Նախաճաշն ինքդ կեր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, ընթրիքդ տուր թշնամուդ: Այստեղ ժողովրդական իմաստութիւնն ու ժամանակակից սննդաբանների կարծիքը համընկնում է: Սննդաբանները կողմ են, որ չի կարելի անտեսել նախաճաշը: Սակայն, ո՞ր մթերքներն են, որոնցից պէտք է խուսափել առաւօտեան նախաճաշին.
– ՍՈՒՐՃ։ Ըմպելիքն անկասկած առողջարար է եւ ապացուցուած, որ սուրճը վնաս չի հասցնում առողջութեանը։ Կան միայն որոշ բացառութիւններ: Սուրճը նուազագոյնը նպաստում է սթրեսի (ճնշուածութեան) հորմոնի (կորտիզոլի) արտադրութեանը, իսկ եթէ այն խմում էք դատարկ ստամոքսին, այն առաջացնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, ինչը կարող է յանգեցնել ստամոքսահիւթի աւելորդ արտազատմանը։
– ՄՐԳԱՅԻՆ ԱՂՑԱՆ։ Առողջ մրգերը յագեցնում են օրգանիզմը պարզ ածխաջրերով։ Նման «առողջ» նախաճաշից յետոյ ձեր արեան շաքարի մակարդակը բարձրանում է եւ աւելանում քաղցի զգացումը: Թթու պտուղները նաեւ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման պատճառ կարող են դառնալ։
– ՇԻԼԱՆԵՐ։ Լուծուող հացահատիկը չի պարունակում սպիտակուց, ինչի կարիքն մենք ունենք առաւօտեան:
– ՀԻՒԹԵՐ։ Խանութից գնուած հիւթերը պարունակում են մեծ քանակութեամբ շաքար, իսկ ընդհանուր առմամբ այս մթերքները գրեթէ չեն պարունակում բջջանիւթ, ինչը չի օգնում վերահսկել ձեր ախորժակը։ Վերաբերւում է ինչպէս թարմ քամած, այնպէս էլ խանութից գնուածներ հիւթերին։
Մեծահասակին լիարժէք ուտելու համար, մէկ բաժակ սնունդը (200 գ.) բաւական է։ Նայէք ձեր նախաճաշին ուտելուց առաջ. արդեօք սա կը տեղաւորուի բաժակի մէջ: Չէ՞. պատառը մի կողմ դրէք: Եթէ ոչ՝ «այն» ճարպի տեսքով կը տեղաւորուի ձեր մարմնում: Եւ յիշէ՛ք. նախաճաշը օրուայ ամենակարեւոր կերակուրն է: Այն պէտք է վիտամիններով (կենսանիւթ) եւ հանքանիւթերով հարուստ, սննադարար լինի, ինչը կ՛օգնի ձեզ լինել զգօն եւ էներգիայով (կորով) լի ամբողջ օրուայ ընթացքում:
Եւ վերջում, նախքան տանից դուրս գալը, նայէք հայելու մէջ ձեր արտացոլանքին, լայն ժպտացէք եւ ինքներդ ձեզ մաղթէք բարի օր: Ժպիտը երջանկութեան ուղերձ է ուղարկում ուղեղին, մարմինը սկսում է արտադրել էնդորֆին, ինչն էլ յանգեցնում է տրամադրութեան բարձրացման: