«ԵՐԿԻՐ» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ
Սիւնիքի մարզպետի երէկուայ արարքը՝ հասարակական վայրում կնոջ նկատմամբ գործադրուած բռնութիւնը, միայն նրա մարդկային տեսակով չէ պայմանաւորուած: Դա արդիւնք է անպատժելիութեան, ամենաթողութեան, տարբերակուած վերաբերմունքի այն մթնոլորտի, որի պայմաններում նման բարձրաստիճան չինովնիկի (պետական պաշտօնեայի-Խմբ.) այսպիսի վարքագիծը դառնում է ոչ միայն հնարաւոր, այլեւ կանխատեսելի:
Անցած տարի նախագահը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանին ստիպեց հրաժարական տալ՝ այդ քաղաքական որոշումը պայմանաւորելով վերջինիս կողմից պաշտօնեային անյարիր վարքի դրսեւորմամբ: Սիւնիքի մարզպետը, ում համար այլեւս նուաճուած է նաեւ հրապարակաւ կնոջ վրայ ձեռք բարձրացնելու «բարձունքը», մի քանի անգամ իր, իր հարազատների եւ շրջապատի պահուածքի համար ենթարկուել էր սուր քննադատութեան: Բայց նրա գործողութիւններում ոչ ոք պաշտօնեային անյարիր վարքի դրսեւորում չի տեսնում: Հակառակը՝ թէ՛ վարչապետը եւ թէ՛ հանրապետութեան ղեկավարը յամառութեամբ շարունակում են աչք փակել ակնյայտ իրողութիւնների վրայ:
Անհասկանալի է, թէ ի՞նչ է դրանով ուզում իշխանութիւնը հասկացնել հասարակութեանը, որի իւրաքանչիւր անդամ այս անտարբերութեան պոտենցիալ (հաւանական-Խմբ.) զոհ է: Ակնյայտ է, որ այսօր տարբեր չինովնիկների, գործարար եւ նրանց հետ կապուած քրէական շրջանակների նման վարքագծի համար հաւասարապէս պատասխանատու է նաեւ նրանց գոյութիւնը հանդուրժող իշխանութիւնը:
Նոյեմբեր 15, 2011