Հանրային դպրոցներ յաճախող հայ աշակերտների յանձնախմբի (CASPS) տարեկան գեղանկարչական մրցանակի միջոցառումը տեղի ունեցաւ Ուրբաթ, Դեկտեմբերի 14, 2018ին, Գլենդելի Կրթաշրջանի կենտրոնի սրահում: Ներկայ էին կրթաշրջանի վարիչ դոկտ. Ուինֆրիդ Ռաբէրսոնը, կրթաշրջանի հոգաբարձութեան անդամ Շանթ Սահակեանը եւ մրցոյթին մասնակցող աշակերտներն ու նրանց ծնողները:
CASPS-ի գլխաւոր վարիչ Արսինէ Յովաննիսեանը ծանօթացրեց օրուայ ծրագիրը վարող Անետ Զարեանին, որը բարի գալուստ մաղթելով ներկաներին՝ ասաց, որ 25 տարի առաջ մի խումբ հայ դաստիարակներ ի մի գալով՝ ստեղծեցին CASPS-ը, որպէսզի օգնեն Ամերիկա ներգաղթած հայ աշակերտներին, որոնք յաճախում են Գլենդելի հանրային դպրոցները: Նա նշեց CASPS-ի մի քանի ծրագրերը, ինչպէս՝
– Խմբային խորհրդատուական ծառայութիւն տարրական դպ-րոցներում.
– Մասնաւոր դասընթացներ միջնակարգ դպրոցներում.
– Ղեկավարման համագումարներ 11րդ դասարանցիների համար.
– Բարձր միջինով միջնակարգը աւարտողներին մեծարելու միջոցառում.
– Գեղանկարչութեան մրցոյթ միջնակարգ դպրոցներում:
CASPS-ը ամէն տարի կազմակերպում է գեղանկարչութեան մրցոյթը եւ ծրագրի մասին դպրոցներին տեղեկացնում է կրթաշրջանը: Զարեանը աւելացրեց, որ CASPS-ը իւրաքանչիւր տարի խորը իմաստ ունեցող թեմա է ընտրում այս մրցոյթի համար, որպէսզի աշակերտները մտածելով այդ յատուկ խնդրի մասին իրենց մտքերը եւ կարծիքը արտացոլեն գեղանկարչութեան միջոցով: Այս տարուայ թեման էր «Խաղաղութիւն»ը:
Ներկայացուած աշխատանքները որակաւորւում են երեք հոգանոց ժուրիի կողմից: Աշխատանքները արժեւորւում են գեղարուեստական, ստեղծագործական եւ թեմայի հասկացողութեան առումով, շահողները պարգեւատրւում են նիւթապէս: Այս տարուայ մեր ժուրիի անդամներն էին՝ Քարոլին Թիւֆէնքեան՝ «Թիւֆէնքեան» գեղարուեստի գալերիայից. Ջաքլին Սքաթ՝ Montain Avenue տարրական դպրոցի տնօրէնը ու Գլենդել կրթաշրջանի նախկին Գեղարուեստից բաժնի վարիչ եւ Հերի Որբերեան՝ գրաֆիկայի արտիստ տարբեր ոճի աշխատանքներով:
Նախքան նուէրների բաշխումը, Գլենդելի կրթաշրջանի հոգաբարձութեան կազմի կողմից Սահակեանը յաջողութիւն մաղթելով՝ շնորհաւորեց աշակերտներին եւ նրանց ծնողներին, մրցոյթին մասնակցելու համար:
Վերջում, բոլոր մասնակցողները ստացան վկայագրեր եւ 9 աշակերտներ ստացան նիւթական նուէրներ:
(Յանձնախմբի թղթակից)