Լաւագոյն Դիւանագիտութիւնը Երկրի Ամրապնդումն Ու Շէնացումն Է. Հրանդ Մարգարեան
Զրուցեց՝ ՄԵԼԱՆԻԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ
Հոկտեմբերի 6ին ՀՅԴ ներկայացուցիչները այցելել են Արաքսի հովիտ, որտեղ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ նախագահի եւ այլ պաշտօնեաների հետ: Այցելութեան մանրամասների վերաբերեալ Yerkir. am-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ:
ՄԵԼԱՆԻԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ.- Պարոն Մարգարեան, նախ՝ ի՞նչ պատուիրակութիւն է Հոկտեմբերի 6ին մեկնել Արաքսի հովիտ, եւ ո՞րն է եղել այցելութեան նպատակը:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այցելութեան առիթը եղել է ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի հրաւէրը: ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գլխաւորութեամբ՝ Արաքսի հովիտ է մեկնել Հայաստանի՝ մեր մարզային կոմիտէների անդամներից եւ այլ ընկերներից բաղկացած աւելի քան 30 հոգանոց պատուիրակութիւն: Պատահական չէ, որ նման ներկայացուցչական կազմով ենք մեկնել, քանի որ այս տարածքների վիճակը, այնտեղ տեղի ունեցող աշխատանքների ընթացքը մշտապէս եղել է Դաշնակցութեան ուշադրութեան առանցքում: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ մեր կուսակցութիւնը փորձել է նաեւ տարբեր բնոյթի նախաձեռնութիւններով նպաստել այդ աշխատանքների յաջող ծաւալմանը: Կասկած չկայ, որ մեծ զոհաբերութիւնների գնով ձեռք բերուածը պահպանելու եւ ամրապնդելու ճանապարհը դրա կայացումն է՝ իր բնակիչներով եւ զարգացած տնտեսութեամբ: Ուրեմն եւ այցելութեան նպատակը տեղում լինելը եւ անմիջականօրէն գործերի ընթացքին ծանօթանալն էր:
ՄԵԼԱՆԻԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ.- Արդարացա՞ն ձեր ակնկալիքները, ինչպիսի՞ տպաւորութիւններ ստացաք:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Նախ ասեմ, որ այցելութիւնը լաւ էր նախապատրաստուած: Մեզ հետ հանդիպման էին եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբէկեանը, նախարարներ եւ այլ պաշտօնեաներ՝ Արցախի նախագահի գլխաւորութեամբ: Արաքսաւան բնակավայրում նշածս պաշտօնեաները բաւական մանրամասնօրէն պատմեցին ընթացող աշխատանքների մասին, պատասխանեցին մեզ հետաքրքրող հարցերին: Մասնաւորապէս՝ ներկայացուեց բուն Արաքսաւանի զարգացման ծրագիրը, որում ներառուած էր յարմարաւէտ բնակարանների կառուցումը՝ յարակից հողամասերով, գիւղատնտեսական գործունէութեան համար անհրաժեշտ օժանդակ կառոյցներով, անհրաժեշտ ենթակառոյցների ստեղծումով եւ այլն:
Այն, ինչ թղթի վրայ էր, եթէ իրականութեան վերածուի, ինչին հաւատում եմ, ապա ոչ միայն շատ անհրաժեշտ, այլեւ կարեւոր գործ արուած կը լինի, եթէ նկատի ունենանք, որ ընտրուած տարածքը գտնւում է Արաքս գետից ոչ հեռու՝ հանգուցային ճամբաբաժանի վրայ: Ծանօթացանք այս տարածքներում իրականացուող ենթակառուցուածների ձեւաւորման ուղղութեամբ տարուող, ինչպէս եւ այլ աշխատանքների, որոնք լաւ հիմք են՝ յետագայ ընդհանուր զարգացումն ապահովելու համար: Չնայած եղած դժուարութիւններին՝ այստեղի բնակիչները բանջարաբոստանային կուլտուրաների, եգիպտացորենի մշակմամբ են զբաղուած, նորաստեղծ աւանում ծանրաբեռնուածութեամբ աշխատում էր առաջին վերամշակող գործարանը: Ամենաուրախալին այն էր, որ, ինչպէս տեսանք, Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնը վճռականութեամբ ձեռնամուխ է եղել երկիրը շէնացնելու, հզօրացնելու գործին: Ամենակարեւորն, ի հարկէ, հաւատն է ազատագրուած հայրենիքի վաղուայ օրուայ նկատմամբ: Այս դիրքորոշումը նաեւ ամենալաւ պատասխանն է այն թերահաւատութեանը, այն յոռետեսական տրամադրութիւններին, որոնք երբեմն արտայայտւում են՝ կապուած բանակցութիւնների, քաղաքական գործընթացների հեռանկարի հետ: Այսօրուայ լաւագոյն դիւանագիտութիւնը անկախացած երկրի ամրապնդումն ու շէնացումն է:
ՄԵԼԱՆԻԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում այցելութիւնը, արդեօք այն նաեւ գործնական արդիւնք ունեցա՞ւ:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այցելութիւնը օգտակար էր, քանի որ մեր աչքով տեսանք ու պատկերացում կազմեցինք շատ բաների մասին: Բայց այցը օգտակար էր ոչ միայն ճանաչողութեան առումով: Հանդիպումը, այո, ունեցաւ նաեւ գործնական արդիւնք: Մենք այսու յանձնառութիւն ենք առնում նշուած տարածքում՝ 10 հեկտարի վրայ հիմնել նռան այգի: Սա կը լինի առաջին փուլի առաջին ներդրումը: 2րդ փուլում կը կառուցուի գործարան, որտեղ կ՛արտադրուի նռան խտանիւթ:
ՄԵԼԱՆԻԱ ՄԵԼՔՈՒՄԵԱՆ.- Պարոն Մարգարեան, օգտուելով առիթից, այլ թեմայով մէկ հարց: Լրատուամիջոցներում դարձեալ հրապարակումներ են յայտնուել, թէ ՀՅԴն պատրաստւում է իշխանութեան հետ կոալիցիա կազմել: Ճի՞շդ են, արդեօք, այս լուրերը:
ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Բոլորովին վերջերս առիթ եմ ունեցել հերթական անգամ հերքելու նման խօսակցութիւնները: Չգիտեմ՝ միտո՞ւմ կայ խորքում, թէ այլ պատճառով է, որ նոյն հարցն անընդհատ շահարկւում է: Շատ յստակ պատասխանում եմ՝ մեր օրակարգում նման հարց չի եղել եւ չկայ: