
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Երիտասարդների շրջանում ա-ռաջնորդի հմտութիւնների զարգացման նպատակն էր կրում «Էլեւէյթ» խորագրով խորհրդաժողովը, որն արդէն երկրորդ անգամ անցկացւում է ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղի եւ Ուուդբըրի համալսարանի Առաջնորդութեան կենտրոնի նախաձեռնութեամբ: «Բարձրացի՛ր, բարձրացրո՛ւ» ՀՄԸՄական այս կարգախօսն է խորհրդանշում «Էլեւէյթ» անուանումը», ներկայացրեց կազմակերպչական խոր-հրդի անդամ, դոկտոր Արմոնդ Աղախանեանը՝ նշելով, որ ձեռնարկն ուղղուած է առաջնորդներ բացայայտելուն եւ նրանց խրախուսելուն, որպէսզի ամերիկահայ երիտասարդները լիարժէք մասնակիցը դառնան երկրում տեղի ունեցող քաղաքական-հասարակական գործընթացներին եւ ակտիւօրէն ներգրաւուեն հայ համայքի կեանքում: Այս նպատակով, ձեռնարկի կազմակերպիչները հրաւիրել էին առողջապահութեան, կրթութեան, կինօարդիւնաբերութեան ոլորտներում, գոր-ծարար աշխարհում, եւ քաղաքական կեանքում յաջողութիւնների հասած անհատների, ովքեր ներկայացրին իրենց անցած ուղին ու խօսեցին առաջնորդին անհրաժեշտ ունակութիւնների մասին:
«Էլեւէյթ» 2014ի խօսնակներն էին՝ Ուուդբըրի համալսարանի նախագահ Լուի Քալինգօն, Գլենդելի քաղաքապետարանի կառավարիչ Սքոթ Օչօան, Գլենդել Ադվենթիստ բժշկական կենտրոնի փոխնախագահ Արբի Նահապետեանը, ձեռնարկատէր, «Միւզ Լայֆսթայլ գրուփ»ի նախագահ Միքայէլ Իսրայէլեանը, «Փիքսար Էնիմէյշն Սթուդիոզ»ի պրոդիւսըր Քեթրին Սարաֆեանը: Բանախօսները կարեւորեցին անհատի կողմից սեփական ունակութիւնների բացայայտումը, հոգեհարազատ մասնագիտական ուղու ընտրութիւնն ու համապատասխան հմտութիւնների ձեռքբերումը: «Պէտք է զարգացնել ոչ միայն առաջին «Ես»ին, նաեւ՝ այլընտրանքային՝ երկրորդ «Ես»ը: Միաժամանակ կարեւոր է, որ սեփական նպատակին հետամուտ լինելուց բացի նաեւ կարողանաս գնահատել շրջապատիդ եւ ամբողջական դառնալ այդ ձեւով», ապագայ առաջնորդներին ուղղուած իր խօսքում նշեց Քալինգօն: Օսկարակիր պրոդիւսըր Քեթրին Սարաֆեանն էլ իր անձնական պատմութեան միջոցով խորհուրդ տուեց երբեք չյուսահատուել. «Մի ընկրկէք ձախողումներից ու անյաջողութիւններից, այլ սովորէք սխալներից եւ հաւատարիմ մնացէք ձեր նպատակին», նշեց Սարաֆեանը՝ պատմելով, որ կամքի ուժն ու յաղթելու մղումն իր մօտ ձեւաւորուել է պատանեկութեան տարիներից, երբ խաղում էր ՀՄԸՄ «Արարատ»ի բասկետբոլի թիմում: Իր յաջողուած նախագծերի շարքում Սարաֆեանն առանձնացրեց Հայաստանում հիմնադրուած «Թումօ» կենտրոնը: Միքայէլ Իսրայէլեանի կեանքի ու յաջողութեան պատմութիւնը «Ամերիկեան երազանք»ի իրականացումն է, որ ոգեւորիչ էր ձեռնարկին ներկայ բազմաթիւ երիտասարդների համար: «Մեծ ցանկութիւնն ու յստակ նպատակներն ուժ են տալիս յաղթահարելու բոլոր դժուարութիւնները», անկեղծացաւ Հայաստանից ԱՄՆ ներգաղթած Իսրայէլեանը, ով կարողացել է կարճ ժամանակում մեծ յաջողութիւն արձանագրել Հոլիվուդի ամենամրցունակ ոլորտներում: Իսրայէլեանին պատկանող Հոլիվուդում գործող «Փլէյհաուզ» գիշերային ակումբը Ռոյթերզի կողմից ճանաչուել է աշխարհում չորրորդը: Այն յայտնի է որպէս աշխարհահռչակ Դի.Ջէյ.ների բեմահարթակ, որտեղ յաճախ կարելի է նաեւ հանդիպել հոլիվուդեան յայտնի դէմքերի:
«Միւզ Լայֆսթայլ Գրուփ»ին են պատկանում նաեւ Լոս Անջելեսում գործող մի շարք ճաշասրահներ, այդ թւում՝ «Ռոմանոֆ», «Չի Դինասթի», նաեւ՝ «Ջոզ» պիցայատունը եւ «Կայէ Թաքոս»ը: Միքայէլ Իսրայէլեանը համարձակութիւն մաղթեց ապագայ առաջնորդներին, նաեւ աշխատանքի առաջարկ արեց հետաքրքուածներին: «Էլեւէյթ»ի յանձնախմբի կողմից սահմանուած «Էլեւէյթ» 2014ի Առաջնորդութեան պարգեւը տրուեց բարերար Յակոբ Բաղդասարեանին: «Մասիս քեբաբ» ընկերութեան հիմնադիր Բաղդասարեանը, մի շարք բարեգործական հիմնադրամների ակտիւ անդամ է եւ մեծ ներդրում ունի Հայաստանում եւ Արցախում կրթութեան, վերակառուցման գործում, միաժամանակ՝ հայ համայնքի նուիրեալ է:
Յակոբ Բաղդասարեանն իր խօսքում կարեւորեց նուիրաբերումը:
«Էլեւէյթ» 2014ը կարելի է միանշանակ յաջողուած համարել, ինչի մասին էր վկայում լեցուն դահլիճը, մասնակիցների ու բանախօսների միջեւ ստեղծուած անմիջական ու ակտիւ կապը հարցուպատասխանի միջոցով: Կազմակերպիչ յանձնախմբի անդամների՝ ՀՄԸՄի «Արարատ» մասնաճիւղի գործադիր խորհրդի նախագահ Թոմիկ Աբրահամեանի, Ուուդբըրի համալսարանի դասախօս, դոկտոր Արմոնդ Աղախանեանի խօսքով, նման ձեռնարկները շատ արդիւնաւէտ են եւ հնարաւորութիւն են տալիս մասնագէտներին իրենց փորձառութիւնը փոխանցելու երիտասարդներին, օգնել նրանց վստահ լինելու իրենց որոշումներում, ինչպէս նաեւ՝ կապեր ձեռք բերելու:
«Շատ տպաւորուած ենք միջոցառումից եւ բանախօսներից: Ուրախ ենք, որ բացայայտեցինք նման հայերի, ովքեր մեծ ներդրում ունեն երկրում եւ համայնքում», նշեցին ձեռնարկի մասնակից մի շարք երիտասարդներ: