ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
«Տնտեսական ճգնաժամը ստիպել է», «տնտեսական ճգնաժամի հետեւանքով պարզուեց», «տնտեսական ճգնաժամի պատճառով» եւ նմանօրինակ արտայայտութիւններով է սկսւում այս ակնարկների ճնշող մեծամասնութիւնը, եւ ինքնին ճգնաժամ բառը բացասական (մեղմ ասած) իմաստով լեցուն է: Բայց կարող ենք փորձել մի փոքր լոյս տեսնել ճգնաժամի համատարած այս մթնոլորտում ու լաւատեսօրէն տրամադրել եւ տրամադրուել, քանի որ շատ անգամ այն ինչ փնտռում ենք, մեր աչքի առջեւ է, ընդամէնը պէտք է «ծածկոցը» բարձրացնել:
Աշխարհի շատ երկրներ այսօր սնանկութեան եզրին են կանգնած կամ արդէն սնանկացել են, բայց սա աւելի խորը սնանկացում է, քան դրամատնտեսականը: Բանն այն է, որ յատկապէս մենք՝ ամերիկացիներս, իւրօրինակ կերպով ենք ըանկալում «բարգաւաճում», «հաճոյք», «ուրախութիւն» հասկացութիւնները, եւ ցաւօք աշխարհում շատերն են հետեւել մեզ՝ մեր չափանիշները կրկնօրինակելու ձգտումից դրդուած: Մեaզ համար շատ հարցերում՝ որքա՛ն շատ է, այնքան լաւ, որքա՛ն արագ ու հեշտ է, այնքան բաւարար, որքա՛ն մեծ է, այնքան գրաւիչ: Մենք դարձել ենք ապրանքապաշտ, եւ ոմանց դա իրական երջանկութիւն է պատճառում, քանի որ երջանկութեան այլ ձեւ չենք պատկերացնում: Բայց շատ-շատերը, հասնելով իրենց ձգտած բարօրութեանը, շրջապատուելով իրենց թանկարժէք իրերով, ապրելով սարերի գլխին, վարելով 100 հազարանոց ինքնաշարժներ՝ յանկարծ գիտակցում են, որ… երջանիկ չեն:
Աւելին, հասկանում են, որ ինչ որ բան չի բաւարարում իրենց կեանքում: Սրանցից ոմանք կարողանում են գիտակցել, թէ ինչու՞ է իրենց կեանքն այսպիսի ընթացք ստացել, եւ կտրուկ շրջադարձներ են կատարում: Այլապէս ինչպէս կը բացատրէք այն հանգամանքը, որ տասնեակ հազարաւոր մարդիկ, աշխարհում ունենալով բազմաթիւ բարեկամներ, յանկարծ որոշում են իրենց հարստութիւնը թողնել մի որբանոցի կամ այլ բարեսիրական կազմակերպութեան: Խօսքն այն անձանց մասին չէ, ում ընտանիքում սովորութիւն է եղել եկամտի մի մասը բարեգործութեան տրամադրել, այլ նրանց, ովքեր կուտակել են, մեծացրել, ամրացրել, որեւէ մէկին ձեռք չեն մեկնել, բայց վերջում իրենց ողջ ունեցուածքը կամ դրա մեծ մասը տուել են անծանօթ մի կազմակերպութեան՝ հիմնականում բարեգործական գաղափարներով տոգորուած:
Այսօրուայ աշխարհում ցոփ ու շուայտ կեանքն է դարձել երջանկութեան չափանիշ. խոշոր հարստութիւններ, թանկարժէք զարդեր եթէ ունես, ուրեմն լաւ մարդ ես: Քչերն են հարցնում, թէ այսօր ինչ ես ստեղծել, ում ձեռքից ես բռնել, որպէսզի չընկնի, ում ես յոյս ու հաւատ ներշնչել, որպէսզի կարողանայ դուրս գալ դժուարին կացութիւնից: Եթէ նման հարց տաս մէկին, կը մտածի, թէ խելքդ թռցրել ես:
Այստեղ հարկ եմ համարում յիշատակել մի միջադէպ, որը խորը տպաւորուել է ուղեղումս: Մօտ 15 տարի առաջ, գուցէ աւելի, ինձ բախտ վիճակուեց մասնակցել մի միջոցառման: Լուսահոգի հայրս խնդրեց իրեն տանել Փասադինայի սրահներից մէկը, ուր ելոյթ պիտի ունենային Հայաստանից ժամանած հիւրեր: Ելոյթի բացման խօսքը կատարեց ինձ անծանօթ ոմն՝ Մուրադ Թօփալեան՝ յաղթանդամ, արծուի հայեացքով, ներկայանալի մի մարդ: Ողջոյնին հետեւեց անկեղծ մի խօսք, որը մօտաւորապէս հնչում էր այսպէս. «Ամօ՛թ է, մենք սարերի վրայ կառուցել ենք մեր տներն ու հանգիստ, ապահով ապրում ենք շռայլութեամբ շրջապատուած, իսկ ի՞նչ ենք անում հայրենիքի համար, որքա՞ն ենք մեզ նուիրում նրան»: Նրա «ամօթ է» արտայայտութիւնը այնքա՛ն տպաւորիչ էր այն ժամանակ, որ երբ նրան տեսայ վերջերս խմբագրութեան շէնքի մօտ, ցանկացայ յիշեցնել իր կրակոտ ելոյթը, բայց ընդամէնը ամուր սեղմեցի ձեռքն ու շարունակեցի ճանապարհս:
Բանախօսի զայրոյթը արդարացի էր: Մենք, որ թմրում ենք առարկայամոլ ու նիւթապաշտ աշխարհի ճիրաններում, ստիպուած ենթարկուելով դրա պարտադրած որոշ օրէնքներին (որովհետեւ ուրիշ ճար չունենք), որքանո՞վ ենք գիտակցում, որ նոյնը յարատեւ երջանկութեան, բաւարարուածութեան չի յանգեցնում, եւ որքանո՞վ ենք երիտասարդ սերնդին դաստիարակում այդ ոգով: Նոյնիսկ պարկեշտ մարդիկ աստիճանաբար «յարմարւում են» պայմաններին ու յորդորում իրենց զաւակներին այս կամ այն ճանապարհով գնալ, քանի որ իրենց ընտրած ճանապարհի մէջ «հաշիւ չկայ»: Իսկ երիտասարդի նախասիրութի՞ւնը:
Տեսէք, թէ ինչի է յանգեցրել ցոփ ու շուայտ կեանքը կուռք դարձնելու մոլուցքը: Արդիւնքում այս չաստուածը միլիոնաւոր մարդկանց կանգնեցրել է դրամական, կենսական, ստեղծագործական սնանկութեան առջեւ: Այդ ինչպէ՞ս եղաւ, որ աճող, բարգաւաճող երկիրն այսօր կանգնած է կրթական ծրագրերը կրճատելու, այգիների խնամքի հարցում խնայելու, ծերերին ու աղքատներին յատկացուող օգնութիւնն ու ծառայութիւնները խիստ սահմանափակելու ճանապարհին: Այս ամէնի պատճառը կեղծ արժէքներն են եւ միլիոնաւոր մարդկանց մոլորութեան մէջ գցելը: Բայց գուցէ դեռ ո՞ւշ չէ: Գուցէ արժէ, որ իւրաքանչիւր անհատ, ձեռնարկութիւն կամ խումբ, աստիճանաբար մտածի ոչ միայն նիւթականի, կուտակելու, մեծացնելու եւ «ծախսելու», այլ ստեղծելու, բարելաւելու, օգնելու, ձեռք մեկնելու եւ սատար կանգնելու մասին: Գաղտնիք չէ, որ մարդու ինքնաբաւարարուածութիւնն աւելի շատ ոչ նիւթական արժէքների հետ է կապուած, քան՝ իրերի:
Շուրջ 2 շաբաթ առաջ ուշադիր հետեւում էի Երուանդ Գրիգորեանի՝ իմ յարգելի ուսուցչի, հարցազրոյցին, որում նա կարծիք յայտնեց, թէ ինչպէ՛ս խոշոր ադամանդ ձեռք բերած մի կին կարող է ծայրաստիճան դժբախտ զգալ իրեն, քանի որ հարսանիքի ընթացքում մէկ ուրիշը կարողացել է աւելի խոշոր ադամանդ կրել, եւ արդիւնքում՝ այդ առաջին տիկինն ընկճուել էր: Աւելին, նա նոյնիսկ զայրացել էր: Տեսնո՞ւմ էք, թէ ո՛ւր ենք հասել. դասական օրինակ է սա, թէ՝ արժէքների բացակայութիւնն ո՛ւր կարող է հասցնել մարդուն՝ ապրանքամոլութեան, զայրոյթի եւ ընկճուածութեան: Իսկ գուցէ տնտեսական ճգնաժամը ինչ որ մի նշա՞ն էր՝ կանգ առնելու եւ վերաորակաւորելու մեր կեանքը: