ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Կանգառ Փոքրիկ Հայաստանում» խորագրով համերգը, Փոքրիկ Հայաստանի սրտում, Մայիսի 13ին լոսանջելեսցիներին կը ներկայացնի հայկական մշակոյթը: Երաժիշտներ Արտեօմ Մանուկեանն ու ընկերները, ինչպէս նաեւ «Այա» պարախումբը կը ներկայանան կատարումներով, իսկ նկարչուհի Արփինէ Շահբանդարեանն էլ՝ իր արուեստի գործերով:
Ձեռնարկի նախաձեռնող՝ Փոքրիկ Հայաստան Համայնքի զարգացման ընկերակցութեան (Little Armenia Community Development Corporation) նախագահ Քրիստինէ æեգալեանը նշում է, որ միջոցառման նպատակն է ուշադրութիւն հրաւիրել դէպի Փոքրիկ Հայաստան շրջանն ու հայ համայնքը։
«Հոլիվուդում բնակուող տարբեր համայնքներ (ճապոնացիներ, թայլանդցիները, մեքսիկացիները եւ այլոք) ունեն իրենց կազմակերպութիւնները, որոնք բազմաբնոյթ միջոցառումներ են ձեռնարկում թէ՛ իրենց համայնքի համար, թէ՛ քաղաքում բնակուող այլազգիներին ներկայացնելու իրենց մշակոյթը: Նոյնը ցանկանում ենք անել մենք՝ հայ համայնքին եւ օտարներին ներկայանալու համար. այս նպատակով էր, որ ստեղծուեց կազմակերպութիւնը, որի առաջին ձեռնարկը մշակութային է: Սոյն ծրագիրն իրականացւում է Լոս Անջելեսի քաղաքապետարանի մշակոյթի վարչութեան տրամադրած դրամաշնորհով, որ նախատեսուած է արուեստի միջոցով մարդկանց ուշադրութիւնն ուղղել քաղաքի ոչ շատ ծանօթ հանրային վայրերին: Մեր կազմակերպութեան եւ քաղաքապետարանի շահերը համընկան, եւ որոշեցի ներկայացնել հայկական նախագիծ, որտեղ ներգրաւուած կը լինեն Լոս Անջելեսում գործող արուեստագէտներ», տեղեկացնում է Քրիստինէ æեգալեանը:
Նա նաեւ խոստանում է հետաքրքիր ու գեղեցիկ մշակութային երեկոյ՝ տաղանդաւոր երաժիշտների մասնակցութեամբ:
«Կանգառ Փոքրիկ Հայաստանում» միջոցառումը, որ անվճար է, տեղի կ՛ունենայ Շաբաթ, Մայիսի 13ին, ժամը 5։30-8, 5448 Հոլիվուդ բուլվար հասցէում (Հոլիվուդ-Վեսթերն փողոցների խաչմերուկ, «Մետրօ»ի Կարմիր գծի կայարանի դիմաց):
Ծրագրում կան՝ Արտեօմ Մանուկեան (թաւջութակ), Վարդան Ովսէփեան (դաշնամուր), Թիմ Լեֆեբվրէ (բաս-կիթառ), æոն æոնսըն (սրինգ), æին Քոյէ (հարուածային գործիքներ), ինչպէս նաեւ «Այա» պարային համոյթը եւ նկարչուհի Արփինէ Շահբանդարեանը: