ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հայ ձայները, Հայ ջոկատների համար» (Hye Voices for Hye Troops) խորագրով համերգը Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանում, Մայիսի 6ին համախմբել էր Լոս Անջելեսի լաւագոյն հայ երաժիշտների ու խմբերի: Առիթը՝ յարգանքի տուրքն էր Արցախում կռուած հայ զինուորներին, ովքեր մէկ տարի առաջ՝ ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ իրենց կեանքը զոհեցին յանուն հայրենիքի:
Վարժարանի մարզասրահում, մի քանի ժամ շարունակ, «Վիզա», «Փալմ օֆ Գրանա»չ խմբերը, Թի Սումեանը (T. Soomian), Սեմ Բաբայեանը «Դըրթի Դայմոնդ»ից, եւ Հէյբերտն իրենց կատարումներով հաճելի պահեր պարգեւեցին ներկաներին՝ միաժամանակ խօսելով զոհուած հերոսների մասին, որոնց լուսանկարները եւս մէկ անգամ յիշեցրին հայրենիքի մեր անձնազոհ պաշտպանների սխրագործութիւնները:
Վարժարանի տնօրինուհի Ալինէ Դուրեանն, անդրադառնալով ձեռնարկին՝ նշեց, որ այն նաեւ իրազեկման նպատակ ունի: «Պէտք է միշտ անմար պահենք մեր հերոսների յիշատակը, որ նրանք երբեւէ չմոռացուեն նաեւ հայրենիքից հեռու: Այս առիթով, կազմակերպեցինք այս միջոցառումը՝ յիշելու նրանց սխրանքերը: Ձեռնարկը նաեւ դրամահաւաքի նպատակ ունի: Նախորդ տարի, մեր վարժարանը տասը հազար դոլար հաւաքեց, եւ բարձր դասարանի մեր ա-շակերտների հետ միասին՝ Հայաստան այցի ժամանակ, անձամբ այցելեցինք զոհուածների տասը ընտանիքի ու գումարը յանձնեցինք ծնողներին: Մեր աշակերտների համար այդ հանդիպումները շրջադարձային նշանակութիւն ունեցան: Այս տարի եւս, Հայաստան ու Արցախ մեր այցելութեան ժամանակ հանդիպելու ենք մեր հերոսների ընտանիքներին ու այսօրուայ դրամահաւաքի արդիւնքում հաւաքուած գումարը կը փոխանցենք նրանց», տեղեկացրեց Դուրեանը, որ կրում էր «Հայ ձայները, Հայ ջոկատների համար» վերտառութեամբ շապիկ:
Համերգի կազմակերպիչ, վարժարանի աշակերտների կարգապահական հարցերով ուսուցչապետ Սեւակ Անդրէասեանն էլ հպարտութամբ նշեց, որ երաժիշտներից ոմանք դպրոցի շրջանաւարտներ են, եւ իր աշակերտները: Ռոզ եւ Ալէք Փիլիպոսը հայեցի կրթութեան ու դաստիարակութեան կուռ դարբնոց է, որտեղ հայ մանուկներին ու պատանիներին ներարկում են հայրենիքի ու ազգի նկատմամբ նաեւ պատասխանատուութեան զգացումը: «Մեր զինուորների ընտանիքներին օգնելու համար որոշեցինք համայնքին համախմբել արուեստի միջոցով: Ուրախ եմ, որ յաջողուեց այս նախագծում ներառել ճանաչուած երաժիշտների, որոնք նաեւ գեղեցիկ պահեր մատուցեցին այցելուներին», նշեց Անդրէասեանը՝ երախտագիտութիւն յայտնելով աջակիցներին ու նուիրատուներին, որոնց թւում էին համայնքի տարբեր կազմակերպութիւններ, գործարարներ ու ծնողներ: