ԿԱՐԻՆԷ ՏԷՐ-ԳԷՈՐԳԵԱՆ
Համերգը տեղի ունեցաւ Շաբաթ, 27 Յունիս , 2009ին, Colburn Music School-Zipper Hall սրահում: Տեւողութիւնը նշուած էր ծրագրի վրայ՝ 1:00-5:00: Համերգից աւելի այն խոշոր փառատօն էր՝ ներկայացնելու համար Լարք երաժշտանոցի աշակերտների բազմաբնոյթ աշխատանքները: Այս պատանիներն իրենց կատարումները պատրաստելու փորձութիւնն անցնելուց յետոյ համերգի չորս ժամերի ընթացքում ենթարկւում էին այդ ծրագիրը հանրութեան ներկայացնելու փորձութեանը, որ կատարողական արուեստի հիմնական բաժինն է: Դասարանի եւ դպրոցի մտերմիկ սահմաններից յետոյ խոշոր սրահի պատերը երկիւղ ներշնչելով հանդերձ, նրանց տալիս էին թռիչքի թեւեր, մանաւանդ՝ նուագախմբի հետ նուագողներին: Փառաւոր էր:
Գրութիւնն սկսելուց առաջ թերթատել էի Լարքի մասին իմ առաջին՝ 2003-2004 տարեշրջանի համերգի թղթակցութիւնը: Անցել են հինգ տարիներ: Այսօրուայ ծրագրի առաջին էջի վրայ տեսնում ենք թուերի շարք՝ սկսուած 1996-ից մինչեւ 2009ը, այսինքն դպրոցի տարիքը: Հիմնել դպրոց, շարունակել, յաջորդական տարիներ ունենալ տասնամեայ ծրագիրը ամբողջացրած հայ շրջանաւարտներ՝ իրօք պատմութիւն է: Պատրաստել ծրագիրը, ղեկավարել նուագախումբը, երգչախումբը, տարեվերջի քնութիւններին մէկ առ մէկ լսել դպրոցի բոլոր աշակերտներին, ընտրել համերգի մասնակիցներին՝ սա էլ ուրիշ գործ է: Այս ամէնի փոխարէն ունենալ հաստատութեան եւ դպրոցի չգոյութեան տագնապը եւ ասել. «Եղբա՛յր, եթէ այսքան տարի է չենք կրցած փաստել, որ մեր կատարածը կարեւոր գործ է, եւ մեզի չեն հաւատար, ուրեմն վերջ տանք այս գործին»: Սակայն ո՞ւր վերջ տալ. Zipper Hallի դահլիճը՝ լեփ լեցուն ծնողներով, հիւրերով, նուագախմբով եւ աշակերտներով ասում էր. «Կանգնիր, Վաչէ՛, արդէն տարի է, որ մի ամբողջ անձնակազմ քեզ հետ միասին դիմագրաւում է եւ պայքարում, դիմացի՛ր մի քիչ եւս»:
Իսկ ի՞նչ արդիւնք էր տուել տարին: Համերգ-փառատօնը բաժանուած էր երեք մասերի: Առաջին մասում նուագում էին դպրոցի գերազանցիկ աշակերտները (ջութակ, դաշնամուր, թաւջութակ): Նրանց յաջորդում էին
7րդ դասարանցիները՝ միջնակարգ ծրագիրն աւարտողները: Նրանք էին՝ Բահրիկ Պարսումեան, Նայիրի Քեշիշեան, Սեւանա Մանուկեան, æեննի Միրզոյեան եւ Լուսինէ Յովհաննիսեան: Մեծ ոգեւորութեամբ ելոյթ ունեցաւ կատարողական դասարաններից «Ծիածան» մանկական երգչախումբը՝ ղեկավարութեամբ Գոհար Պոյաճեանի: Լարքի վերնաշապիկները հագած, տրամադրութիւն ստեղծող երգերի կազմակերպուած ելեւէջներով փոքրիկ լարքականները խլեցին բուռն ծափահարութիւններ: Ձեռնազանգակների խումբը՝ ղեկավարութեամբ Աշոտ Քարթալեանի տարեցտարի բազմաբնոյթ է դարձնում իր ծրագիրը: Ռիթմիկ պատկերներ ծափերով, թմբուկների վրայ, որոնց «մօնօթօնութեամբ» ստեղծւում էր երաժշտութիւն, եւ որ ժամանակակից կեանքին հարազատ լինելով պատանիները հաճոյքով էին կատարում: Իւրօրինակ էր ելոյթը ձեռնազանգակներով:
Համերգի երկրորդ բաժնում ելոյթ ունեցան 10րդ դասարանի աւարտողները, կարելի է ասել մասնագիտացած շրջանաւարտները: Նրանք արժանացել էին նուագախմբի ընկերակցութեամբ նուագելու պատուին: Այդ շրջանաւարտներն էին՝ Ադրինէ Աճէմեանը( դաս. Նունէ Քարթալեան), Արաքսյա Պօղոսեանը( դաս. Հռիփսիմէ Յովսէփեան), Փոլին Օհաննէսեանը եւ Թալին Օհաննէսեանը(դաս. Մարինա Գէորգեան): Խմբավար Վաչէ Պարսումեանի ղեկավարութեամբ նրանք ներկայանում էին բարդ կոնչերտոներով, փաստելով, որ իրօք արժանի են ստանալու իրենց աւարտական վկայականները: Նոյն նուագախումբը ընկերակցում էր «Ծիածան» III պատանեկան երգչախմբին: Այս երգչախումբը ամէն անգամ լրացւում է փոքրերով, եւ զարմանում ես, թէ ինչպէս այս երեխաները, որոնցից մի քանին դեռ մանկական երգչախմբում են, կարողանում են կատարել Pergolesi-ի «Stabat Mater»ը: Յայտնւում են մենակատարներ, եւ նորոգւում է երգչախումբը:
Համերգի 3րդ՝ վերջին բաժնում յանձնուեցին գնահատագրերը, գովասանագրերը, պատուոգրերը, միջին ծրագրի աւարտական վկայագրերը եւ Լարքի տասնամեայ աւարտական դիպլոմները, ձեռամբ տնօրէնի եւ փոխտնօրէնուհու: Հսկայական էր աշխատանքը: Բախտը պիտի ունենա՞նք դարձեալ ունկնդրելու այս ուսանողութեանը, յայտնի չէ: Կը շնորհաւորենք համերգի բոլոր մասնակիցներին եւ կը ցանկանք յարատեւութիւն «Լարք» երաժշտանոցին: