ինքնուրոյն թողնել: Ինքնուրոյն թողնելու եւ բարձիթողի մատնելու միջեւ ընկած գիծը շատ բարակ է, եւ շատերս ենք հեշտութեամբ թիւրիմացութեան մատնւում: Անչափահասի ինքնուրոյնութիւնը թող որ մեզ «քարտ բլանշ» չտայ, որ ուշադրութիւնից դուրս թողնենք նրան, նրա շրջապատը, քանի որ որորշակի տարիքում դեռահասը շատ աւելի մեծ կարեւորութիւն է սկսում տալ իր ընկերներին, քան ծնողին: Այստեղ ոչ մի վախենալու կամ վիրաւորուելու պատճառ չկայ, երեխան մեծանում է, իր աշխարհն է ստեղծում եւ ծնողը գիտակցելով, մի փոքր «տարածութիւն» պիտի ապահովի նրա համար: Բայց դա չի նշանակում բացարձակ ազատութիւն տալ, կամ էլ «նեղանալ» երեխայից, երբ վերջինս պահանջում է, ասենք, «իրեն հանգիստ թողնել, ժամ չդնել վրան, թէ երբ պիտի տուն գայ»: Այս առումով ճակատագրական է, որ ծնողը ինքը յարգի որոշակի օրէնքներ, հարբած չերեւայ երեխայի աչքին, հարբած կամ նոյնիսկ խմած չնստի մեքենայի ղեկին, օրերով չբացակայի տնից, ի յայտ բոլորի չպարծենայ իր սիրային արկածների մասին (սա իհարկէ քննարկման մի ուրիիշ թեմա է, որ կարող է խարխլել երեխայի պատկերացումը ընտանիքի, հաւատարմութեան, կայունութեան մասին, եւ շատ անկանխատեսելի փորձութիւնների առաջ կը կանգնեցնի իւրաքանչիւր անդամի):
Ես ականատես եղայ մի դէպքի, երբ մօտ 50 տարեկան մի հայ զոյգ թեւանցուկ էր արել մօտ 25 տարեկան երիտասարդի, որ հազիւ էր կարողանում քայլել: Երիտասարդը արտաքինից առողջ էր թւում, եւ խօսում էր հեռախօսով հաւանաբար իր ընկերոջ կամ ընկերուհու հետ: Rehab եմ գնում, ասաց տղան, եւ մանկական թոյլ քայլերով առաջ շարժուեց: Կողքից քայլում էին լուռ ծնողները, կարծես յուղարկաւորութեան էին մասնակցում: Տեսարանը սրտաճմլիկ էր, մօր աչքերից մերթ ընդ մերթ արցունքներ էին գլորւում: Ակամայից ցանկացայ մօտենալ երիտասարդին, փաթաթուել նրան, խնդրել, աղերսել, որ այլեւս երբե՛ք մօտ չգնայ այն չարիքին, որն իրեն այս օրին էր գցել: Հայրը նկատեց ինձ, մի քայլ արեց, ապա մոլորուած կանգնեց: Հանեց ծխախոտն ու խորը ներս քաշեց ծուխը: Երբ տղան մօր հետ ներս մտաւ առանց որեւէ տարբերանշանի շէնքը, որ արտաքինից անշուք ու գորշ հիւանդանոց էր յիշեցնում, հայրը յանդգնեց ինձ մօտենալ: «Տղայիս մահուան բերանից եմ փրկել», ասաց առանց բարեւելու, գուցէեւ առանց գիտակցելու, թէ անծանօթի հետ է զրոյցի բռնուել: «Ընկերները գլուխը կերան, լաւ գործ ունէր, համալսարանն աւարտեց, մեռայ ասելով, էդ քլաբները (գիշերային զուարճավայրերը-Խմբ.) մի գնայ մինչեւ առաւօտ», ասաց, ու այնպիսի մի հոգոց հանեց, մարդու սիրտ կարող էր խորտակել: «Լաւ էր սովորում, աչքաթող արեցի, կարծեցի ամէն ինչ բարեյաջող է, օր ու գիշեր աշխատանքի լծուեցի, որ մի բան աւել թողնեմ իրեն: Թքե՛լ եմ այդ ամէնի վրայ, երեխաս հազիւ էր շնչում, այնպիսի վիճակով տուն բերեցին անաղուհաց քրդի շները», ասաց նա, հաւանաբար նկատի ունենալով զաւակի ընկերներին: Պարզւում է, թէ թմրանիւթի ազդեցութեան տակ ինքնաշարժը վարելիս արկածի էր ենթարկուել, եւ ցնցումից առողջական ծանր խնդիրների առաջ էր կանգնել: Ինչ կարող էի ասել պատկառելի այս մարդուն, ում հոգին ցաւից ճմլւում էր, իսկ ներկայ վիճակը ոչ մի յոյս չէր ներշնչում: Երբ իմացաւ, որ պարբերաբար յօդուածներ եմ գրում, ինձ պատգամ յղեց, «Այս մասի՛ն էլ գրիր, խնդրում եմ, եւ իմ անունից դիմիր համայնքին, որ հայրերը աչքները չորս անեն իրենց արու զաւակների վրայ յատկապէ՛ս, ու յանկարծ կասկածելի շրջապատի առկայութիւնը որ զգան, թող անմիջապէս, առանց ամաչելու, քօքը (արմատները-Խմբ.) կտրեն»: Հայրենակցին խորհուրդ տուի մասնագէտի դիմել անպայման, այնպիսի մասնագէտի, ով հասկանում է հայ երիտասարդի հոգեբանութիւնը, եւ այդ պարագայում օգնութիւնն աւելի առարկայական կարող է դառնալ:
Թմրամոլութիւնն ու ալկոհոլամոլութիւնը բացի անձնական մեծ ողբերգութիւնից նաեւ խոշոր տնտեսական հարուածներ է հասցնում ո՛չ միայն ընտանիքին, այլ նաեւ հասարակութեան լայն խաւերին: Վիճակագրութիւնը պնդում է, թէ դրանց հետեւանքների վրայ ծախսուող նիւթական միջոցները բազմապատկւում են տարեց տարի, եւ աճի միտում ունեն: Բայց ի՞նչ միջոցների մասին է խօսքը, երբ ամէն մի նմանօրինակ տխուր դէպքի հետ մի աշխարհ է կործանման եզրին կանգնում, քանի որ ամէն մի անհատ իրենից մի աշխարհ է ներկայացնում: Եւ թող ների ինձ իմ գործընկեր խմբագիրը, ով խորհուրդ տուեց այս շաբաթուայ համար Յունաստանում ծաւալուող տնտեսական արհաւիրքները լուսաբանել երբ ասացի, թէ դեռեւս նիւթ չեմ ընտրել այս անգամուայ համար, քանի որ այսօրուայ քննարկած թեման միանգամից ինձ պարտադրեց գրիչ վերցնել, եւ այն պակաս հրատապ չէ: Հրաւիրում եմ համայնքի մասնագէտներին աւելի մօտիկից քննարկել այս հարցը, վստահ լինելով, թէ իւրաքանչիւր քննարկում կարող է օգտակար մտորումների տեղիք տալ: