ԵՐԵՒԱՆ.- «Հայաստան» դաշինքը հրապարեց հետեւեալ հաղորդագրութիւնը ՝ իշխանութիւններուն կողմէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններուն մասին խորհրդարանական լսումները ապօրինաբար խոչընդոտելուն առնչութեամբ.
«Հայրենակիցնե՛ր
«Օրուայ քաղաքական իշխանութիւնը, հերթական անգամ խախտելով Սահմանադութիւնն ու օրէնքները, մինչեւ Ապրիլի 24ը հրաժարւում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը եւ ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական (արհեստագիտական) պատճառաբանութիւն:
«Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ յայտարարութեան նախագծին նուիրուած խորհրդարանական լսումները նախատեսուած էր անցկացնել Ապրիլի 21ին: Լսումների նպատակն էր լայն հանրութեանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պէտք է ուղեցոյց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հարցերը քննարկելիս:
«Իշխանութիւնների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը եւ դրսեւորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով: Մենք վճռական ենք եւ հետեւողական հայ ժողովրդի լինելութեան հիմքում գտնուող այս հարցը հետապնդելու գործում: Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կը կայանայ առաջիկայում, որի մասին յաւելեալ կը տեղեկացնենք»: