
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Ինչպէս իւրաքանչիւր ազգ, մենք եւս ունենք դարերի ընթացքում ձեւակերպուած մեծ եւ ընդհանրական նպատակ՝ հայ ժողովրդի հզօր, ազատ, բարեկեցիկ կենսագործունէութեան ապահովում ամբողջական եւ անկախ հայրենիքի տարածքում:
Այս ձեւակերպման մէջ արտայայտուած է ե՛ւ պատմական հենքը (հայոց պետականութիւնների գոյութիւն) ե՛ւ կորստի երեք հազարամեայ փորձը, ե՛ւ հայրենատիրութեան, կենսատարածքի փիլիսոփայութիւնը, ե՛ւ ազատ, հզօր, անհատ-ընտանիք-ազգ համախումբն ու փոխյարաբերութիւնները:
Սակայն ընդհանրական եւ տեսլական նպատակի ճանապարհին առկայ խնդիրների, դրանց լուծումների, ըստ այդմ նաեւ հնարաւորութիւնների ու ներուժի գնահատման գործունակ մեխանիզմների ամբողջացնող համակարգ առայսօր մեր կողմից մշակուած չէ: Դեռեւս 19րդ դարի վերջին հայկական յեղափոխութեան ականաւոր ղեկավարներից մէկը՝ Քրիստափոր Միքայէլեանը, հանճարեղ պարզութեամբ շարադրեց մեր մարտավարութեան այբուբենը՝ հանգրուանային լուծումների եւ անընդհատ պայքարի տեսութիւնը:
Ոչ միայն ժողովուրդը, այլեւ անհատը, ընտանիքը կա՛մ հասարակութիւնը իրենց զարգացումը կարող են ապահովել միմիայն համապատասխան նպատակների եւ խնդիրների յստակեցման պարագայում: Անկախ նրանից, թէ ինչ նպատակ է հետապնդւում եւ ինչ մակարդակով, այն իր էութեամբ տեսլական է՝ շաղախուած ցանկութիւններով, յոյսերով եւ զգացմունքներով:
Նպատակը բազում քայլեր առաջ է ներկայ վիճակից: Այն անցեալի փորձի յաջողութիւններն ու ձախողութիւններն ընդհանրացնող ձեւակերպում ու ձգտում է, որը պարունակում է զարգացման, դիալեկտիկայի մեծ ներուժ:
Նպատակ ունեցող, նպատակին հաւատացող ամբողջութիւնը՝ լինի ազգ, հասարակութիւն, թէ անհատ, բազմապատկում է իր դիմադրողականութիւնը, գիտակցուած է դարձնում գոյութիւնն ու կեանքը՝ այլոց կողմից արժանանալով յարգանքի ու վստահութեան:
Խնդիրներն ուրիշ են, առաւել հանգրուանային բնոյթ ունեն, որովհետեւ վերջիններիս մէջ տեսլականի չափաբաժինը խիստ նուազ է: Խնդիրները հիմնականում իրավիճակի թելադրանքի արդիւնք են եւ պրագմատիզմից (գործնապաշտութենէն-Խմբ.) ու իրատեսական հաշուարկից են բխում:
Յաճախ ցաւալիօրէն նոյնացւում կամ փոխատեղւում են նպատակն ու խնդիր հասկացութիւնները: Խնդիրների մէջ փորձում են տեսնել ռազմավարական, տեսական հարցադրումներ, իսկ երբեմն էլ նպատակ են յորջորջւում մարտավարական, փոքր լուծումներ պարունակող հարցերը: Նման փոխատեղումները միշտ յանգեցնում են դաժան ձախողութիւնների, հիասթափութեան եւ անվստահութեան մթնոլորտ են ձեւաւորում:
Սակայն լինում են ժամանակներ, երբ անգամ խնդիրները չեն ձեւակերպւում կամ յենուած չեն լինում իրական ներուժի գնահատման, իրատեսական հաշուարկների վրայ այն պարզ պատճառով, որ արժեւորում եւ ինքնագնահատում արուած չի լինում:
Ասուածը կարեւորւում է յատկապէս 21րդ դարի համար, երբ գլոբալացման (համաշխարհայնացման-Խմբ.) գործընթացների հետեւանքով համաշխարհային թատերաբեմում մրցակցութիւնը տնտեսական, քաղաքական դաշտերում միահիւսւում է գաղափարախօսական եւ քաղաքակրթական լուրջ առճակատումներին: Յետինդուստրիալ (յետճարտարարուեստական-Խմբ.) հասարակարգի ժամանակակից տեսութիւնները առաջիկայ տասնամեակների համար ուրուագծում են քաղաքակրթութիւնների երկխօսութեան կամ պայքարի տարբեր մոդելներ:
Միանշանակ է, որ նման պայմաններում համաշխարհային զարգացման ընդհանուր վեկտորները (կողմնացոյցները, նետերը-Խմբ.) ազգերից ու պետութիւններից պահանջելու են սեփական ներուժի առաւելագոյն կենտրոնացում, տարածաշրջանային եւ համաշխարհային հաւասարակշռութեան համակարգերում կուտակուած էներգիայի ռացիոնալ (ներուժի տրամաբանական-Խմբ.) եւ նպատակային կիրառում:
Աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխութիւնները յատկապէս դժուարին խնդիրների առաջ են կանգնեցնելու Հայաստանի Հանրապետութեանը եւ ողջ հայ ժողովրդին:
Ազատագրական պայքարի, կորուստների եւ ձեռքբերումների անցած հարիւրամեակը մեծ նպատակը մօտեցնող եւ հեռացնող փորձութիւնների ժամանակաշրջան էր: 20րդ դարի մայրամուտում կարողացանք լուծել հանգրուանային մեծ խնդիրը՝ հայրենիքի փոքր հատուածում վերականգնեցինք անկախ պետականութիւնը, ազատագրեցինք գերեալ տարածք:
Սակայն նոր մարտահրաւէրները հրամայականօրէն պահանջում են եղածը պահպանելու, նոր ճեղքումներ ապահովելու ընդունակ համակարգի կառուցում: Համակարգ, որում ներդաշնակօրէն միմեանց կը փոխլրացնեն նպատակը, խնդիրներն ու միջոցները, նրանցից իւրաքանչիւրը կ՛ունենայ իր ժամանակացուցային հերթականութիւնը, հիմնաւորուածութիւնն ու հենքը:
Համակարգի հիմքում պէտք է լինի շարունակականութեան հիմնադրոյթը, որը կ՛ապահովի տեսլականի ու իրատեսութեան, անցեալի, ներկայի եւ ապագայի միասնական ընկալումը: Քանի որ նպատակը շարունակականութեան մէջ չունի սկիզբ ու չունի վերջ, ապա այնքան ժամանակ է նա մեզ հետ, որքան կը լինի մեր ժողովուրդը: Մեր հնարաւորութիւնների եւ ներուժի բազմապատկմանը զուգընթաց փոխւում են խնդիրները, աւելի ազատ է դառնում ազգը, հզօրանում է նրա պետականութիւնը եւ տեսանելի է դառնում Ազատ Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտումը:
6 Փետրուար 2012թ.