

Ձեր մարմինը ունի 60,000 մղոն երկարութեամբ արեան անօթների ցանց, որը ներառում է երեք տեսակի արեան անօթներ՝ զարկերակներ, երակներ եւ մազանօթներ: Իւրաքանչիւրն ունի կարեւոր դեր արիւնը տեղափոխելու գործում:
Զարկերակները արիւնը տեղափոխում են սրտից դէպի օրգաններ, ունեն հաստ պատեր եւ մկանային շերտ: Աօրտան ամենամեծ զարկերակն է, որը արիւնը տեղափոխում է սրտից դէպի օրգաններ:
Երակները արիւնը տեղափոխում են դէպի սիրտ: Դրանք չունեն մկանային շերտ, ուստի հենւում են փականների վրայ, որպէսզի պահեն արիւնը շարժման մէջ:
Մազանօթները ապահովում են արեան շարժը զարկերակների եւ երակների միջեւ: Նրանք ամենափոքր արեան անօթներն են, որոնք գտնւում են բոլոր հիւսուածքներում:
Արիւնը կազմուած է բջիջներից եւ պլազմայից: Արեան բջիջներին այլ կերպ անուանում են «ձեւաւոր տարրեր»: Արեան բջիջները երեք հիմնական տեսակներ ունեն՝ արեան կարմիր բջիջներ, սպիտակ բջիջներ եւ թիթեղիկներ: Այս երեք տեսակներն էլ արտադրւում են ոսկրերում առկայ ոսկրածուծում:
Արեան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) թթուածինը տեղափոխում են թոքերից դէպի մնացած օրգաններ եւ հիւսուածքներ, իսկ հակառակ ուղղութեամբ՝ դէպի թոքեր եւ երիկամներ՝ վերադարձնելով նիւթափոխանակութեան արգասիքները: Էրիթրոցիտները պարունակում են հեմոգլոբին՝ երկաթ պարունակող սպիտակուց, որը պատասխանատու է թոքերում թթուածինը կապելու եւ հիւսուածքներում բաց թողնելու համար:
Արեան սպիտակ բջիջները (լէյկոցիտները) մարմնի իմունային (ախտամերժ) համակարգի բաղադրիչ մասն են: Դրանք յայտնաբերում եւ պայքարում են օրգանիզմ ներթափանցած վարակների կամ օտար մոլեկուլների (մասնիկներու) դէմ:
Արեան թիթեղիկները (թրոմբոցիտները) փոքր բջիջներ են, որոնք մասնակցում են արեան մակարդմանը՝ կանխելով արիւնահոսութիւնը:
Պլազման արեան հեղուկ մասն է, որում կախուած են արեան բջիջները: Այն տեղափոխում է սննդից արեան հուն ներծծուած նիւթերը՝ շաքարներ, ճարպեր, սպիտակուցներ, վիտամիններ (կենսանիւթերը) եւ միներալներ (հանքանիւթերը): Արեան պլազման նաեւ մասնակցում է մարմնի ջերմաստիճանի կարգաւորմանը: