ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Կարո՞ղ է արդեօք երկիրը կոչուել սոցիալական, երբ աղքատութեան շեմը անցնում է 35 տոկոսի սահմանը, երբ երկրի բնակչութեան իւրաքանչիւր երրորդը աղքատ է, իսկ իւրաքանչիւր տասներորդը ծայր աղքատ: Իհարկէ, ճիշտ այնպէս, ինչպէս իրաւական երկիր ենք, ու գործադիր իշխանութեան իրականացնող գաւառական բդեշխները հաշուեյարդարը դիտում են որպէս կառավարման արդիւնաւէտ մեխանիզմ, տարիներ շարունակ այս վարքագծով իշխանութիւն են իրականացնում ու իշխող կուսակցութեան նշանը խփած շարունակում անպատիժ մնալ՝ խայտառակելով ու վարկաբեկելով այդ իսկ իշխանութեանն ու պետութեանն առհասարակ: Իսկ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնն հաստատում է, որ Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական եւ իրաւական երկիր է, իսկ նոյն սահմանադրութեան 32րդ յօդուածն ամրագրում, որ նուազագոյն աշխատավարձը պէտք է սահմանուի օրէնքով եւ բաւարարի արդարութեան չափանիշը:
Այն, որ չափանիշները մեզանում խաթարուած են հիմնաւորելու կարիք չկայ, ժամանակի կորուստ է, այն, որ Հայաստանը երկու տարբեր իրականութիւններում է ապրում, նոյնպէս ապացուցելու կարիք չկայ. մի կողմից Շնորհալու բարեպաշտութեամբ, գիտելիքահեն ու մրցունակ, միջազգային չափանիշներին սոսկ պայմանագրերով անդամակցած վիրտուալ Հայաստանն է, միւս կողմից ամէն վայրկեան արժանապատուութիւնն ու իր մարդկային իրաւունքը ոտնահարուած անպաշտպան հայ քաղաքացին, որն իր եւ իր ընտանիքը գոյատեւման երաշխիքները բոլորովին էլ սեփական հայրենիքում չի տեսնում, եւ ինչպէս վարչապետն է անկեղծութեան պահերին խոստովանում՝ յեղափոխութիւն չանելու փոխարէն հարկադրուած լքում է հարյենիքը: Այո, մենք վերածուել ենք աշխատուժ արտահանող երկրի, որովհետեւ սեփական իշխանութիւնները պարզապէս անկարող են եւ անունակ հաւասարակշռուած եւ արդար սոցիալական քաղաքականութիւն իրականացնել: Այնինչ նուազագոյն աշխատավարձի կարգաւորումը պետութեան պարտաւորութիւնն է, ոչ միայն քաղաքական խնդիր է, այլեւ երկրում սոցիալական համերաշխութեան գործիք: Չի կարելի շարունակ այլոց համար օրէնքներ սահմանել, մի նեղ շրջանակի համար բացառութիւններ ու զարմանալ ու ընդվզել, որ ժողովուրդը արդարութիւնն ու իր իրաւունքի պաշտպանութիւնը անհանգիստ փողոցում է փնտռում՝ յայտնուելով նաեւ աւանտիւրիստների (արկածախնդիրներու-Խմբ.) ճանկերում:
2007 թուականից սկսած այս նոյն դահլիճում գրեթէ ամէն տարի բիւջէի նախագծի շրջանակներում կառավարութիւնը խոստացել է աշխատավարձերի հաշուարկման հայեցակարգ մշակել: Հայեցակարգն այդպէս էլ չի մշակւում, իսկ կառավարութիւնը կոռուպցիայի նկատմամբ խիստ զգայուն ու միեւնոյն ժամանակ սիրելի հարկամաքսային ու դատաիրաւական մի շրջանակ ունի, որոնց աշխատավարձը տարբեր արտաբիւջետային ֆոնդերի ու հաւելումների հաշուին շարունակ բարձրացնում է, բայց այդպէս էլ ոչ մեր երկրի կոռուպցիոն ցուցանիշների են բարելաւուում, ոչ բիզնես միջավայրն է թափանցիկ դառնում, ոչ էլ դատաիրաւական համակարգն է անկախանում: Իսկ հանրապետութեան բնակչութեան մի ստուար հատուած պարզապէս կեղեքւում է երկրի կառավարումը ձախողած իշխանութիւնների սոցիալական ու իրաւական կամայականութիւններից՝ արդարացիօրէն ելքը հայրենիքից դուրս փնտռելով:
Թող փորձի այս դահլիճում նստած մեզանից իւրաքանչիւրը գոնէ երկու օր գոյատեւել 32500 դրամով, եւ ես յետ կը վերցնեմ իմ գնահատականները:
Նուազագոյն աշխատավարձի կարգաւորումը իրապէս որքան քաղաքական, նոյնքան բարոյական խնդիր է ու գործիք: Իսկ միգուցէ հէնց լաւ էլ մտածուած խնդիր է, չէ որ աղքատութեան դատապարտած քաղաքացու ձայները հեշտ է առնելը, իսկ առջեւում 2012ի Մայիսն է:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Ազգային Ժողովի ՀՅԴ Խմբակցութեան անդամ է: