ԱՆՈՒՇ ՂԱՐԻՊԵԱՆ – Օ՛ՔԱՆԸՐ
Համոզուած եմ, որ անցած տօնական օրերի ընթացքում առիթ է եղել մէկ կամ երկու անգամ բարձրացնել բաժակ եւ կենաց ասել ձեր ընտանիքի եւ ընկերների հետ:
Յուսով եմ, այդ կենացը ասել էք հայկական գինիով: Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի գինեգործութիւնը զգալի փոփոխութիւններ է կրել: Այսօրուայ հայկական գինին բարձրորակ գինի է, որը մրցակցում է միջազգային շուկաներում, ստանում բարձր գնահատականներ եւ գրաւում ուշադրութիւն:
Ինչով է այս ամէնը պայմանաւորուած: Այսօր ես կը ցանկանայի նշել 2 անձի, որոնք իմ կարծիքով, մեծ ազդեցութիւն են ունեցել այս զարգացման եւ ճանաչման մէջ: Յաջորդ թողարկումներում ես կը կիսեմ իմ կարծիքը եւ հետազօտութիւնները միւս գինեգործների մասին, ովքեր նոյնպէս շատ մեծ լումայ ունեն Հայաստանի գինեգործութեան բնագաւառի զարգացման մէջ:
Զօրիկ Ղարիբեան՝ Զօրահ. Զօրիկի ցանկութիւնն է եղել հիմնադրել գինու գործարան Իտալիայում, որտեղ նա ապրել եւ աշխատել է, բայց Հայաստան այցելելուց յետոյ որոշեց գինու գործարանը հիմնադրել Վայոց Ձորի Ռինդ գիւղում: Զօրիկի նպատակն էր արտադրել այնպիսի գինի, որ չզիջի յայտնի համաշխարհային գինիներին, որն ըմպելիս քեզ կը յուշի, որ այս գինին եկել է հին եւ պատմական աշխարհից: Նա կարողացաւ դա իրականութիւն դարձնել: 2012ին «Բլումբերգ» ամսաթերթում Զօրահի «Կարաս»ը՝ պատրաստուած Արենի խաղողից եւ հնեցուած կարասի մէջ, մտաւ լաւագոյն տասնեակի մէջ: Այս քայլը մեծ յաղթանակ էր բոլորի համար, աշխարհին հետաքրքրեց Հայաստանի գինին եւ Արենի խաղողը: Զօրիկի նպատակն է նաեւ սովորեցնել գիւղացուն խաղողի աճեցման եւ վերամշակման ճիշդ եղանակները, որպէսզի նրանք էլ կարողանան արտադրել որակեալ գինի: Մի ուրիշ եւս շատ կարեւոր ներդրում է նա արել՝ հիմնելով կարաս պատրաստելու դպրոց: Սա նոյնպէս գրաւել է միջազգային ուշադրութիւն, քանզի կարասի մէջ գինու հնեցումն ու պատրաստումը նորաոճութեան վերածնունդ է ապրում:

Վահէ Քէուշգերեանը երկրորդ անձն է, որին ես կը ցանկանայի նշել: Վահէն, աւելի քան երեսուն տարուայ մասնագէտը, տեղափոխուեց Հայաստան 2009ին եւ սկսեց աշխատել «Կարաս» գինեգործարանում: Այնուհետ նա հիմնեց «Սեմինա» գործակալութիւնը, որն յետագայում վերանուանուեց «Ուայնուորքս» (Wine-works), որը շատ կարեւոր դեր ունի Հայաստանի գինեգործութեան զարգացման մէջ: Ինչպէ՞ս՝ կը հարցնէք: «Ուայնուորքս» ընկերութիւնը տրամադրում է տարբեր ծառայութիւններ ցանկացած անձի, ով կ՛ուզենայ գինեգործութեամբ զբաղուել, այդ թւում՝ նախնական ծրագրում, արտադրական գործընթաց, ներկայացում եւ տարածում, վաճառք: «Ուայնուորքս»ը իր պորտֆոլիոյի (թղթապանակի-Խմբ.) մէջ ունի 14 գինու ընկերութիւն, որոնք արտահանում են բացառիկ բարձրորակ գինիներ: Այսպիսով, եթէ երբեւէ երազել էք ձեր սեփական հայկական գինին ունենալ, ապա այժմ կարող էք դա անել «Ուայնուորքս»ի միջոցով: Վահէ Քէուշգերեանը նաեւ համահիմնադիրն է հանդիսանում «Ի.Վի.Էն.» գինու ակադեմիայի: Այս ակադեմիան 18ամսեայ սերտիֆիկատի ծրագիր է անգլերէնով՝ գինու եւ այգեգործութեան, բիզնեսի, գինու տեխնոլոգիաների եւ գործարարների, ինչպէս նաեւ կարճ դասընթացքներ գինու սիրահարների համար։
Ձե՛ր կենացը, հայ գինեգործներ, յաջողութիւն եւ բարգաւաճում, ձե՛ր կենացը, ընթերցողներ։
