«ԵՐԿԻՐ»
Եւրաինտեգրումը (Եւրոպային միանալը-Խմբ.) ոչ միայն արեւմտեան արժէքները վերցնելն է, այլ նաեւ ունեցածը փոխանցելը: Այս իմաստով Եւրոպայի Ժողովրդական կուսակցութիւնը (ԵԺԿ) իրեն անդամակցած Հայաստանի հանրապետական կուսակցութիւնից (ՀՀԿ) վերցնելու ինչ-որ բան իսկապէս ունի:
Օրինակ՝ հանրապետական պատգամաւորներն իրենց եւրոպացի կոլեգաներին (գործընկերներուն-Խմբ.) կարող են սովորեցնել Եւրախորհրդարանում մի քանի հոգու փոխարէն քուէարկելու կոմբինացիաները (ձեւերը-Խմբ.): Իսկ վարչապետը կարող է, տնտեսական լրջագոյն խնդիրներ ունեցող, դեֆոլտի (սննակութեան-Խմբ.) վտանգի առջեւ կանգնած եւրոպական երկրների իր գործընկերների համար դասախօսութիւններ կարդալ՝ «Ինչպէս հանրութեանը համոզել, որ երազանքների երկրում է ապրում» կա՛մ «Ինչպէս անընդհատ ձախողումներից յետոյ շարունակել պաշտօնավարել» թեմաներով:
Թերեւս այս առանձնայատկութիւնները հաշուի առնելով էլ՝ ԵԺԿն շտապեց ՀՀԿին իր ընտանիքի մասը դարձնել՝ անգամ չսպասելով, թէ ինչպէս է կատարելու աշխարհում ամենաժողովրդավարական ընտրութիւններն անցկացնելու տուած խոստումը: ՀՀԿին, փաստօրէն, հաւատում են կա՛մ կէս խօսքից, ինչպէս վայել է ազնուականներին, կա՛մ էլ՝ աւանսով (կանխավճառով-Խմբ.), ինչպէս՝ առեւտրականներին:
Ուստի, որպէսզի ԲՀԿն եւս կարողանայ ԵԺԿի մաս դառնալ, պէտք է եւրոպական մտածողութեանն ու ընկալումներին յարիր մի աւելի հետաքրքիր, էկզոտիկ ասիական բան առաջարկի: Այնպէս որ՝ Հայաստանի հետ հաստատուած արեւելեան գործընկերութիւնն սկսել է Եւրոպայում պտուղներ տալ: