Մարդու մօտ ամէն օր 30-120 մազ է թափւում: Սա սովորաբար տեսանելի չէ, քանի որ մազ կորցնելուն զուգահեռ աճում են նոր մազեր: Ակնառու մազաթափութիւնը տեղի է ունենում, երբ նոր մազերը չեն հասցնում փոխարինել թափուածները:
Մազաթափութիւնը պատճառները շատ են: Եթէ դուք նման խնդիր ունէք, փորձէք մեր տուած տեղեկութիւնների օգնութեամբ բացայայտէք պատճառները եւ եթէ հնարաւոր է կանխարգելէք այն:
– Ընտանեկան պատմութիւն (ժառանգականութիւն). մազաթափութեան ամենատարածուած պատճառը ժառանգական հիւանդութիւնն է, որն ի յայտ է գալիս տարիքի հետ, աստիճանաբար եւ ունի կանխատեսելի ընթացք` տղամարդկանց շրջանում նահանջող մազագիծ եւ ճաղատութեան բծեր եւ կանանց շրջանում՝ գլխի գագաթի շրջանում մազերի նօսրացում:
– Հորմոնային փոփոխութիւններ եւ առողջական խնդիրներ. բազմաթիւ հիւանդութիւններ եւ առողջական վիճակներ կարող են առաջացնել կայուն կամ ժամանակաւոր մազաթափութիւն, այդ թւում` յղիութեան կամ ծննդաբերութեան հետ կապուած հորմոնային տեղաշարժեր, դաշտանադադար եւ վահանաձեւ գեղձի խնդիրներ: – Դեղամիջոցներ. մազաթափութիւնը կարող է ի յայտ գալ որպէս տարբեր դեղամիջոցների կողմնակի ազդեցութիւն, օրինակ՝ քաղցկեղի, արթրիտի (յօդաբորբ), ընկճախտի, սրտային խնդիրների արեան բարձր ճնշման բուժման մէջ օգտագործուող դեղամիջոցներ:
– Գլխի շրջանի ճառագայթային բուժում. ճառագայթային բուժումից յետոյ մազերը կարող են այլեւս չաճել այնպէս, ինչպէս նախկինում էր:
– Խիստ յուզական իրավիճակ. բազմաթիւ մարդկանց մօտ ֆիզիկական կամ յուզական իրավիճակից յետոյ ի յայտ է գալիս մազերի ընդհանուր նօսրացում, որը սովորաբար ունի ժամանակաւոր բնոյթ:
– Մազայարդարում եւ բուժումներ. մազայարդարման եւ ոճային լուծումների տարբեր տեսակներ, որոնք առաջացնում են մազերի ձգում, կարող են առաջացնել մազաթափութիւն: Խիստ տաք իւղերով բուժումները եւ ներկերը նոյնպէս կարող են առաջացնել մազաթափութիւն: