ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հեքիաթները լինում են փոքրերի համար: Իսկ կա՞յ հեքիաթ մեծերի համար: Պարզւում է, որ կայ՝ այն էլ իրական հեքիաթ, որ կարող ես տեսնել քո աչքերով եւ մասնակցել այդ պատմութեանը:
Ու մենք մասնակից եղանք այդպիսի մի գեղեցիկ հեքիաթի ընթացքին. այն հարսանիք էր անտառում, ծառերի գրկում, բնութեան ծոցում:
Տարիներ ի վեր իրար սիրող զոյգը որոշել էր արդէն դառնալ ընտանիք, եւ այդ արարողութեանը հրաւիրել էր մասնակցելու ընկերներին եւ մի խումբ մեծերի:
Ինչպիսի՜ անուններ էին լսում ականջներդ՝ Արտաշէս, Աշոտ, Արա, Արտավազդ, Մհեր, Շահէ, Րաֆֆի, Վաչէ, Սոնա, Արփի, Անուշ, Գառնի, Թագուհի, Կարինէ, Շուշիկ, Ալիք, Մարալ հայանունները:
Սակայն մենք արտասւում էինք, ինչո՞ւ. հարսին դէպի փեսան էր ուղեկցում մի մայր, որ ամբողջ կեանքում, առանց կողակցի, ուսերին էր կրել դուստրերի առաջնորդութինը: Այժմ ի՛ր ձեռքերով տիրոջը պիտի յանձնէր իր աղջնակին:
Հողերի վրայ էինք, խոտերի բոյրով, թռչունների ծլվլոցով, արեւի շողերով, բաց երկնքի տակ: Հարսի եւ փեսայի միացման արարողութիւնը իրականացնում էր հարսի մանկութեան ընկերուհին, այժմ փաստաբան դարձած, ով դպրոցական տարիներին, երբ հօր եւ դստեր պարի օրն էր, պարել էր եղբօր հետ, որպէսզի իր հօր հետ պարէր այս ընկերուհին:
Պէտք է փոխանակուէին ամուսնութեան մատանիները. փեսայի շունն իր վրայ էր կրում այդ մատանիները՝ դրուած հարսի մօր ձեռքով կարուած փոքր բարձի մէջ: Այդտեղ էր գտնւում նաեւ այն փոքր թղթիկը, որի վրայ փեսայի հօր ձեռագրով գրուած էր Նարեկացու աղօթքներից մէկը:
Շարունակւում էր հեքիաթը: Իրար «այո» ասած զոյգը ծրագրել էր նաեւ ուրախանալ: Թափորը քարքարոտ ճանապարհով շարժւում էր դէպի հարսանեաց վայրը: Մեր իջեւանած դղեակի բակում շարուած էին սեղանները, որոնք զարդարուած էին տեղանքի բոյսերով եւ ծաղիկներով: Իսկ ինչպէ՞ս պիտի գտնէինք մեր տեղերը. Փոքրիկ, համարակալուած թաղարների մէջ տեղադրուած բոյսերի տերեւների վրայ գրուած էին անունները: Պէտք է գտնէինք մեր տերեւը եւ ուղեւորուէինք դէպի մեր սեղանը:
Ընթրիքի սեղանի շուրջ իրար էին յաջորդում հեքիաթի մասնակիցների ելոյթները: Տխուր չէր հեքիաթը, սակայն յուզիչ էր եւ արցունքներն ակամայ ողողում էին մեր դէմքը: Ի տարբերութիւն այլ հարսանիքների, երբ մոռանում ես ինչի համար եւ ում համար ես եկել, այստեղ իւրաքանչիւր վայրկեան աւելի ու աւելի էիր ծանօթանում հեքիաթի հերոսներին, անգլերէն, հայերէն խօսքերը պատմում էին հետաքրքիր դրուագներ նրանց կեանքից, ծնողներն իրենց սրտի խօսքն էին ասում հիւրերին եւ իրենց զաւակներին: Փեսայի հայրը մայրիշխանութիւն էր մաղթում նորաստեղծ ընտանիքին՝ այդ էր նրա կեանքի խորհուրդը: Իսկ հնչող միակ հայերէն ելոյթը նմանւում էր կարկանդակի զարդարանքի:
Չկար երկինք մագլցող կարկանդակը, այլ կար դրա նուրբ, խորհրդանշական տարբերակը: Կար պատշաճ հիւրասիրութիւն, չկար թափուելու ատակ խճողուած ծանրաբեռնուածութիւնը:
Ամերիկեան բնութեան գրկում ընթացող, երկու օր տեւած այս հեքիաթը հասնում էր իր աւարտին: Զարմացած էինք, թէ ինչպէ՛ս դեռեւս կարելի է գտնել նորանոր ձեւեր նշելու մեր ուրախութիւնները՝ դրանք աւելի անձնականցնելու համար:
Հեքիաթի հերոսները դարձել էին տէր եւ տիկին, ովքեր կոչւում էին Շահէ եւ Գառնի (Հատիտեան) Պարսումեաններ:
Իսկ մենք, անտառում, վկայել էինք այդ հեքիաթ-ամուսնութիւնը: