ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հանրային ելոյթներն ընդհանրապէս ծանուցւում են, եւ որքան շատ լինի ներկայ բազմութիւնը, այնքան յաջողուած կը համարուի ձեռնարկը: Այդ երեկոյ այդպէս չէր:

Լարք երաժշտանոցի լսարաններից մէկում հաւաքուել էին ուսանողներ, ուսուցիչներ, մի քանի բարեկամներ: Պարոն Վարդգէսը պատրաստել էր վիդէոյի նկարահանման խցիկը, մի կողմում՝ սեղանի վրայ տեղադրուած էին իւրօրինակ ուտելիքներ, եւ դպրոցը կազմ ու պատրաստ, մօտաւորապէս 20-25 հոգի լսելու էին հայ քնարերգութեան գոհարներից՝ արեւմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցին նուիրուած դասախօսութիւնը:
Հանրաճանաչ Սարգիս Մահսէրէճեանն էր, որ իր վերլուծական հմտութեամբ պիտի ներկայացնէր վաղամեռիկ գրողին: Մօտաւորապէս մէկ ժամ տեւող ելոյթը բովանդակալից, բազմաճիւղ, բարձրամակարդակ, միեւնոյն ժամանակ նոյնիսկ պարզ աշակերտին հասանելի ոճով փոխանցուեց ունկնդրին: Տեղեկացանք, որ 1908 թուին մահացած ակնեցի գրողն իր քսաներկուեւկէս տարուայ կեանքով կարողացել է անմահ էջեր դրոշմել մեր գրականութեան պատմութեան մէջ: Պատկերների եւ տրամադրութիւնների փիլիսոփայ լինելու աստիճան թափանցել է իրերի խորքը, իր իսկ ստեղծած բառապաշարով առաւել եւս յղկել եւ գունաւորել է դրանք: Մայրենի լեզուի քաջ գիտակը տիրապետել է նաեւ օտար լեզուների, որը թերեւս օգնել է Մեծարենցին իր բանաստեղծական լեզուն դարձնելու աւելի կենդանի եւ շնչող: Միսաք Մեծարենցի գրական վաստակը, որ կարելի է ամփոփել հազիւ մի գրքոյկի մէջ հայ գրական մտքի անկիւնաքարերից մէկն է:
Դասախօս Սարգիս Մահսէրէճեանն այդ երեկոյ հայոց լեզուի եւ գրականութեան առաջնորդի պատասխանատուութեամբ բոլորիս ուղեկցեց Միսաք Մեծարենցի քնարական անդաստանում, նրա արեւների եւ գիշերների ոստաններում, յիշեցրեց մեզ մեծարենցեան տողերը. «Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին, հաշիշով օծուն եւ բալասանով», նաեւ՝ այլ տողեր, որոնք պիտի յաւերժացնէին Միսաք Մեծարենցին մեր ժողովրդի գրական պանթէոնում, մնալով միշտ ժամանակակից՝ նորացած նրան յիշողների եւ գնահատողների ազնիւ վերաբերմունքով: