ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Շաբաթներ շարունակ քննարկում ենք աշխարհի տնտեսական վիճակը եւ այդ ընթացքում դրական կամ

բացասական զարգացումների մասին խօսում, երբեմն յուսադրող լուրեր ենք դիտարկում, երբեմն էլ յուսահատւում ենք մեր ընթերցողի հետ, քանի որ ապագան աղօտ եւ անորոշ է թւում: Մենք այստեղ որեւէ առաքելութեամբ հանդէս չենք գալիս, չենք ձգտում աշխարհը «վարդագոյն ակնոցի» միջոցով ներկայացնել, չենք փորձում ոչ ոքի վախեցնել, թէ աշխարհի վերջը մօտ է: Մեր նպատակն է միայն ներկայացնել այն տեղաշարժները, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ ձեզ հետ փորձել դիմակայել այն բոլոր դժուարութիւններին, որոնք բաժին են ընկել երկրին եւ մեզ բոլորիս: Սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում Միացեալ Ազգերի կազմակերպութեան անդամ երկրների ներկայացուցիչները Դուրբանում քննարկում էին եւս մէկ հարց, որը նմանապէս կենսական նշանակութիւն ունի բոլորիս համար. խօսքը վերաբերում է գլոբալ տաքացման դէմ ուղղուած միջոցների կապակցութեամբ կազմակերպուած գագաթաժողովին:
Բոլորս լսել ենք Կիոտոյի համաձայնագրի մասին, շատերն էլ տեղեկացուած են, որ այն վերաբերում է երկրագնդի մթնոլորտ արտանետուող գազերի ծաւալի սահմանափակմանը: Այս փաստաթուղթը դեռ 1997թ. է ընդունուել, եւ այդ օրուանից ի վեր կանոնակարգում է այսպէս կոչուած «ջերմոցային գազերի» արտանետումը մթնոլորտ: Ներկայիս գագաթաժողովը պէտք է հիմքեր պատրաստէր 2012թ. Կիոտոյի համաձայնագրի ժամկէտի սպառման պայմաններում ոլորտը հնարաւորինս կանոնակարգուած տեսնել: Այն նոյնպէս նպատակ ունէր աւելի լուրջ վերահսկողութիւն սահմանել նշուած ոլորտում տարբեր երկրների գործողութիւնների նկատմամբ, չէ՞ որ նախկին համաձայնութիւնը ձեռք էր բերուել դեռ նախորդ տասնամեակում, իսկ այդ ընթացքում մեր մոլորակի մթնոլորտի վիճակն աւելի է վատթարացել: Մեզ ամէնից շատ մտահոգում է բնութեանն այնպիսի վնաս պատճառելը, որը հնարաւոր չլինի որեւէ կերպ շտկել. այդ պարագայում չենք կարողանայ առանց սահմանափակումների ապրել մեր հարազատ մոլորակի վրայ:

Այս ամէնը իսկապէս զարհուրելի է հնչում, եւ ակամայից յիշում ես, որ ամբողջ տիեզերքում բնակութեան համար պիտանի որեւէ վայր գիտնականները դեռ չեն գտել: Չեմ կարող պատկերացնել, թէ ինչպէս կարող ենք մենք գոյատեւել թթուածնի պակասի, ջրի աղտոտուածութեան, բուսական եւ կենդանական աշխարհի սակաւութեան պայմաններում: Տարօրինակ է, սակայն հոգեբանութեան տեսակէտից լիովին ընկալելի, որ մարդը մինչեւ վերջին պահը չի հաւատում, որ ամենազարհուրելի իրադարձութիւնը կարող է տեղի ունենալ իր կեանքի ընթացքում: Մենք էլ նմանապէս չենք հաւատում, որ ականատեսը կը լինենք բոլոր այն սարսափների, որոնք նկարագրում են կլիմայի փոփոխութեան հարցերով զբաղուող գիտնականները:
Այս գագաթաժողովի ժամանակ էլ հնչում էին կանխատեսումներ այն մասին, որ նոյնիսկ ներկայիս որոշումներին կատարեալ աչալուրջ հետեւելու պայմաններում մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացումը հնարաւոր չի լինի զսպել 2՛C-ի սահմաններում, լաւագոյն դէպքում կը կարողանանք սահմանափակուել 4՛C-ով: Առաջին հայեացքից այս թուերը կարող են չափազանց փոքր թուալ այն մարդկանց, ովքեր չեն տիրապետում մասնագիտական հիմնաւորումների: Այնուամենայնիւ, նման փոփոխութիւնը հսկայական ծաւալների տեղաշարժների հիմք կարող է հանդիսանալ: Հէնց այս է պատճառը, որ հանդիպման մասնակիցները ոչ պաշտօնապէս բաժանուել էին երկու հակամարտող խմբերի. Եւրամիութեան գլխաւորութեամբ հանդէս եկող խումբը իր միանշանակ վերաբերմունքն էր արտայայտում վնասակար արտանետումների հարցում «խտրականութիւն» ցուցաբերող պայմանների վերաբերեալ: Կիոտոյի համաձայնագրին համահունչ զարգացող երկրները ներկայումս ազատուած են մթնոլորտի աղտոտման հարցում որեւէ պատասխանատուութիւնից, նրանք նաեւ ստիպուած չեն սահմանափակումներ կիրառել իրենց տնտեսութիւնների նկատմամբ: Այս արտօնութիւններն են պատճառը, որ զարգացող երկրների շարքին պատկանող Հնդկաստանն ու Չինաստանը խիստ հակամարտող դիրքորոշում էին ցուցաբերում Կիոտոյի համաձայնագրի այս հատուածի փոփոխման վերաբերեալ: Ժամանակին այս տարբերութիւնը ներմուծուել էր հաշուի առնելով այն փաստը, որ զարգացած երկրներն են հիմնականում պատասխանատու կլիմայի կտրուկ փոփոխութեան համար, իսկ զարգացող երկրներին հնարաւորութիւն էր պէտք ընձեռել սեփական տնտեսութիւնը զարգացնելու համար: Այս բարի կամեցողութիւնը յանգեցրել է նրան, որ հէնց զարգացող երկրներն են պատասխանատու մթնոլորտի աղտոտման 58 տոկոսի համար:
Այս վիճակագրական տուեալները հաւաստում են, որ Հարաւային Կորէայի, Սաուդեան Արաբիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի տնտեսութիւններն արդէն ի վիճակի են առանց լուրջ վնասների իրենց արտադրամասերը վերազինել «ջերմոցային գազերի» արտանետումները սահմանափակող սարքաւորումներով: Այս բարեփոխումներին ընդառաջ՝ գագաթաժողովի մասնակիցները համաձայնութեան են եկել մինչեւ 2015թ. արտանետումների զսպման նոր ձեւաչափ մշակել, որն էլ կը գործարկուի 2020թ.ից սկսած: Մասնագէտները սա հսկայական ձեռքբերում են համարում Դուրբինի գագաթաժողովի համար, քանի որ այն անցկացւում էր մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը տարուած է բազում այլ խնդիրներով, բոլոր երկրները ստիպուած են ծախսերի լուրջ կրճատում իրականացնել, իսկ մարդիկ եւ մասնաւորապէս քաղաքական գործիչները առօրեայ խնդիրնրի վրայ են կենտրոնացել՝ անտեսելով ապագան եւ իրենց երեխաների ժառանգութիւնը:
Նախքան հանդիպումը՝ ոլորտի մասնագէտներն այն կարծիքին էին, որ Հնդկաստանին եւ Չինաստանին, ինչպէս նաեւ արտօնութիւններից մեծապէս օգտուող երկրներին կը յաջողուի կասեցնել նոր, աւելի խիստ պայմանների ներմուծումը, սակայն նրանք սխալուեցին: Եւրամիութեանը յաջողուեց իր շուրջ համախմբել աֆրիկեան եւ փոքր կղզիների վրայ տեղակայուած մի շարք երկրների եւ դրանով թոյլ չտալ որոշ երկրների նեղ շահերի պաշտպանութիւնը: Բացի այդ չափազանց ուրախալի է այն հանգամանքը, որ գործող համաձայնագրին փոխարինելու է գալիս նոր մի փաստաթուղթ, որը արտանետումների կրճատումը բաշխելու է բոլոր երկրների միջեւ՝ առանց որեւէ կերպ տարբերակելու զարգացող եւ զարգացած խմբերը: Այս դէպքում գուցէ ամէնամեծ կորուստն ունենայ Հնդկաստանը, քանի որ այս երկրի տնտեսութիւնը դեռեւս բաւականաչափ զարգացած չէ, որ կարողանայ այսպիսի լայնածաւալ փոփոխութիւնները անվնաս ձեւով կատարել: Ընթերցողը կը մտածի. «Իսկ չէ՞ որ Չինաստանի տնտեսութիւնն աւելի մեծ ծաւալներ ունի: Տրամաբանօրէն այն աւելի մեծ բարդութիւնների առաջ պիտի կանգնի»: Մասամբ համաձայն եմ այս պնդման հետ, սակայն չինացիները այս հարցում էլ են իրենց արտառոց հնարամտութիւնը ցուցաբերել: Ժամանակից առաջ անցնելով պետութիւնը վաղուց նախատեսել էր միջոցառումներ իրականացնել վերականգնուող էներգիայի աղբիւրների զարգացման եւ էներգիայի խնայման սխեմաների ներգրաւմամբ: Չինական տնտեսութեան ներկայիս վիճակը հաշուի առնելով կարելի է նաեւ պնդել, որ երկիրը նաեւ մեծ օգուտ կը քաղի նման համակարգից: Գուցէ ինչ-որ մէկը նախանձով լցուի նրանց հանդէպ, բայց անձամբ ես միայն կողմ կը լինեմ, եթէ մոլորակի խնդիրները լուծելու արդիւնաւէտ ճանապարհ գտնուի, որն էլ մենք բոլորս կը կարողանանք կիրառել ի բարօրութիւն ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ:
Այստեղ հարկ է յիշատակել, որ մեզանից իւրաքանչիւրը պատասխանատուութիւն է կրում այս փոփոխութիւնների համար. ամէն երիտասարդ, ով ցանկանում է իր սեփական մեքենան ունենալ եւ հասարակական տրանսպորտից անկախ տեղաշարժուել, ամէն քաղաքացի, ով ձեռք է բերում իրեր, որոնք իրեն անհրաժեշտ չեն, որոնք նա երբեւէ չի էլ օգտագործելու, սակայն գնում է յագուրդ տալով իր հաճոյքներին: Կարիք չկայ, որ մենք բոլոր խնդիրները բարդենք քաղաքական գործիչների վրայ՝ կարծելով, թէ դա նրանց որոշելու խնդիրն է: Մենք բոլորս մեր հերթին պիտի մտածենք, թէ ինչպիսի մոլորակ պիտի թողնենք մեր ժառանգներին եւ մեր ուժերի չափով փորձենք աջակցել այս բոլոր նախաձեռնութիւններին: