ԼԻԱՆՆԱ
ԽԱՉԱՏՐԵԱՆ
Մինչ շատերը ուշադիր հետեւում են քաղբանտարկեալների ազատ արձակմանը, վերլուծաբանները կարծիք են յայտնում, թէ գործընթացների նման շարունակութեան դէպքում ընդդիմութեան ազդեցութիւնը կարող է թուլանալ:
«Ընդդիմութեան շարքերում վէճի հաւանականութիւն կայ՝ յետագայ քայլերի շուրջ: Թէ ինչպէս շարունակել. գնա ՞լ սրման, թէ ՞ նախապատրաստուել հերթական ընտրութիւններին», «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երուանդ Բոզոյեանը՝ կանխատեսելով ընդդիմութեան հնարաւոր պառակտումը:
Թէեւ դեռեւս պարզ չէ, ընդդիմութիւնն ու իշխանութիւններն արդեօք կը գնա՞ն բաց երկխօսութեան, որի մասին երկար ժամանակ է խօսակցութիւններ կան, թէ՞ ոչ, սակայն իշխանութիւններն փաստացի արդէն իսկ կատարել են ընդդիմութեան դրած երեք պահանջներից նաեւ վերջինը՝ համաներմամբ ազատ արձակելով մարտիմէկեան իրադարձութիւններից յետոյ ազատազրկուած ընդդիմադիրներին ի դէմս Նիկոլ Փաշինեանի եւ Սասուն Միքայէլեանի:
Թէեւ ներքաղաքական վերջին զարգացումներն ու իշխանութիւն-ընդդիմութիւն փոխադարձ զիջումները շատերին առիթ են տուել մտածելու երկկողմ համաձայնեցուած, սակայն փակ դռների հետեւում տարուող երկխօսութեան մասին, այնուամենայնիւ երկու կողմերն էլ խուսափում են այդ մասին կոնկրէտ ձեւակերպումներից:
«Եթէ նրանք շարունակելու են այս ուղին, այսինքն բռնատէրի կողմից խաղարկուած խաղի մասնակից դառնան, ընդունելով խաղի կանոնները, դա միայն օգուտ է տալու այս ռեժիմին եւ մեր ժողովուրդը ոչ մի օգուտ չի ստանալու», «Մեդիալաբին» ասում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլեանը՝ նշելով, թէ ընդդիմութիւնը մասնակցելով իշխանութիւնների խաղին՝ կը վարկաբեկի իրեն:
Այն բանից յետոյ, երբ Ազգային Ժողովն ընդունեց համաներման մասին օրինագիծը եւ ազատութեան մէջ յայտնուեցին ընդդիմութեան առանցքային գործիչները, շատերը ներքաղաքական փոփոխութիւնները նաեւ սկսեցին պայմանաւորել նաեւ արտաքին ճնշումների հետ:
Սակայն Ժիրայր Սեֆիլեանն համոզուած է, որ ոչ մի գործընթացի մասին այսօր չի կարելի խօսել: Նրա կարծիքով համաներման գլխաւոր պատճառն այն է, որ Սերժ Սարգսեանը նախապատրսատւում է գալիք ընտրութիւններին:
«Գլխաւորը համարում եմ Սերժ Սարգսեանի նախապատրաստութիւնը եկող տարուայ ընտրութիւններին: Այս ծրագրի մէջ պէտք է դիտել տեղի ունեցածը: Նա փորձում է գլխաւոր ընդդիմադիր թիմերի ղեկավարութեան հետ պայմանաւորուածութիւններով գնալ հերթական ընտրութիւնների, որը ծառայելու է իր վերարտադրմանը», «Մեդիալաբին» ասում է Ժիրայր Սեֆիլեանը:
Նրա կարծիքով համաներումից յետոյ, եթէ ընդդիմութիւնը շարունակի իր բռնած ուղին, ապա, ինչպէս եւ իշխանութիւնը, կը դառնայ «ժողովրդի աչքի փուշը»: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամի խօսքերով ընդդիմութեան ընտրած ճանապարհով երկրում բարեփոխումների չես հասնի:
«Այսինքն եթէ փորձ են կատարում ընտրութիւններով Դիկտատոր տապալել , ապա դա մեծ միամտութիւն է», «Մեդիալաբին» ասում է Ժիրայր Սեֆիլեանը:
Նա վստահ է, որ եթէ ընդդիմութիւնը շարունակի մասնակցել իշխանութեան առաջ քաշած գործընթացին, ապա ինչ-որ ժամանակ յետոյ, կ՛առաջանայ ընդդիմադիր նոր օղակ՝ աւելի մաքուր, աւելի յստակ, եւ «ժողովուրդը, համախմբուելով այդ օղակի շուրջ, կը գնայ առաջ»:
Հակառակ կարծիքն ունի քաղաքագէտ Երուանդ Բոզոյեանը: Նա համոզուած է, որ այն, ինչ կատարւում է այսօր Հայաստանում բացառապէս երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների արդիւնք է:
«Տեղի ունեցող զարգացումները՝ ներքաղական գործընթացի արդիւնքն է, բնականաբար դեր ունեն նաեւ արտաքին ճնշումները: Սակայն, կարծում եմ, որ համաներման որոշումը կայացուել է քաղաքական գործընթացների արդիւնքում», համոզուած է Երուանդ Բոզոյեանը:
Քաղաքագէտի կանխատեսմամբ գործընթացը կը շարունակուի մինչեւ յաջորդ ընտրութիւններ: Նա ասում է, որ ոչ մի լուրջ շրջադարձային փոփոխութեան ընդհանուր առմամբ, սպասել պէտք չէ, միեւնոյն ժամանակ չի բացառում ընդդիմութեան ներսում հնարաւոր պառակտումը կամ զգալի փոփոխութիւնները:
«Ընդդիմութիւնը պայմանական ասած կը բաժանուի երկու մասի: Մի մասը կ՛ասի, որ մենք պէտք է վճռական գործողութիւններ անենք, միւս մասն էլ կը համաձայնի այդ վճռական գործողութիւններին, բայց չի գնայ դրան: Քանի որ Տէր Պետրոսեանը կողմակից է աւելի հանդարտ ճանապարհով գնալուն, ես կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը հիմնականում կը գնայ հէնց այդ ճանապարհով», «Մեդիալաբին» ասում է քաղաքագէտ Երուանդ Բոզոյեանը:
«Մեդիալաբ»