ԿԱՐԻՆԷ ՏԷՐ-ԳԷՈՐԳԵԱՆ
Մեր հարցազրոյցի դրդապատճառն էր «Ասպարէզ» օրաթերթի խմբագրի մտահոգութիւնը պրոֆեսօր Ռիչըրտ Յովհաննէսեանի հանգստեան կոչուելու կապակցութեամբ. արդեօ՞ք այդ բացը պիտի լրացուի հայ նոր սերնդով, որ հետաքրքրուած է հայկական ցեղասպանութեան հարցերով, եւ պիտի կարողանա՞յ շարունակել մեծ գիտնականի տարած աշխատանքները:
Այս մտքերով էինք տարուած, երբ յանկարծ մեր աշխատած Մխիթարեան դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ պրն. Անդրանիկ Յակոբեանը շատ պարզ ձեւով պատմում էր, որ իր տղան՝ Սիփանը UCLAի պատմութեան բաժնում է սովորում, եւ ընկերների հետ կատարում են աշխատանքներ պրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեանի ղեկավարութեամբ: Կարծես յայտնութիւն եղան մեզ համար պրն. Անդրանիկի խօսքերը, եւ ուզեցինք տեսնուել նրա որդու հետ: Համեստ եւ բարեհամբոյր երիտասարդը եկաւ, եւ մենք ունեցանք զրոյց:
Սիփան Յակոբեանը ծնուել է 1989 թուականին: Clark Magnet High Schoolը աւարտելուց յետոյ զգացել է, որ պատմութիւնը հետաքրքրում է իրեն, ու շարունակել է բարձրագոյն կրթութիւնը UCLA համալսարանի պատմութեան բաժնում: Քանի որ այս ճիւղի մէջ հայոց պատմութեան բաժինը շատ փոքր է, Սիփանը երրորդ տարում վերցնում է Near Eastern Studies դասաժամի հայոց պատմութեան մասը: Այստեղ է, որ նա կապի մեջ է մտնում պրօֆէսօր Ռիչըրտ Յովհաննիսեանի հետ, որ համալսարանում գործող Հայ Կրթական հիմնադրամի Արդի հայոց պատմութեան ամպիոնի վարիչն է:
Յարգելի գիտնականը երկար տարիներ հաւաքել է ցեղասպանութիւնից վերապրողների վկայութիւնները: Նրա ցուցմունքներով ուսանողները հայերէնից անգլերէնի են թարգմանում ձայնագրուած կամ գրի առնուած հարցազրոյցները: Սիփանը կարդում է հայերէն եւ ընտրել էր՝ գրուածները: Ուսանողների մէկ մասը չունենալով այդ յարմարութիւնը, նախընտրել են թարգմանել՝ լսելով ձայնագրութիւնները: Այս աշխատանքը համարւում է դասի յանձնարարութիւնը: Կան նաեւ ունկնդիր ուսանողներ, որոնք առանց պատմութեան հետեւելու՝ ուղղակի հետաքրքրուած են եւ վերցնում են այս դասաժամերը:
Սիփան Յակոբեանը հայերէնից անգլերէնի է թարգմանել արդէն վեց երկար հարցազրոյցների գրառումները: Հարցազրոյցներից մէկի ենթական տղամարդ է, որն անձամբ կռուել է թուրքերի յետ եւ պատմել է այդ կռուի պատրաստութիւնը: Յաջորդ հարցազրոյցի մասնակից տղամարդուն մանուկ հասակում փախցրել են արաբները, եւ նա 15 տարի ապրել է արաբական ցեղի հետ: Օտարերկրեայ կազմակերպութիւնները ազատել են երեխաների մէկ մասին, միւս մասը՝ ձուլուել է եւ անհետացել:
Սիփանի գրի առած երրորդ հարցազրոյցը 1902 թուին Էրզրումում ծնուած մի կնոջ հետ է, որ 26 տարեկանից յետոյ է հայերէն սովորել: Նա պատմում է, թէ 350 տուն ունեցող գիւղում միայն ութ թուրք կար, երեսուն՝ կաթոլիկ, մեծամասնութիւնը հայեր էին: Թուրքերը նոյնիսկ սովորել են հայերէն: Սակայն դեպքերից յետոյ հայը համարուել է երկրորդ կարգի քաղաքացի. եթէ թուրք տեսնէր, ձիուց պիտի իջներ ներքեւ եւ նրա աչքերին պիտի չնայեր: Ու այսպէս պատմութիւններ, պատմութիւններ:
Սիփան Յակոբեանն ասում է, որ հարցազրոյցների միջոցով մենք ուսումնասիրում ենք հայ ժողովրդի կեանքը եղեռնից առաջ, ընթացքում եւ՝ յետոյ: Տեսնում ենք, թէ ինչպէս է ցեղասպանութիւնն ազդել մեր ժողովրդի գոյատեւման ընթացքին: Այս հարցազրոյցները տալիս են հայկական սփիւռքի ձեւաւորման իրական պատկերը: Գրառումներն ունեն բաւական դժուարութիւններ, հարցազրոյցներում կան բարբառներ, խօսքեր, որ անհասկանալի են ուսանողներին:
Պրոֆեսօր Ռ. Յովհաննիսեանը իր գրասենեակի ժամերով (Office Hours) օգնում է ուսանողներին պարզաբանելու անհասկանալի հարցերը, յատկացնում է նաեւ անձնական ժամերից եւ միշտ կապի մէջ է նրանց հետ: Թարգմանութիւնները պահւում են համակարգչի մէջ՝ որպէս վաւերական վկայութիւններ հայ ժողովրդի հանդէպ կատարուած ցեղասպանութեան:
Երիտասարդ ուսանողի օրինակով մենք տեղեկացանք, թէ յարգելի գիտնականը իր ուսումնասիրութիւնների համար պատրաստում է շարունակողներ՝ ակադեմիական աստիճանով: Բոլոր ժամանակներում էլ մտաւոր աշխատանքով հետաքրքրուողները յարաբերականօրէն քիչ են ժողովրդի թուի համեմատ: Սիփանը գտնում է, որ ապրում ենք այնպիսի երկրում՝ Միացեալ Նահանգներում, ուր առիթները շատ են կատարելու հետազօտութիւններ եւ՝ իրագործելու մեծ նպատակներ:
Ուրախ ենք , որ երկարամեայ դասախօսի մեծարման եւ գնահատման օրերին կան նմանօրինակ հայ երիտասարդներ, որ յուսադրող ապացոյց է հայ ժողովրդի հիմնահարցի՝ ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ կատարուող աշխատանքների յարատեւութեան: