ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Թուրքերն այսօր բացայայտ խօսում են Օսմանեան կայսրութեան վերականգնման մասին:
Իհարկէ, դա ուզում են անել այլ փաթեթաւորմամբ, սակայն էութիւնը դրանից չի փոխւում: Եւ սա պարզապէս խօսակցութիւնների մակարդակով չէ, այլ կայ յստակ ձեւակերպուած եւ իրականացուող պետական քաղաքականութիւն: Եթէ ժամանակին Լենինը Ռուսաստանեան կայսրութիւնը կոչել է «ժողովուրդների բանտ», ապա Օսմանեան կայսրութիւնը հաստատապէս կարող ենք կոչել «ժողովուրդների սպանդանոց»: Խօսքը հէնց ա՜յդ սպանդանոցի վերականգնման մասին է: Աշխարհում չի եղել որեւէ այլ պետական միաւորում, գոնէ վերջին հինգը հարիւր տարուայ մէջ, որտեղ այլազգիները եւ այլակրօնները պետական մակարդակով եւ օրէնսդրօրէն ենթարկուած լինեն բազմաբնոյթ խտրականութեան, դաժան ջարդերի եւ, ի վերջոյ, աննախադէպ ցեղասպանութեան:
Պատկերացնո՞ւմ էք՝ ի՛նչ կը լինէր, եթէ գերմանացիները խօսէին Երրորդ ռայխի կամ դրա ազդեցութեան վերականգնման մասին: Իսկ մենք լռութեան մատնեցինք եւ լռութեան ենք մատնում թուրքական նման յայտարարութիւնները: Փոխանակ, որպէս այդ կայսրութեան եւ դրա իրաւայաջորդի կողմից ցեղասպանութեան ենթարկուած եւ հայրենազրկուած ազգ ու պետութիւն, ամէն քաղաքական խաչմերուկում բողոքէինք դրա դէմ: Թերեւս մեր ակնկալիքն այն է, որ թուրքերը երախտագիտութեամբ կը փոխադարձեն մեր զուսպ վարքին: Երջանիկ միամտութիւն, որը կարող է ունենալ միայն թուրքերին չճանաչողը: Միթէ՞ պարզ չէ, որ Օսմանեան կայսրութեան վերականգնումը, անկախ նրա դրսեւորման ձեւից, նշանակում է Հայաստանի Հանրապետութեան վերջը:
Օրեր առաջ աշակերտի պարզ հարցին՝ Հայաստանի ապագայ սահմանների վերաբերեալ, Սերժ Սարգսեանը տուել է բաւականին մեղմ, խիստ ընդհանուր, ես կ՛ասէի՝ խուսափողական, պատասխան: Աւելին, նա ըստ էութեան ասել է, որ ինքը մտադիր չէ Թուրքիային որեւէ պահանջ ներկայացնելու, քանի որ իր սերնդի գործը համարել է աւարտուած: Նա չի ասել, որ որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահ ամէն ինչ անելու է որպէսզի վերջ դրուի Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան տարածքի, կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքի եւ ոչ թէ վերացական հայկական հողերի, Թուրքիայի կողմից ապօրինի ռազմակալմանը:
Այս միջադէպը երեւի աննկատ կը մնար, եթէ չլինէր Թուրքիայի կողմից բարձրացուած աղմուկը: Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը տուեալ դէպքում: Կարծում եմ՝ հերթական անգամ Հայաստանից հաւաստիացումներ պոկելն (իսկ դա մի անգամ արդէն ամրագրուել է արձանագրութիւնների մէջ) առ այն, որ Հայաստանը Թուրքիայից որեւէ պահանջ չունի, այսինքն՝ ուրացման քաղաքականութեան միջոցով Հայաստանի հերթական ստորացումը միջազգային յարաբերութիւններում: Թուրքիայի այսօրուայ վարքի մէջ է դրսեւորւում նաեւ տխրահռչակ հայ-թուրքական արձանագրութիւնների գաղտնիքը: Շատերն ասում են՝ Թուրքիայի ինչի՞ն էր պէտք ստորագրել տալ արձանագրութիւնները, նախապէս իմանալով, որ դրանք չի վաւերացնելու: Ոնց թէ՛ ինչին էր պէտք, բա հայոց պետականութեան հրապարակային ստորացումը: Թուրքիան աշխարհին ցոյց տուեց, որ իր հետ յարաբերութիւնների համար հայերը պատրաստ են գնալ գրեթէ ամէն ինչի, ամէն ուրացումի:
Սա գործնական հարթութեան վրայ, իսկ խորքային առումով Թուրքիայի նպատակներն աւելի վտանգաւոր են: Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրաւունքից: Թուրքերը մեզ զրկել են գրեթէ ամէն ինչից, իսկ հիմա էլ ուզում են զնդանել մեր ոգին եւ շղթայել մեր միտքը: Զրկէք ցանկացած ազգի երազելու ունակութիւնից, եւ նա ազգից կը դառնայ սպառողական շուկայ:
Երազանքը, անգամ անիրականանալի թուացող երազանքը, ազգի ոգու աղն է, որը փրկում է այդ ոգին փչանալուց:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ «Մոդուս վիվենտի» կեդրոնին ղեկավարն է