ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ինչպէ՞ս կարելի է գնահատել 2017ը՝ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման տեսանկիւնից, արդեօք կենսագործուե՞լ են այն նպատակները, որոնք տարուայ սկզբին հռչակուել են ԵԱՀԿ աւստրիական նախագահութեան կողմից:
Յիշեցնենք, որ Աւստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը, ով ռոտացիայի (կարգի յաջորդութեան-Խմբ.) կարգով Գերմանիայից ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի պաշտօնը, առանձնացրել է 3 առանցքային հիմնախնդիր, որոնք ԵԱՀԿն պէտք է լուծէր 2017 թուականին՝ խճճուած ճգնաժամեր ու հակամարտութիւններ, կազմակերպութեան մասնակիցների միջեւ փոխադարձ վստահութեան բացակայութիւն եւ աճող արմատականացում ու ծայրայեղականութիւն: Բնականաբար, հակամարտութիւնների շարքում նա չշրջանցեց ադրբեջանա-ղարաբաղեանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿն չի թուլացնի իր ջանքերն ու կը շարունակի նրա խաղաղ կարգաւորման ուղիների որոնումը: Աւստրիական նախագահութեան տուեալ ասպեկտի (երեւոյթի-Խմբ.) վրայ էլ կանգ կ՛առնենք:
Ուշադրութիւն է գրաւում ճեղքումային որոշումների վերաբերեալ բարձրագոչ յայտարարութիւնների բացակայութիւնը, ինչում անցած տարիներին մեղանչել են ԵԱՀԿ գործող նախագահի պաշտօնում Սեբաստիան Կուրցի նախորդները, ի տարբերութիւն որոնց‘ նա չստանձնեց չափից աւելի բարձր պարտաւորութիւններ: Կարծում ենք, ղարաբաղեան կարգաւորման հեռանկարների գնահատականներում նրա այդօրինակ զսպուածութիւնը պայմանաւորուած է իրողութիւնների օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) ընկալմամբ, եւ ամէնից առաջ՝ այն բացասական ազգեցութեամբ, որ կարգաւորման գործընթացի վրայ ունեցաւ 2016թ. Ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմը: Ամենեւին էլ պատահական չէ, որ որպէս աւստրիական համանախագահութեան առաջնահերթութիւններ Սեբաստիան Կուրցը սահմանեց խաղաղարար գործընթացի ամրապնդումը եւ բանակցութիւնների առաջմղումը: «Մենք պէտք է խաղաղութիւնը պլանաւորենք (ծրագրենք-Խմբ.) հիմա եւ թոյլ չտանք պատերազմի վերադարձ՝ իր բոլոր սարսափելի հետեւանքներով», յայտարարարել է Կուրցը՝ յատկապէս շեշտելով, որ լեռնայինղարաբաղեան հակամարտութեան ռազմական լուծում գոյութիւն չունի:
Զուտ խաղաղասիրական նկատառումներից ելնելով՝ անցնող տարուայ գլխաւոր արդիւնքը կարելի է համարել այն փաստը, որ 2016ի համեմատ այն յարաբերականօրէն խաղաղ էր եւ անցաւ առանց լայնամասշտաբ գործողութիւնների վերսկսման, թէեւ Ադրբեջանը հրադադարի ռեժիմի (դրութեան-Խմբ.) խախտումները չի դադարեցրել: «Յարաբերականօրէն խաղաղ», քանի որ շփման գծի երկու կողմերից էլ զոհեր, այնուամենայնիւ, լինում էին… Հարցին, թէ նոր պատերազմ թոյլ չտալը մտցնե՞լ Վիեննայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիւ, միանշանակ չես պատասխանի: Չցանկանալով նսեմացնել միջնորդների վաստակը, ովքեր ջանքեր են գործադրում խաղաղութեան ու կայունութեան պահպանման համար, այնուամենայնիւ, կարեւոր համարենք նշել, որ Ադրբեջանի ագրեսիւ միլիտարիզմը (յարձակողական ռազմապաշտութիւնը-Խմբ.) զսպող գլխաւոր ուժի դերում հանդէս էր գալիս եւ մինչ օրս հանդիսանում է ԼՂՀ պաշտպանութեան բանակը:
Բայց ահա, ինչը կարելի է մտցնել ԵԱՀԿ նախագահութեան պասիւ (կրաւորական-Խմբ.) , վիեննեան եւ սանկտպետերբուրգեան անցեալ տարուայ համաձայնութիւնների իրագործման հարցում անյաջողութիւնն է, համաձայնութիւններ, որոնք նախատեսում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնման եւ հրադադարի ռեժիմի խախտման դէպքերի հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյց-Խմբ.) ներդրմանն ուղղուած գործնական քայլեր: Իսկ Սեբաստիան Կուրցը տարեսկզբին ազդարարել էր, որ «ԵԱՀԿ նախագահութիւնը պատրաստ է իր ներդրումն ունենալ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016 թուականի գագաթնաժողովներին ձեռք բերուած համաձայնութիւնների յետագայ առաջմղման ու իրագործմանն ուղղուած՝ կողմերի ջանքերում»: Դժբախտաբար, յաջողութեան հասնել չստացուեց: Բայց արդեօք արդիւնքի բացակայութեան մէջ կարելի՞ է մեղադրել Վիեննային: Եթէ խնդրին մօտենանք օբյեկտիւօրէն, ապա մեղքն այստեղ ամբողջովին ընկած է ադրբեջանական կողմի վրայ:
Կողմերի ջանքերի մասին խօսելը, Սեբաստիան Կուրցի օրինակով, առնուազն, կոռեկտ (ճիշդ, փարմար-Խմբ.) չէր լինի, քանի որ Ադրբեջանի ջանքերը միանգամայն այլ բնոյթի են՝ դրանք միտուած են վիեննեան եւ սանկտպետերբուրգեան համաձայնութիւնների իրականացմանն ուղղուած միջոցների արգելափակմանը: Աւելին, եթէ խօսենք կարգաւորման գործընթացի մասին ընդհանրապէս, որտեղ շօշափելի առաջընթաց դեռեւս չկայ, այստեղ էլ չարիքի արմատը պէտք է փնտռել պաշտօնական Բաքուի դիրքորոշման մէջ: Նա շարունակում է ընտրողական մօտեցում ցուցաբերել՝ յամառօրէն պնդելով հակամարտութեան այնպիսի լուծում, որը հիմնուած է զուտ իր իսկ կողմից սեփական շահերին կապակցուած տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրայ՝ անտեսելով միւս երկու յայտնի սկզբունքները՝ ինքնորոշման իրաւունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Պէտք է ասել՝ նման մօտեցումն անհեռանկար է, քանի որ միջազգային միջնորդների կողմից բազմիցս հաստատուել է այդ երեք սկզբունքների անփոփոխ լինելը, որոնց հիման վրայ պէտք է լուծել հիմնախնդիրը: Այս կապակցութեամբ կարեւոր է նշել, որ Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդիւնքներով ընդունուած Դեկտեմբերի 7ի իրենց յայտարարութեան մէջ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատուիրակութիւնների ղեկավարները նշել են, որ «մենք վերահաստատում ենք մեր միասնական յանձնառութիւնը միջնորդական աջակցութիւն ցուցաբերելու լեռնայինղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը՝ խարսխուած Հելսինկեան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թւում՝ ուժի եւ նրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան, հաւասարութեան ու ազգերի ինքնորոշման իրաւունքը յարգելու վրայ»:
Եզրափակելով՝ կարելի է ասել, որ 2017 թուականին յաջողուեց խուսափել հակամարտութեան լուրջ սրացումից եւ կարգաւորման գործընթացին որոշակի դինամիկա հաղորդել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով, ինչպէս նաեւ վերսկսել երկու երկրների նախագահների շփումները, որոնց հանդիպումը երկար ընդմիջումից յետոյ կայացաւ Հոկտեմբերի 16ին, Ժնեւում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ: Այդուհանդերձ, սա չի կարելի լիարժէք բանակցութիւններ համարել, մանաւանդ եթէ հաշուի առնենք, որ դրանց չի մասնակցում հակամարտութեան հիմնական կողմը՝ Արցախի Հանրապետութիւնը:
2018թ. ԵԱՀԿ նախագահութեան էստաֆետն Աւստրիայից կ՝ընդունի Իտալիան: Արդեօք Հռոմին կը յաջողուի բեկել իրավիճակը, աւելի ճշգրիտ՝ Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը: Կ՛ապրենք՝ կը տեսնենք:
NOVITA
Հերի Նազարեաններ եւ Ընտանիք
Տօնական Այս Օրերուն Մեր Լաւագոյն
Մաղթանքները Կը Փոխանցենք Հայ Ժողովուրդին
Եսայի եւ Վեհանուշ Մարտիրոսեաններ
2018 տարին, որ մեզի համար կարեւոր ամեակներու տարին է,
իր կարգին, թող պատմական դառնայ՝ ազգային մեր նուաճումներով
Տոքթ. Վարդգէս եւ Մէրի Նաճարեաններ
Թող 2018 տարին իր հետ բերէ իրագործումներու նոր հանգրուան մը՝ մեր ազգային նպատակներու իրագործման ի խնդիր