ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
Ղարաբաղեան խնդրի արագ կարգաւորման ջանքերի ակտիւացման (աշխուժացման-Խմբ.) ֆոնին Ադրբեջանն ակտիւացրել է միջազգային ասպարէզում սեփական դիրքերի ամրապնդմանն ուղղուած քաղաքականութիւնը:
Այս համատեքստում «Պարունակի մէջ-Խմբ.) էլ պէտք է ընդունել 2012-2013 թթ. արեւելաեւրոպական խմբից ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ժամանակաւոր անդամ առաջադրուելու պաշտօնական Բաքուի մտադրութիւնը: Ընտրութիւնները կ՛անցկացուեն արդէն այս տարուայ աշնանը:
Ինչպէս վերջերս յայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչութեան ղեկավար Էլմար Մամեդեարովը, իր երկիրը Ռուսաստանի աջակցութիւնն է ակնկալում: Նա նշել է, որ արդէն քննարկել է այդ հարցը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լաւրովի հետ, եւ որ նման աջակցութիւնը շատ կարեւոր է Ադրբեջանի համար:
ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդը հինգ մշտական անդամներ ունի՝ Ռուսաստանը, ԱՄՆը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպէս նաեւ 10 ժամանակաւոր անդամներ, որոնք ընտրւում են երկու տարի ժամկէտով:
«Ես չեմ ցանկանում առաջ անցնել եւ այսօր ասել, թէ ինչ կ՛անի կամ չի անի Ադրբեջանը ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ժամանակաւոր անդամ դառնալուց յետոյ: Կարող եմ միայն ասել, որ Ադրբեջանը հարցերի յստակ տեսլական եւ ծրագիր ունի այն դէպքերի համար, եթէ մենք յամենայն դէպս դառնանք Անվտանգութեան խորհրդի անդամ», նշել է ՄԱԿում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեհտիեւը:
«ՄԱԿում մշտական ներկայացուցչութեան առաջնային ուղղութիւններից մէկը, անկասկած, երկրի համար ամենակարեւոր խնդրի՝ ղարաբաղեան հակամարտութեան գծով աշխատանքն է», ընդգծել է Մեհտիեւը:
Նշենք, որ ՄԱԿն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը նրա խորհրդային սահմանների շրջանակներում: Այդ իսկ պատճառով Բաքուն փորձում է աւելի սերտօրէն համագործակցել ՄԱԿի հետ:
«Մեր դիրքորոշումն այն է, որ ինչքան շատ միջազգային կառոյցներ այդ հարցի մասին տեղեկացուած լինեն եւ իրենց ուժերի ներածին չափ եւ իրաւասութիւնների շրջանակներում մասնակցեն հակամարտութեան կարգաւորմանը, այնքան աւելի լաւ»:
Այսօր ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ժամանակաւոր անդամի տեղի համար պայքարում են արեւելաեւրոպական խմբից միայն երեք երկիր: Բացի Ադրբեջանից, դրանք Հունգարիան եւ Սլովենիան են: Վերջերս յայտնի է դարձել, որ Հայաստանը, որն աւելի վաղ մտադրութիւն էր յայտնել առաջադրուելու, հրաժարուել է:
«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագէտ Թաթուլ Յակոբեանը նշում է. «Հայաստանի արտաքին քաղաքականութեան սխալը պայքարից հրաժարուելն է. հարկ էր պայքարել այն տեղի համար, որի համար այսօր պայքարում են Ադրբեջանն ու Եւրամիութեան երկու անդամներ: Պայքարել ոչ միայն անցնելու փորձ անելու համար, այլեւ խոչընդոտելու Ադրբեջանի հնարաւոր անդամակցութիւնը»:
Նրա կարծիքով՝ եթէ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ժամանակաւոր անդամի տեղի համար պայքարէին Հայաստանն ու Ադրբեջանը, ապա նրանցից մէկի ընտրութիւնն անհաւանական կը լինէր: Եւ Երեւանը պէտք է օգտագործեր այս հնարաւորութիւնը:
«Միջազգային կառոյցներում Հայաստանը եւ Ռուսաստանը որպէս ռազմավարական դաշնակիցներ սովորաբար աջակցում են միմեանց: Այսօր, երբ Հայաստանը հանել է իր թեկնածութիւնը, Ռուսաստանը խնդիրներ չի ունենայ յօգուտ Ադրբեջանի քուէարկելու հարցում: Ընտրութիւններին մասնակցելուց Հայաստանի հրաժարուելը Ռուսաստանի ձեռքերն ազատ է արձակում, եւ նա կը քուէարկի այնպէս, ինչպէս ցանկանայ», ասում է Յակոբեանը:
Փորձագէտի կարծիքով՝ նման իրավիճակ կարող է ստեղծուել նաեւ արաբական երկրների դէպքում:
«Արաբական եւ մահմեդական երկրները, իրենց ճնշող մեծամասնութեամբ, հաշուի առնելով կրօնական համերաշխութիւնը, քուէարկում են յօգուտ Ադրբեջանի, սակայն նրանց մէջ կան երկրներ, որոնք շեղուել են ուղղութիւնից, երբ պէտք էր ընտրութիւն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն այսօր, երբ Հայաստանն արդէն չի պայքարում ՄԱԿի Անվտանգութեան խորհրդին ժամանակաւոր անդամակցութեան համար, Լիբանանը, Սիրիան եւ Եգիպտոսը, ինչպէս նաեւ Ռուսաստանն արդէն երկմտելու առիթ չունեն: Նրանք կարող են հանգիստ քուէարկել յօգուտ Ադրբեջանի»:
Եւ այսօր հայ դիւանագէտների ու լոբբիստների համար անհամեմատ դժուար կը լինի եւ ինչ-որ տեղ ոչ կոռեկտ (բարոյապէս սխալ-Խմբ.) համոզել Ռուսաստանին, Լիբանանին, Սիրիային եւ այլ բարեկամական երկրների, որպէսզի նրանք Ադրբեջանի դէմ քուէարկեն: Դրա հետ մէկտեղ, Ադրբեջանի՝ որպէս ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի ժամանակաւոր անդամ ընտրուելը յղի է Հայաստանի վրայ միջազգային ճնշում գործադրելու ուժեղացմամբ:
Անվտանգութեան խորհուրդը իրաւասու է «քննել ցանկացած վէճ կամ ցանկացած իրավիճակ, որը կարող է յանգեցնել միջազգային տարաձայնութիւնների կամ վէճ առաջացնել՝ որոշելու, թէ չի՞ կարող արդեօք այդ վէճի կամ իրավիճակի շարունակութիւնը սպառնալ միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան պահպանմանը»:
Այն նաեւ «որոշում է խաղաղութեանը սպառնացող ցանկացած սպառնալիքի, խաղաղութեան ցանկացած խախտման կամ ագրեսիայի ակտի գոյութիւնը եւ յանձնարարականներ է տալիս կամ որոշում է, թէ ինչ միջոցներ պէտք է ձեռնարկի միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման կամ վերականգնման համար»:
ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդն իրաւասու է նաեւ հարկադրական միջոցներ կիրառել միջազգային խաղաղութիւնն ու անվտանգութիւնը խախտող պետութիւնների նկատմամբ, ի թիւս որոնց՝ հարկադրական միջոցներ՝ կապուած զինուած ուժ կիրառելու հետ:
ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ «Արմէնիանաու» համացանցային լրատուական գործակալութեան թղթակից է