ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Հայաստանում 2015 Սեպտեմբերին տօնուեց Արցախի 24րդ անկախութեան օրը: Ստեփանակերտում ներկայացուեց Վերդիի «Ռեքուեմ»ը նուիրուած ազատամարտիկների յիշատակին: Այդ օրը եւ յաջորդող օրերի ընթացքում հեռուստատեսիլները ներկայացրին կատարուած տօնախմբութիւնների եւ խրախճանքների շարան: Անբացատրելի հպարտանալու առիթ է, երբ տօնւում է Արցախի ազատագրումը: Մենք բոլորս ազգովին, մեր մանկութիւնից միայն իմացել ենք մեր ազգի պարտուած ու հալածուած լինելը: Ամէն տարի աշխարհով մէկ սգացել ենք 1915ի Ապրիլ 24ը:
Որքան նուաստացած ու խեղճ է զգացել մեր նախաղարաբաղեան սերունդը: Կարդացել ենք մեր հնադարեան թագաւորների ու նախաքրիստոնէական յաղթանակների մասին, յետոյ հասել ենք մեր հետզհետէ թուլանալու, հող ու երկիր կորցնելու պատմութեան էջերին, մինչեւ Ցեղասպանութեան դարաշրջանը, որի հետեւանքով ազգովին էլ աւելի կախել ենք մեր գլուխները, զոհուածի բարդոյթով…
Հազիւ էինք շտկել մեր մէջքն ու գլուխը, որ եկաւ ահաւոր հարուածը 2020ը։ Չեմ ասում պարտութիւն, որովհետեւ դա ժամանակաւոր է…
Կը թուայ, որ մեր յաղթական թագաւորները եւ յաղթական Ղարաբաղը ասացին՝ «Ահաւասիկ, տուեցինք ձեզ յաղթանակ, պահեցէ՛ք զայն…»։
Բայց աւա՜ղ… պահեցի՞նք թէ մսխեցի՞նք… 30 տարի առաջ խայտառակ ձեւով պարտուած մեր արիւնարբու թշնամին մինչեւ ատամները զինւում էր, սակայն մենք զբաղուած էինք երկիրն ու բանակը թալանելով, հարբած էինք արիւնով գնուած յաղթանակով, «տաշի-տուշի» պարում ու երգում էինք…
Մեծ ետդարձի ճանապարհ ունենք: Չպիտի թոյլ տանք որ ամբողջ ազգը վարակուի հիմակուայ մեր ԾՈՒՆԿԻ ԵԿԱԾ ԱՆԶՕՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՐՏՈՒԱԾԻ ԱԽՏՈՎ…
Առաջին անգամը չէր, որ մենք Փիւնիկի պէս յառնում էինք, ՆՈՐԻՑ Կ՛ՅԱՌՆԵՆՔ, չենք մեռած… Մեր պայքարող հոգին հրաշքի նման ամենաօրհասական պահերին նորից է ծնւում: Մեր իշխանութիւնը ամէն ինչ անում է ժողովուրդին պայքարելու մղելու փոխարէն, համակերպուել պարտութեան հետ: Հաշտուել այս կորուստների, պարտութեան հետ: Նման մեծ կորստից յետոյ, քաղաքական ղեկավարութիւնն ունի մէկ գլխաւոր պարտականութիւն՝ ժողովրդին ոգեւորել, միաւորել, ոտքի հանել, որ այդ մարտահրաւէրներին դիմադրել կարողանայ:
Ցաւօք մեր վարչապետը հետեւում է կործանիչ պատուիրատուների:
Խաղաղութեան պայմանագիրը չէ որ կապահովի մեր անվտանգութիւնը, ԱՅԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ Կ՛ԱՊԱՀՈՎԻ ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ…
Խաղաղութիւն չեն մուրում, խաղաղութիւնը պարտադրում են… «ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՒՈՒՆՔ», ասել է Գարեգին Նժդեհ:
Մի այլ խայտառակ տխեղծ ուղեղի փայլատակում էլ իմացանք, որն է՝ հայրենասիրութիւնը ՎՏԱՆԳԱՒՈՐ Է… Մեր իշխանաւորը հայրենասիրութիւնը շփոթել է ազգայնամոլութեան հետ: Առաջինը կատարեալ ազնուական սէր է դէպի հայրենիք, երկրորդը՝ միահեծան կոյր պաշտամունք է, որ բացառում է որեւէ այլ ազգի կամ փոքրամասնութեան իրաւունքը կամ անգամ գոյութիւնը:
Մի այլ ազգակործան խօսոյթ էլ ենք լսում՝ «Այսօրուայ Հայաստանը ոչ մէկ կապ չունի Պատմական Հայաստանի հետ…»: Ներողութիւն, ուրեմն մեր մշակոյթի ու պատմութեան մեծերը որոնք ծնուել են այսօրուայ Հայաստանից դուրս, հայ չե՞ն: Նրանց բոլորին չեղեա՞լ համարենք: Պարզից էլ պարզ է որքան կը սնանկանայ մեր պատմութիւնը…
Պէտք է յիշեցնել մեր իշխանաւորներին, որ հայու ՑԵՂԱՅԻՆ ՈԳԻՆ, ԸՍՏ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ, միշտ ներկայ է ու պատեհ առիթին երեւան է գալու:
Այսօրուայ իշխանաւորների գոյութիւնը պարտական են այդ անմահ ոգիին:
Սեպտեմբեր 25, 2024