Վերնագրով Յօդուած «Ճերուսալեմ Փոսթ»ի Մէջ
ՏԱԹԵՒԻԿ ԼԱԶԱՐԵԱՆ
The Jerusalem Post-ը «Հայերը, հրէաները եւ Իսրայէլը» վերնագրի ներքոյ յօդուած է հրապարակել:
Յօդուածի հեղինակը՝ Ս.Հ. Ռոլեֆ, Իսրայէլի խորհրդարանի՝ Քնեսէթի նախկին աշխատակից է: Նա գրում է, որ թուրքերը պատասխանատու են 1915-16 թուականներին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աւելի քան մէկեւկէս միլիոն հայերի կոտորածի համար: Եւ չնայած մինչեւ վերջերս Իսրայէլը անտեսում էր Օսմանեան կայսրութիւնում իրականացուած ցեղասպանութեան փաստը, հրէական կազմակերպութիւնները եւ Մեծ Բրիտանիան տեղեկութիւն ունեցել են կատարուողի մասին:
«Առաջիններից մէկը, ով զգուշացրել է ոճրագործութեան բնոյթի եւ մասշտաբների մասին, եղել է Աարոն Աարոնսոնը՝ յայտնի գիւղատնտես, ով ստեղծել է «Նիլի» լրտեսական ցանցը, որը պատերազմի ընթացքում տեղեկութիւններ էր հաւաքում օսմանեան զօրքերի տեղաշարժի վերաբերեալ եւ փոխանցում բրիտանական իշխանութիւններին», ասուած է The Jerusalem Post-ի յօդուածում:
Աարոնսոնի որոշ բարեկամներ եւ գործընկերներ ականատես են եղել արիւնահեղութեանը: 1916 թուականի Նոյեմբերին Աարոնսոնը բրիտանական իշխանութիւններին գրութիւն է ուղարկում՝ նկարագրելով տեղի ունեցող վայրագութիւնները:
Դրանից մէկ ամիս առաջ նա նամակ էր ուղարկել դատաւոր æուլիան Մակին՝ Ամերիկայի հրէական համայնքի ազդեցիկ ղեկավարներից մէկին, փորձելով համոզել նրան բրիտանամէտ դիրքորոշում ընդունել: Նամակում Աարոնսոնը նկարագրել է նաեւ հայերի կոտորածն ու մտավախութիւն յայտնել, որ հրէաները եւս կարող են նոյն վիճակում յայտնուել, եւ որ Օսմանեան կայսրութեան այդ քաղաքականութիւնը մշակուել է Գերմանիայում:
«Օսմանեան կայսրութիւնը Գերմանիայի դաշնակիցն էր պատերազմում, եւ երբ Աարոնսոնը գրում էր այս նամակը, շատ հրէաներ գերմանամէտ կամ չէզոք դիրքորոշում ունէին», մեկնաբանում է The Jerusalem Post-ի յօդուածագիրը՝ յաւելելով, որ Իսրայէլը չի կարող յայտարարել, որ տեղեակ չի եղել, թէ ինչ է կատարւում հայերի հետ Օսմանեան կայսրութիւնում:
Ու չնայած այս վկայութիւններին՝ մինչեւ վերջերս Իսրայէլը նախընտրում էր աչք փակել այդ իրադարձութիւնների վրայ, բազմաթիւ արդարացումներ եւ պատճառներ բերելով, ինչը ամօթալի է յատկապէս Իսրայէլի համար, ընդգծում է յօդուածագիրը:
Ինչպէս նշում է թերթը, առաջին արդարացումն այն է, որ Թուրքիան հերքում է, թէ հայերի կանոնաւոր եւ ծրագրուած կոտորած է իրականացրել եւ նուազեցնում է նաեւ ցեղասպանութեան զոհերի թիւը, եւ քանի որ Թուրքիան այն եզակի մահմեդական երկրներից է, որ Իսրայէլի ռազմավարական դաշնակիցն է հանդիսանում, Իսրայէլը լաւ կանի «չարթնացնի քնած շանը»:
Հայերի ցեղասպանութիւնը չընդունելու երկրորդ արդարացումը կապուած է այն հանգամանքի հետ, որ Իսրայէլում մտավախութիւն կայ, թէ հայերի հետ կատարուածը ցեղասպանութիւն որակելը կարող է նուազեցնել Հոլոքոսթի հրէշաւորութիւնը: Իսրայէլցիների այս վերաբերմունքը տարածւում է նաեւ ցեղասպանութեան այլ դէպքերի վրայ, ինչը, յօդուածագրի կարծիքով, ոչ միայն անհիմն է, այլեւ ամօթալի, թէեւ «հրէաների Հոլոքոսթը, անկասկած, եզակի է իր բնոյթով»:
Յօդուածի հեղինակը ամօթալի է համարում այն, որ Իսրայէլը վերջապէս որոշել է հրապարակայնօրէն խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին միայն այժմ, երբ աննախադէպ վատացել են Իսրայէլի եւ Թուրքիայի յարաբերութիւնները:
Տարիներ շարունակ Իսրայէլի խորհրդարանում փորձեր են արուել այս հարցի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել, սակայն միայն այս տարուայ Մայիսի 18ին է վերջապէս որոշում կայացուել բաց քննարկում անցկացնել այս հարցով՝ Քնեսէթի կրթութեան, մշակոյթի եւ սպորտի յանձնաժողովում, որում քննարկումը հրապարակային է եւ ամբողջութեամբ տեղադրւում է Իսրայէլի խորհրդարանի կայքում:
«Ոչ ոք դէմ չէ, որ այս հարցը քննարկուի յանձնաժողովում, եւ բոլոր ելոյթ ունեցողները՝ աջից ձախ, կրօնականից մինչեւ աշխարհիկ, կողմ են արտայայտւում: Այժմ միայն մէկ բան կարելի է ասել՝ լաւ է ուշ, քան՝ երբեք, սակայն ամօթալի է, որ սա այսքան երկար է ձգուել», եզրափակում է The Jerusalem Postի յօդուածագիրը: