ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Հողոտ արմատները իմ առաջնեկ տղայիս նման պարոյրով փաթաթած մի փոքրիկ տնկի թեւերիս վրայ պահած՝ Վաղարշապատ քաղաքից մայր ոստանի իմ տուն էի վերադառնում: Կողքիս նստած ուղեկիցս հարցրել էր գրկիս պինդ պահած այդ ի՜նչ տնկի էի տանում: «Սօսի տնկի է», ասացի, «Նայի՛ր նրա խոշոր տերեւներին, նրանք դեռ կանաչ են, Վիշապաքաղ Վահագն է նրա մայր տնկին բերել Հայկ Համաստեղութեան իրենց տաճարից: Արմինա աշխարհում սրբազան ծառ էր սօսին, ծառերը խաչեր էին: Սօսիները յախուռն աճող հզօր ծառեր են, աւելի քան 2000 տարիներ ողջունում արեգակի առաջին շողերի լոյսը, յիսուն եւ աւելի մեթր բարձրանում դէպի երկնի կապոյտ, ծիածանի հազար լոյսերով երեսները ցօղում: Արմինա-Հայաստան աշխարհի Տարօն գաւառի Աշտարակ–Աշտիշատ ոստանին մօտիկ՝ սօսի ծառի անտառակ եղել, որտեղ համով ջրով աղբիւրակ բխել: Սրբազան էր նաեւ նրա ջուրը, նրա ակունքում Աստղիկ դիցուհուն նուիրուած Վարդավառ տօնախմբել: Արմին-հայեր, իրենց գաղթի ճանապարհի երթին մատեաններ, բնօրրանի տնկիներ շալակած հասել արեւելեան կողմն իրենց աշխարհի: Երկիր կորցրած արմին-հայ մի արորդի, Վաղարշապատի իր այգու հողի կրծքին դրել իր հետ բերած սօսի տնկին: Մեծացել էր այն, դարձել երկինք ճախրող հսկայ ծառ: Ծլել էին հողին ընկած նրա սերմերը, տարիների ընթացքում այս տնկիի չափ հասակ էին նետել նաեւ ուրիշ տնկիներ»:
Սօսի տնկին թեւերիս վրայ պահած քայլում էի հայոց մայր ոստանի գլխաւոր պողոտայով: Ոճրագործ, անօրէն մարդկանց անունով էին այն կոչած եղել, փլուել էին նրանց տիրած երկրի կարգերը, հայեր իրենց Ազգային ժողովում պողոտան վերանուանել էին՝ արեւմտեան կողմն իրենց աշխարհի Տարօն գաւառի, Հացէկաց գիւղի, Վարդան քրմապետի որդու անունով՝ Մեսրոպ Մաշտոց պողոտայ: Մաշտոց, իրենց նախնիների հին հաւատի «Աղօթագիրք» Մեսրոպ, իր ցեղի մարդկանց գիր տուել, նրանց մանչերին ուսուցանել, դարձել թարգմանիչներ, մատեաններ յօրինողներ, «Անյաղ»չ փիլոսոփաներ: Մեսրոպի գրեր՝ 36 սպառազէն զինուորներ, իրենց քաջ, Ազնուագոյնը Հիւսիսային ժողովուրդների ցեղի յարատեւութեան, նրա յաւերժ լինելիութեան արհաւատչեան են: Արմին-հայերի նախնիները արդեօք գիր ունեցե՞լ էին, ստոյգ չէ այն: Նրանք իրենց քաջ գործերը գրել էին քարերին, ժայռերին՝ ժամանակի ասորերէն սեպագիր գրերով, որը նրանց ատեն գրելու ընդունուած կարգ էր եղել՝ ինչպէս արամերէն խօսելն ու գրելը, ինչպէս հայոց անուշ թագաւոր Արտաշէսի ու նրա թոռ՝ արեւելքի արքաների-արքայ Տիգրանի յունարէն գրելը: Այդ պատճառ չէր՝ սեփական գրեր չունենալը, Արամազդի գրագիր հայոց Տիր աստուածը առանց գրերի ինչպէ՜ս էր գրել իր տիրոջ պատումները:
Մեսրոպ Մաշտոց պողոտայով անցնող մարդիկ էլ հարցնում էին այդ ի՞նչ տնկի էի տանում: Արմին-հայերի նախնիների սրբազան սօսի ծառի տնկի, պատասխանում էի: Սօսի ծառեր էին ոստանի պողոտայի երկու մայթերին: Նրանց ծանրացած ոստերը իջել էին մայթերի վրայ, նրանց լայն տերեւները շոյել այնտեղից քայլող արմին սիրուն աղջիկների ու տղաների վարսերը, հպել թաղարիս փոքր տնկիի երեսին: Մայթերի խոշոր-խոշոր ծառերը ամրանը հով անում մայթերով անցնող արեւորդիներին, աշնան անուշ հովիկները ծափ տալիս նրանց գունատ տերեւների հետ, խշշոցնով ընկնում թաղարիս տնկիի ու հայկի սերունդից արորդի տղայի սեւ ու գանգրահեր իմ մազերի վրայ, հազար գոյնի աշնանային պսակ կապում ճակատիս: Սօսի ծառերի ընկնող տերեւների մեղմիկ, անուշ շշնչիւն էր, ո՞վ կարող էր վերծանել այն: Աշտիշատի սօսեաց անտառակին նուիրուած արմին-հայերի Իշբուինի-Անուշաւան արքան, Աշտիշատի մեհեանների քուրմերը, անչափ անուշիկ քրմուհիները վերծանել էին այն: Մի անարգ մարդ փլել էր իրենց հին աստուածների պաշտամունքը, նոր հաւատի մարդիկ անզօր էին եղել վերծանելու այն: «Մանչուկ» սօսին գրկած, մտել հայրենի երկրում պատած տունս: Դասընկեր եղած կողակիցս ուրախացել էր տեսնելով «Մանռչուկ» կանաչ սօսին, նա էլ ինձ հետ դուշմանից վրէժ լուծելու «Լուսոյ Տաճար»ում ուսում արել, գիտէր սրբազան սօսի ծառի խորհուրդը:
Թաղարում բուսահող լցրել, բացել «Ման»չ սօսիի արմատները, այն պահ տուել հայրենի հողին: Հողն էի յաճախ քրքրում, ջրում, կենդանանում էր, մանրիկ բողբոջներ էին պայթում: Ամէն գարնանը, փոքրիկ սօսիի տնկիի թաղարը տանս այգի տարել, որ «Արա Աստուծոյ Գահ»՝ Արագած, լերան գագաթից գարնանային ու աշնանային հովիկները գային համբուրելու նրա երեսը, գարնան անձրեւին նրա բողբոջների մանրիկ տերեւները «Նար Ծովինար»ի ջուրն ըմպէին, ամրան տաքուկ ճառագայթները անուշ համբոյր շաղէին նրա երեսին, նրա լոյսով ժպտար, նրա ջերմից զուարթանային կանաչ-կանաչ բողբոջները: Սպիտակ սրբիչով նրա դէմքն է շոյում, որ հանգիստ շնչէր:
Գարուն էր, Արմինա-Հայաստան աշխարհում, գարուն էր բռնկել, գարունն էր ծաղկել իմ այգում, գարնանային կանաչ զգեստ էր կապել այգիս, ծաղկել էր այգիս, սպիտակ, վարդագոյն շղարշ կապել այգիս, մեղուներն էին ծաղկունքի նեկտարը, ու ծաղկափոշին տանում իրենց տներ: Այգուս դիմաց կանգնած Արայի լերան լանջերից ձիւնոտ հովիկները այցի գալիս իմ այգի, հազար-հազար գոյների ծաղկունքի հետ պար բռնում: Պիտի խենթանայիր եթէ գարնանը այգիս մտնէիր, պիտի խենթանայիր աշնան մայրացած այգուս դիւթանքից: Եթէ այգուս արահետից անցնէիր՝ «Թարմաներ»ից բազում տեսակների խաղողի հուր պիտի կաթէր արմենական լայնահուն ճակատիդ: Չէ՜, չէի թողնի ձեռնբաց դուրս գայիր այգիիս դռնից, բուռ-բուռ խաղող կը լցնէի գոգիդ, արեւից շիկնած կարմիր խաղող: Միւս գարնանը, «Արմենիա» խաղողի խոշոր ողկոյզներով ու հատիկներով տնկիները չէին ծլել, աղաջուր էին լցրել նրանց արմատներին, դրկիցները անօրէն մարդիկ էին, անհաշտ ընտանիքում, անհաշտ մեր նկատմամբ, ինչպէս հայրս փախաւ թուրքից, ես էլ իր նման փախայ այդ ցածհոգի անարգ մարդկանցից: Յետոյ պիտի իմանայի, որ հայրենի երկրում պատած տունիս «նոր» տէրը սպաննել էր այգին, հաւանոց դարձրել այգիս, տան ետնամասում մենաւոր, մի խոշոր ու բերքառատ ամառային տանձենի մնացել: Իմ ալեհեր տարիների անչափ ցաւս եղել էր իմ պատած տանս ու հրաշք այգիիս օտարումը: Է՜հ, հայրենի երկիր վերադարձած արորդի մարդ, այնպէս արեցին, որ երազածդ երկրից նորէն օտարական դառնայիր: Մուսաների լերան տանս ու նրա պարտէզների հետ անհաս երազ մնաց նաեւ հայոց արեւելեան կողմն աշխարհի պատած տունս, արարած հրաշք այգիս, խաղողից կարմիր գինի էի քամում, խմում, հարբում, մանչերիս հետ պար բռնում: Հակական լեգէոնի կապորալ Արմենակ հայրս տուն էր եկել, այգի ելել, տեսել թաղարի տնկին, մօտեցել, շոյել անոր դէմքը, «սօսի է» կանչել էր, մի պահ հայեացքը հեռուներ յարած՝ թախծոտ դէմքով կանգնել, ապա թէ՝ – Պօղոս, տղաս, յիշո՞ւմ ես Մուսա լերան Խըտըրբէկ գիւղի գետակի ափի երկնամերձ սօսի ծառը, քսան չորս կտրիճներով հազիւ կարողանում էինք այն գրկել: Աւանդել էին, որ իրենց նախնի Տիգրան արքայի Սելեւկիա մայր ոստանը նուաճած գունդերի հետ եկած արմին-հայերը՝ երկրի սօսեաց անտառակի սօսի ծառից հատած ոստ բերել, տնկել գետակի ափին: Ծլել էր ոստը, բողբոջել, նրա ոստերը բարձրացել էին դէպի արեւ, լոյս քաղել, հզօրացել նրա կրակով, գնացել դէպի Վահագն աստուծոյ տիեզերական տաճար, որտեղից էլ արեւորդիները երկիր էին բերել իրեն: Հայոց նախնիների նման սրբազան ծառ էին համարել նրան, բնի խորշում մոմ վառել: Վարդավառ, Նոր Տարի տօնախմբել նրա հովին: Նրա ստուերի ու կողքի սրճարաններում լերան լանջերի վեց գիւղերից լիքը մարդիկ էին լինում: Մուսա լերան թունդ օղի խմում, հարբում, զուարճանում, երգում, պարում էին: Գետի ձորակն էր թնդում կուսակցական ու իրենց երկրի երգերի կանչերով, ատրճանակների պայթիւնների հրավառութեան լոյսը խայտում գետակի ջրերի վրայ, սիրում էին զէնք, սիրում էին կրակել, սիրում էին զէնք ճօճել թշնամու դէմ: Թմբկահար Կիրակոսն ու Թոսունեան նուագածու եղբայրներն էին գալիս նրա հովին: Առասպելական թմբկահար Կիրակոսը զարկում էր թմբուկը, ուժգին զարկում թմբուկը, որի հնչիւնները գնում հասնում Տարօն աշխարհի փլած մեհեաններ, քանդուած բերդեր, շոյում նրանց ընկած վէմերը: Մենապարեր, շուրջպարեր էին բռնում, իջնում գետակի ջրեր, ի՜նչ փոյթ պաղ էր ջուրը, նրանց սրտերի ծովակներն էին տաք: Մենապար բռնելու համար Կիրակոսի ճակատին ոսկեդրամներ փակցնում, երգում «Հէլէ հէլէ նիննօ» եւ իրենց աւանդական երգեր՝
Ծօ պէտք է պէտք,
Հուր հրացան զէնք պէտք է,
Երբ թշնամին ալ գայ,
Անոր վրայ յարձակիլ պէտք է:
Ահա այդպէս, յարձակեցանք թշնամու վրայ, հինգ յաղթական մարտերով ճակատեցանք նրա հետ, փախան, վերջին կռուին ոչխարների հօտի նման քշեցինք հեռուներ, ափսոս չթողեցին կռիւը շարունակէինք: Երկրում, արորդիները եթէ թշնամուն ատէին, թշնամուն չհնազանդէին, զէնք ճօճէին նրա դէմ՝ 100 տարի աշխարհին չէին ասի, որ սպաննել էին իրենց: Եւ պայթում էին հարիւր-հարիւր ատրճանակներ, Խըտըրբէկ գիւղի մօտիկ թուրք-ալաուի գիւղերի մարդիկ կարծել էին հայեր յարձակում էին իրենց վրայ: Իմ ու ուրիշ ահել-ջահելների մենապարերին ծափ էիր տալիս, ատրճանակի զարկերից ընկած սօսիի գնդիկներն էիր հաւաքում: Է՜հ Պօղոս, թախձոտ նայեց՝ սիրուն էր մեր երկիր, ասեց:
Հեռու ցուրտ երկրի երթից յոգնել էր հին տարուայ Ձմեռ պապը, ոստանը պատրաստւում էր դիմաւորել մանչ-ձմեռ պապին: Մեսրոպի պողոտայով անցնող բազում արորդիներ եղեւնու փոքր ծառեր գրկած շտապում էին տուն: Ես էլ մի եղեւնի գրկած՝ մտել էի տուն: Ուրախացել էին մանչերս, Անժելը ասեց. «Պօղոս, կանաչ լոյս բերիր մեր տուն»: Իր խօսքը շարունակելով աւելացրել. «Պօղոս, ծառը բնութեան հրաշքն է, կանաչ փռում լեռներին, լանջ գարնան հետ գարուն դառնում, ծաղկում, մայրանում, չար ոգիներին տնից հեռու պահում»: Մայր ոստանը վառւում էր ջահի սիրուն լոյսի նման:
Եղեւնին տեղաւորել էին տան մեծ սենեակում, մանչերս զարդարում էին այն, տարեմուտի տօնի խորհրդանիշն էր, հաւատում գալիք տարում բարիք բերէր իրենց: Տօնածառ եղեւնին վառւում էր հազար ու մի լապտերիկներով, շողում գոյնզգոյն նախշերի խաղալիքներով, արդեօք նախնիների ստուերները չէ՞ին իջել այնտեղ, այդ լոյսերի մէջ չէ՞ին ժպտում աստղերի լոյսով վառուած նրանց ակները: Տան նկուղից սօսի տնկիի թաղարը գրկած՝ սենեակ բերել, տարել դրել էի լոյսերով վառուած եղեւնու կողքին: Մանչերիս բացատրել էի, որ իրենց ցեղի նախնի՝ նահապետ Հայկի, յաղթանակի տօնախմբութեան, Աստղիկ դիցուհու Վարդավառի ու Ամանոր աստուծոյ պաշտամունքի օրը գնացել էին սօսեաց անտառակ՝ ունկնդրելու սօսի ծառի տերեւների մեղմիկ խշշոյնի ձայնից Աշտիշատի քրմապետի գուշակութիւնները: Արմին-հայերի նախնիների մի թագաւոր, իրեն նուիրած եղել սօսեաց անտառակի սօսի ծառի պաշտամունքին: Մաղթել, որ Ձմեռ պապ, Ամանոր աստուած՝ նոր տարում անչափ բարիք, առողջութիւն, սէր, բարիք, երջանիկ մանկութեան վայելք պարգեւէին իրենց, տան այս փոքրիկ սօսի ծառի օրհնութիւնը իրենց հոգիներին, նախնիների ոգին սրտիկներին:
Քիրստոնէական հաւատը դաւանած արմին-հայեր մարեցին իրենց Ամանոր աստուծոյ յուշը, նրա տօնախմբութեան արթնած ոգու հրայրքը. իրենց ցեղի նահատակ բանաստեղծը պիտի գրէր՝
Մեռան բոլոր աստուածները,
Իրենց բագիններուն վրայ մամուռ կ՛աճի,
Անմահ եղար դուն միայն,
Նման հողին ու կրակին:
Արմինա երկրում համատարած եղեւնու անտառներ չկային, Նոր Տարուայ տօնակատարութեան համար հեռու Ռուսաստանից եղեւնիներ էին ներմուծում, մեղք էին համարել հատանել իրենց փոքրիկ եղեւնիներին: Նոր տարուայ եղեւնու կողքին լինէին նաեւ սօսի տնկիի թաղարներ, ինչպէս արեւելքի մարդիկ Նոր Տարուայ տօնին որպէս խորհրդանիշ ծաղկած փոքրիկ ծառեր տուն բերում: Ժամանակի երթի ընթացքում սովոր կը լինէին եղեւնու փոխարէն սօսին լինէր իրենց Ամանորի տօնախմբութեան խորհրդանիշ, արմին-հայ նախնիներ կը «վերադառնային» հայոց տներ, միասին կը տօնախմբէին Ամանոր, օրհնութիւն կը լինէր տներում: Գերմանների երկրին են վերագրում տօնածառի աւանդութեան սկզբնաւորումը: Քրիստոնեայ մարդիկ իրենց տներ բերած եղեւնի ծառեր էին զարդարել: Հայոց աշխարհից գերմանների երկիր հալածական եկած պաւլիկեանների ուսմունքին հետեւորդ, քրիստոնէական եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լուդերը, առաջին անգամն էր վարուած մոմեր կախել իրենց տան տօնածառին: Ձմեռային մի գիշեր, տուն վերադառնալու ատեն՝ հմայուել եղեւնու ծառերի կանաչ ոստերի արանքներից շողշողացող աստղերի փայլատակումից: Այն իրենց տանը վերակենդանացնելու համար, մի փոքրիկ ծառ էր կանգնեցրել, նրա ճիւղերից կապել վառուող մոմեր: Առանձին երկրներ Նոր Տարի տօնախմբում են տարբեր ամիսներին ու օրերին, արեւելքի մի շարք երկրներում էլ ծաղկած փոքրիկ ծառեր տուն են բերում:
Հռովմի Պօղոս Յովհաննէս Երկրորդ պապն է սկզնաւորել Վատիկանի հրապարակում տօնածառ կանգնեցնելու կարգը: Ըստ նրա՝ այն դարձել է Քրիստոսի ծննդեան արարողութեան մի մասը, համարուել է Քրիստոսի խորհրդանիշը, դարձել է նաեւ մարդկային կեանքի ցնծացման արտայայտութիւնը, իսկ նրա յարատեւ կանաչը՝ անմեռ կեանքի նշանը: Այն համարել էր «կեանքի ծառ», յիշեցրել Քրիստոսի պատկերը, փայլփլող լոյսերով Քրիստոսի ծնունդը:
Լոյսերի մէջ ընկողմանած եղեւնի, մանչերս պտտել էին նրա շուրջ բոլորը, շոյել սօսիի լայն տերեւները ու երգել՝
Տօնածառ ջան տօնածառ,
Ինչ սիրուն ես ու պայծառ…
Մանչերս հարցրել էին, իրո՞ք Ձմեռ պապի կայ: Նրանց ասել էի, որ ուրիշ մանչեր էլ նոյն հարցումն էին արել: Պատմել էի, որ Նիու Եորք քաղաքի մի ընտանիքում նոր տարի էին տօնախմբելու: Ութ տարեկան Վիրճինա անունով իրենց աղջնակը հաւատացել էր, որ այդ գիշեր Ձմեռ պապը այցելութեան կը գար նաեւ իրենց տուն: Սակայն, նրա խաղընկեր աղջնակներ ու տղաներ իրեն ասել էին, որ Ձմեռ պապ չկայ: Տարակուսել էր, հարցում էր արել հայրիկին, որ արդեօք նա կա՞յ: Իրենց ընտանիքում սովորութիւն էր եղել որեւէ կասկածելի իրողութեան իսկութեան համար հարցում անել «New-York Sun» լրագրին, որի պատասխանը ընդունել էին որպէս ճշմարտութիւն: Վիրճինիան որոշել էր լրագրին գրել Ձմեռ պապի գոյութեան մասին: Հայրիկն էլ նոյնն էր յորդորել, հաւատացնելով, որ լրագիրը ստոյգ պատասխան կը տար նաեւ իր այս հարցումին: Վիրճինիան նամակ էր գրել նոյն լրագրին.
«Ես ութ տարեկան եմ: Իմ փոքրիկ ընկերներից ոմանք ասում են Ձմեռ պապ չկայ: Հայրիկս ասում է, եթէ դու այն տեսնում ես «The Sun» լրագրում, ապա այն այդպէս է: Խնդրում եմ ասացէք կա՞յ Ձմեռ պապ»:
Նրա նամակը հասել էր լրագրի Francis P. Church անունով երկարամեայ խմբագրին, որը հետեւեալ պատասխանն էր հրապարակել.
«Վիրճինիա, քու փոքրիկ ընկերները սխալ են: Նրանք ազդուած են իրենց տարիքի թերահաւատութիւնից, նրանք չեն հաւատում բացի նրանից ինչ որ տեսնում են: Նրանք մտածում են ոչինչ կարող է լինել, ինչ որ հասկանալի չէր իրենց փոքրիկ ուղեղներով: Վիրճինիա, բոլոր մտքերը՝ թէկուզ լինեն մարդկանց կամ երեխաների, փոքր են: Մեր այս անհուն տիեզերքում, մարդը համեմատած անեզր աշխարհի հետ, պարզապէս մի միջատ, մրջիւն է իր իմացականութեամբ, ինչպէ՜ս կարող էին միայն մտածողութեամբ ըմբռնել ամբողջ ճշմարտութիւնը եւ բոլոր գիտելիքները: Այո Վիրճինիա, կայ Ձմեռ պապ»։
Նա անտարակոյս գոյութիւն ունի, այնպէս ինչպէս սէրը, ազնուութիւնը, բարեպաշտութիւնը գոյութիւն ունեն եւ դու արդեօք գիտե՞ս, որ նրանք լի են քու կեանքում՝ որպէս վսեմագոյն գեղեցկութիւն եւ հրճուանք: Աւա՜ղ։ Ինչպէ՜ս տրտում պիտի լինէր աշխարհը, եթէ չլինէր Ձմեռ պապ: Աշխարհը, նաեւ նոյնքան տխուր պիտի լինէր, եթէ չլինէին Վիրճինիաներ: Այն ատեն պիտի չլինէին ոչ մանկական հաւատք, ոչ բանաստեղծութիւն, ոչ սիրերգ եւ ինչպէ՞ս հանդուրժելի պիտի լինէր այս կեանքը: Իմացականութիւնից ու տեսանելիութիւնից բացի, մենք ուրիշ վայելք պիտի չունենայինք: Այն արտաքին լոյսը որով մանկութիւնը լցնում է աշխարհը… պիտի մարէր:
Չհաւատալ Ձմեռ պապի՛ն… դու կարող էիր նոյնպէս չհաւատալ պարիկներին: Դու կարող էիր նոյնպէս խնդրել քու հայրիկին, որ Սուրբ Ծնունդի նախօրեակին մարդիկ վարձէր, որպէսզի հսկէին բոլոր ծխնելոյզները՝ հանդիպելու համար Ձմեռ պապին, սակայն եթէ դու նոյնիսկ չէիր տեսնի Ձմեռ պապին վայր իջնելիս, ի՜նչ պիտի ապացուցէր այն: Ոչ ոք տեսնում է Ձմեռ պապին, բայց այն իրականութիւն չէ, որ չկայ Ձմեռ պապը: Աշխարհում ամենաշատ իրական բաները այն են, որ ոչ երեխաները եւ ոչ էլ մարդիկ կարող են տեսնել: Դու երբեւիցէ տեսե՞լ ես մարգագետիններում պարիկներին պարելիս: Անշուշտ ոչ, սակայն այդ ապացոյց չէ որ նրանք այնտեղ չեն: Ոչ ոք կարող է ըմբռնել կամ երեւակայել չտեսնուած ու չնշմարուելիք բոլոր այն հրաշքները, որոնք կան աշխարհում:
«Դու մաս-մաս պատռիր պուպրիկները, տե՛ս ներսում ինչն է աղմուկի շառաչման պատճառը: Սակայն, կայ մի վարագոյր, որը ծածկում է անտեսանելի աշխարհը, որը ոչ ամենահզօր մարդը եւ ոչ էլ որեւէ ժամանակ ապրած ամենահզօր մարդկանց միացեալ ուժը կարող էին այն պատռել: Միայն հաւատքը, բանաստեղծութիւնը, սէրը, երեւակայութեան սիրերգութիւնը կարող են մի կողմ հրել այդ վարագոյրը եւ տեսնել, եւ նկարահանել այդ երկնային գեղեցկութիւնը եւ նրա այն կողմի երկնային փառքը: Այդ բոլորը ճիշտ են։ Ահ, Վիրճինիա, այս ամբողջ աշխարհում չկայ ուրիշ ոչինչ իսկական ու հաստատուն:
«Ո՞չ Ձմեռ պապ. փառք Աստծոյն, նա ապրում է եւ ապրելու է յաւիտեան: Վիրճինիա, հիմակուանից հազար տարիներ առաջ, դրանից բացի տասը անգամ տասը հազար տարիներ յետոյ էլ նա պիտի շարունակի մանկութեան սրտերը զուարթ պահել…»։
Նոր տարի, գալդ բարի, հայ զինուորին անմեռ կեանք, հայրենի երկրին բարգաւաճում, խաղաղութիւն Հայոց աշխարհին, արորդիներին բարեկեցութիւն, երկիրը առաջնորդող մարդկանց իմաստութիւն։
Կլենտէյլ, Դեկտեմբեր 2017