ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Հաւանաբար տարիքս առել եմ, քանի որ նկատելի է, թէ աւելի շատ եմ սկսել դժգոհել շրջապատումս կատարուող որոշ իրադարձութիւններից: Անցեալում ինձ պէս «բողոքողներ»ի մասին մտածում էի, թէ մեծ մարդ է, կեանքի զգալի մասն ապրած, երեւի դրա համար է բողոքում: Եկէք տեսէք, որ ես էլ եմ այդ շարքերում յայտնուել: Սակայն փառք Աստծոյ, դեռ յոռետեսների շարքերը չեմ համալրել:
Հայկական հեռուստատեսութեան ալիքները դարձել են երեկոյեան մի քանի ժամուայ իմ ուղեկիցը, յատկապէս վերջին շաբաթների ընթացքում: Արբանեակային հեռուստասփռումն ապահովող ընկերութեան ծառայութիւններից դժգոհելով, որոշեցի անջատել արբանեակային կապս աշխարհի հետ: Քանի որ համացանցը զգալի չափով փոխարինել է հեռուստացոյցին, այս վերջին փոփոխութեան հետեւանքները առանձնապէս ցաւագին չընդունեցի, մանաւանդ որ նոր ալեհաւաքը (անտեննան) միացնելով հեռուստացոյցին, հնարաւոր եղաւ միանգամից 6 հայկական ալիք դիտել: Մի պահ ինձ Երեւանում զգացի: Կարօտով փոխում էի ալիքները, երբ լսեցի «Աբսոլիւթ Քընթրոլ» ընկերութեան աշխատակիցներից՝ Յովիկի հաղորդումը: Նրա արտասանած ամէն բառի տակ կարող էի ստորագրել: Խօսում էր, թէ ինչպիսի չարիք կարող է բերել թմրամոլութիւնը, թէ ինչպիսի որոգայթ կարող է իր մէջ պարունակել «Դէ լաւ, արի մի անգամ փորձենք» արտայայտութիւնը, եւ այս ամէնը՝ մէկ շնչով, գերազանց առոգանութեամբ, ու ամենակարեւորը՝ անկեղծ սրտով: Վերջում ասաց՝ «Աստուած ձեզ հետ», դիմելով հեռուստադիտողին: Յովիկն աւարտեց իր օգտակար հաղորդումը, որ ընդամէնը կէս ժամ տեւեց:
Ակամայ փոխեցի հեռուստաալիքը: Այս միւս հաղորդավարը բարձրաձայն կռիւ էր տալիս մի զանգահարողի հետ, մի ինչ որ անկապ նախադասութիւն ասելուց յետոյ էլ յայտարարեց՝ «Ձեր կարծիքը» ու միացրեց հեռախօսը: Յետոյ չգիտես ինչու վրդովուեց ու սկսեց նորից զայրացած ելոյթ ունենալ, անուղղակի ձեւով վիրաւորելով հաւատացեալներին, հեգնելով «մեր» Աստծուն, հպարտօրէն օգտուելով խօսքի ազատութեան իր իրաւունքից: Վստահ եմ, այդ ժամանակ ինձ պէս հազարաւոր մարդիկ էին դիտում այս հաղորդումը, հաւանաբար յոյս ունենալով հայերէն մի բան լսել օրուայ այդ ժամին: Ինչո՞ւ էր այս մարդը չարանալու աստիճան այսքան առարկայապաշտ երեւում: Ինչո՞ւ էր ծաղրում բազմահազար լսարանի մի զգալի մասին, ովքեր հաւատացեալ են, աղօթք են անում, եկեղեցի գնում ու իրենց ցանկութիւնները լուռ կամ բարձրաձայն կիսում են բարձրեալի հետ: Ի՞նչ վատ բան կայ, երբ մարդը հաւատացեալ է: Թէ՞ պարտադիր է, որ «բարձրագոյն» կրթութիւն ստացած անձը աթէիստ լինի ցինիկութեան (լկտիութեան-Խմբ.) աստիճա՞ն, եւ այս մէկն էլ իր «զարգացածութիւնն» էր արտայայտում, ծաղրելով աւանդական արժէքները: Իմ կենսափորձի ընթացքում շատ եմ հանդիպել մարդկանց, ովքեր փայլուն կրթութեան տէր են եւ միաժամանակ՝ հաւատացեալ: Ես չէի ցանկանայ բանավէճի մէջ մտնել մարդկանց հետ, ովքեր ժխտում են Աստծոյ գոյութիւնը, Աստուած իրենց հետ: Բայց ի՞նչ կարիք կայ բազմահազար լսարանի առջեւ, թէկուզ եւ մէկ կամ երկու հոգու տարակուսանքի մէջ գցել, հայութեան մի հատուածին պախարակելով, յայտարարելով, թէ այստեղից եկածները աւելի տգէտ են, քան այնտեղից եկածները: Ո՞վ եւ ինչո՞ւ է այդպիսի աստղերի հեռուստատեսային կապոյտ էկրանի առաջ տեղ տալիս: Ո՞վ է գովազդ զետեղում այդ հաղորդումների ընթացքում:
Օգտուելով իմ իրաւունքից, անմիջապէս փոխեցի ալիքը: Զայրոյթս փոքր ինչ մեղմացաւ, երբ «Տէրն ու Ծառան» յայտնի կարճամետրաժ կինոնկարը տեսայ: Ինչպիսի գլուխգործոց էր: Երախտագիտութեամբ լցուեցի Սօս Սարգսեանի, Մհեր Մկրտչեանի, Թադէոս Սարեանի, Մելինէ Համամջեանի, եւ ի հարկէ՝ մեծն Թումանեանի նկատմամբ: Այն աւարտելուց յետոյ երկարատեւ գովազդներից խուսափել փորձեցի, եւ դարձեալ ձեռքս ընկաւ ալեփոխի վրայ: Մի կայանից գովազդում էին Համահայկական Հիմնադրամի ձեռնարկը, միւս կայանից կոչ էին անում «բոյկոտ»ի ենթարկել այն: Ուշադրութեամբ լսում էի, թէ արդեօք ի՞նչ ծրագիր կարող էին առաջարկել վերջինները: Բայց ամենաբարդ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը այդպէս էլ չլսեցի: Ենթադրենք, թէ դրսից ուղարկուող դրամական ներարկումները յօդս ցնդեցին վարկենապէս, դադարեցին: Ի՞նչ է փոխուելու: Մարդկանց արժեքային համակարգը միանգամից կերպարանափոխուելո՞ւ է:
Ակամայ յիշեցի, թէ ինչպէս Հայաստանում գտնուած ժամանակ մի քանի տարբեր մարդիկ մեղադրեցին մեզ՝ սփիւռքահայերիս, թէ «դուք էք մեղաւորը, որ Հայաստանն այսօր այս վիճակում է, եթէ փող չուղարկէիք, էս օրին չէինք լինի»: Ոչ ոք չմեղադրեց խորհրդային մտածելակերպի արդիւնքում կարծրացած «արժէքները», որոնց արդիւնքում բազմաթիւ մարդիկ գերադասում էին տնից դուրս չգալ, քան ցածր աշխատավարձով «ոչ պատուաբեր» գործ անել: «Ոչ պատուաբեր» գործն էլ ոչ թէ պոռնկութիւնն էր, այլ ասենք՝ այս կամ այն տարածքի կանաչապատումը: Ինչո՞վ էինք մենք մեղաւոր, երբ պլպլան վերնաշապիկով երիտասարդը յոխորտաց տարեց հաւաքարարին, թէ վաղուանից չի աշխատի, եթէ արագ չշարժուի: Ինչո՞վ է մեղաւոր տարիքն առած պարսկահայերի խումբը, ովքեր ամէն տարի «իրենց սեփական միջոցներով հեռաւոր մի գիւղի դպրոց են վերանորոգում»՝ ամերիկեան չափանիշներով դրանք կահաւորելով:
Մարդկանց մտածելակերպի փոփոխութեան վրայ է պէտք ջանք դնել, որ երկար ժամանակ է պահանջում: Բայց կաշառակերն ուտում է, պաշտօն ստանում, հարստանում, փողերն էլ (երեւի) գաղտնի կամ բացայայտ ձեւով Հայաստանից դուրս է հանում: Իսկ ժողովրդի մի մասը երանի է տալիս գողին, թէ ինչ «թագաւոր տղայ է, ապրելու ձեւը ինչ լաւ է իւրացրել»: Իսկ ովքեր լռութեամբ կամ բացայայտ պախարակում են, ձայները կտրւում է:
Ինչեւէ, սա չէ, որ այսօր քննարկում ենք: Մէկ այլ հեռուստաալիքով ելոյթ է ունենում հաղորդավարը, ով հրաւիրել է հիւրին, բայց ժամ պատարագ չի տալիս, որ հիւրն արտայայտուի: Յաջորդ ալիքից ինչ որ ապրանք էին վաճառում, իսկ միւս ալիքից, ահա արդէն որերորդ անգամ մարդկանց յորդորում էին օգտուել իրենց, միայն իրենց ծառայութիւններից: Եւ այսպէս, աւելի քան կէս ժամ:
Ակամայ յիշում եմ, թէ ինչպէս 90ականների սկզբին կարօտ էինք մնացել հայկական հեռուստատեսութեան հաղորդումներին. 24ժամեայ ռադիօն էր գործում այն օրերին, եւ մարդիկ իրենց տան վարձից առաջ մուծում էին ռադիոյի ամսական վարձը, որ հայերէն բառ լսեն: Խօսքս Ֆիդանեան հաստատութեան «Հայ Ձայն» ռադիօկայանի մասին է: Ինքս էլ մաս եմ կազմել այդ նախաձեռնութեան, որտեղ բազմաթիւ շնորհալի անձինք թրծուեցին եւ մինչեւ այսօր էլ յայտնի են համայնքում: Ալէք Ֆիդանեանը, այս ռադիօկայանի տնօրէնը, ամէն րոպէ հետեւում էր հաղորդումների որակին եւ ոչ մի բացթողում չէր հանդուրժում: Պահանջում էր, որ հաղորդումների որակը, տեսականին, երաժշտութեան ընտրանին, ձայնի ու երանգի բարձրութիւնը պատշաճ լինեն. ամէն մի մանրուք այս մարդու ուշադրութեան առարկան էր, նոյնիսկ գիշերուայ ուշ ժամերին: Հաւանաբար դա էր պատճառը, որ վերջին տարիներին հաղորդումների որակը զգալիօրէն բարձրացել էր, ի հարկէ հաշուի առնելով այն, որ ռադիօկայանում 10 մարդուց քիչ աշխատակիցներ կային:
Յետոյ ծնուեցին հեռուստակա-յանները: Մարդիկ կարօտով էին դիտում նորութիւնները, այն տարիներին նոյնիսկ երիտասարդներն էին դիտում հաղորդումները, խօսքս անչափահասների մասին է: Յետոյ շատացան հաղորդումները, իսկ գովազդների յետեւից միանգամից մի քանի գովազդային գործակալներ էին գնում, երբեմն էլ՝ միաժամանակ: Որոշ «խանութպաններ» իրենց արքայ էին զգում, եւ բացայայտ, կոպտօրէն նուաստացնում էին այս կամ այն գործակալին, որ փորձում էր գովազդ վաճառել: Մրցակցութիւնը թէժացաւ:
Ինչ որ տեղ լաւ է, որ Լոս Անջելեսում շատ հեռուստատեսութիւններ կան: Պէտք է որ առաջացած մրցակցութիւնը որակ ապահովի: Գուցէ հեռուստադիտողի որակի՞ց է, որ հեռուստաալիքների կամ կայանների հեռարձակած հաղորդումների որակը դեռ բարձրագոյնին չի հասել, մեղմ ասած: Ամէն դէպքում, յարգելով մարդու սեփականութիւն ունենալու գաղափարը, դիմում եմ հեռուստաալիքների սեփականատէրերին, խնդրելով հաշուի առնել, թէ ում էք եթերը տրամադրում, ովքեր եւ ինչ հաղորդումներ են վարում, ինչպիսի ասելիք ունեն ժողովրդին: Վերջին հաշուով, բիզնես լինելու հետ մէկտեղ հեռուստատեսութիւնը իր վրայ պարտաւորութիւն ունի նաեւ կրթելու, եւ ինչու ոչ, վաղուայ օրուայ նկատմամբ յոյսն ամրապնդելու առումով: Փառք Աստծոյ, իրարասպան սերիալները կարծես թէ մէջտեղից վերացել են: Այս առումով բախտաւոր ենք, քանի որ երիտասարդներից ոմանք փորձում էին «ղոչաղ» աչքաբաց տղերքին նմանակել, երբ դիտում էին չարաբաստիկ սերիալները: Իսկ որոշ հաղորդավարների յորդորում եմ իրենց տեսակէտները դիւանագիտօրէն արտայայտել, ընդունելով հակառակ կարծիքի ճշմարտացիութեան հնարաւորութիւնը եւս, առանց վիրաւորելու հազարաւոր հայ քրիստոնեաների զգացմունքներն ու հաւատքը:
Աստուած ձեզ հետ: