14 Օգոստոսին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը Հայաստանի մէջ քաղաքական հետապնդումներու հարցին գծով հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Տեւական ժամանակ է` ՀՀ իրաւապահ համակարգը քաղաքական իշխանութեան պատուէրով շարունակում է քաղաքական հետապնդումները` ապօրինի քրէական գործեր հնարելով:
«Քաղաքական այս վրէժխնդրութիւնը, որի նպատակն է բոլոր միջոցներով լռեցնել հայրենադաւ իշխանութեան դէմ պայքարողներին, ոչ միայն ժողովրդավարութեան, իրաւունքի եւ օրինականութեան բացայայտ արհամարհանք է, այլ նաեւ քաղաքական անբարոյականութեան ցցուն օրինակ:
«Դաշնակցութեան անդամների եւ համակիրների բնակարաններում, կուսակցութեան գրասենեակներում խուզարկութիւնները, ձերբակալութիւններն ու կալանաւորումներն իրականացւում են ՀՀ քրէական օրէնսգրքի 236րդ յօդուածի 2րդ մասի (հաւաքներին մասնակցելու համար նիւթապէս շահագրգռելը) քօղի ներքոյ: Նախաձեռնուած շինծու քրէական գործերի շրջանակներում ապօրինաբար խոչընդոտում են կուսակցութեան գործունէութիւնը` կազմալուծելով կուսակցութեան մարզային գրասենեակների աշխատանքը: Վերջին օրինակը Վայոց Ձորի մարզում է, երբ ապօրինաբար ձերբակալուեցին կուսակցութեան անդամ եւ համակիր հանդիսացող 12 անձ, այդ թւում` կուսակցութեան Գերագոյն մարմնի, ինչպէս նաեւ մարզային կառոյցի ղեկավար մարմնի անդամներ, որոնց կէսից աւելին կալանաւորուեցին` ընդհուպ 2 ամսով, մի մասի նկատմամբ սահմանուեց տնային կալանք կամ բարձր գրաւ:
«Երկամսեայ նախաքննութեան ընթացքում չյայտնաբերելով որեւէ հանգամանք, որը թէկուզ փոքր-ինչ կը վկայէր նշուած ենթադրեալ արարքում ազատութիւնից զրկուած անձանց մեղսակցութիւնը, քննչական կոմիտէն` գլխաւոր դատախազութեան եւ Նիկոլ Փաշինեանին հպատակ դատաւորների միջոցով որոշել է երկարացնել կալանքի ժամկէտները, նոր` կեղծ եւ իրականութեան հետ աղերս չունեցող փաստարկներ բերելով: Սա այն դէպքում, երբ Քրէական օրէնսգրքի վկայակոչուած նորմը (սկզբունքը), որը ՀՀ քրէական օրէնսգրքում ներդրուել է ՔՊական իշխանութեան կողմից, ոչ միայն ներկայումս վիճարկւում է Սահմանադրական դատարանում, այլ նաեւ այս նորմի իրաւակիրառ հակաիրաւական բնոյթի մասին արձանագրել է նաեւ ԵԽԽՎն` իր 2024 թ. Յունիսի 26ի` Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների վերաբերեալ բանաձեւում:
«Անգամ ներկայումս առկայ ձեւակերպման պայմաններում նշուած արարքի համար նախատեսուած պատիժը սկսւում է 10,000 դրամ տուգանքից եւ առաւելագոյն պատիժը հաշուի առնելով` համարւում է միջին ծանրութեան յանցագործութիւն, որի համար որպէս խափանման միջոց չէր կարող կիրառուել նման երակարատեւ կալանք եւ այն էլ տեսակցութեան խստիւ սահմանափակմամբ: Աւելին` կալանքներ եւ տնային կալանքներ են տրւում մարդկանց, ովքեր ունեն իրենց խնամքի տակ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ, իսկ տեղաշարժի եւ տեսակցութիւնների խստիւ սահմանափակման պայմաններում նրանց ընտանիքները զրկւում են գոյատեւման համար անհրաժեշտ նուազագոյն եկամուտներ վաստակելու հնարաւորութիւնից: Եթէ սրան էլ աւելացնենք այն, որ մի շարք դէպքերում քրէական վարոյթ իրականացնող մարմինը անյաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում անգամ մարդկանց նուազագոյն դրամական միջոցների հասանելիութեանը, որոնք պէտք է ուղղուեն վարկային պարտաւորութիւնների կատարմանը, ապա անձանց եւ նրանց ընտանիքների խոշտանգումը ամբողջական կը դառնայ:
«Այլ կերպ ասած` մենք գործ ունենք Հայաստանում հաստատուած քաղաքական ռեժիմի (վարչաձեւի) եւ նրան հպատակ իրաւական մի համակարգի հետ, որի համար չկան նուազագոյն իրաւական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներ:
«Առ այդ, խստիւ դատապարտելով նման վարքագիծը` տեղական եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների, ժողովրդավարութեան եւ իրաւունքի գերակայան խնդիրներով զբաղուող կառոյցների ու դեսպանատների ուշադրութիւնն ենք հրաւիրում հակաժողովրդավար, հակաիրաւական եւ հակաբարոյական այս երեւոյթների եւ այն առաջ տանող Հայաստանում գործող իրաւաքաղաքական ռեժիմի ցուցաբերած գործելակերպի վրայ:
«Միաժամանակ ի լուր բոլորի յայտարարում ենք. մեր պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատուել հայոց պետականութիւնն ու անվտանգութիւնը երաշխաւորող, ժողովրդավարութիւնը, մարդու հիմնական իրաւունքներն ու ազատութիւններն ապահովող իշխանութիւն»։