
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
2003թ.ի Յուլիսի 14ին ԱՄՆի Սենատը հաստատեց Սամուէլ Տէր Եղիայեանին Դաշնային դատարանի դատաւոր նշանակելու Բուշի առաջադրումը: Նշանակումը պատմական էր. Սեմ Տէր Եղիայեանն առաջին հայ ներգաղթեալն էր, որ ծնուած լինելով Միացեալ Նահանգներից դուրս, Սիրայում՝ զբաղեցրեց այս պաշտօնը, նաեւ՝ իր օրինակով «ամերիկեան երազանքը» իրական դարձնելով հայ իրաւաբանների համար: Տասը տարի է, որ Տէր Եղիայեանն աշխատում է Իլինոյի Հիւսիսային շրջանի դաշնային դատարանում՝ միաժամանակ ակտիւօրէն աջակցելով հայ համայնքին:
Յուլիսի 14ին, Գլենդելում, Սամուէլ Տէր Եղիայեանի հարազատները, ընկերները, որոնց թւում էին Գլենդելի քաղաքապետը, հայ համայնքի ակնառու ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, հաւաքուել էին նշելու իրենց հարազատի պաշտօնավարման տասնամեակը: «Ես երեսուն տարի է, որ ճանաչում եմ Սամուէլին, եւ ինձ համար, ինչպէս նաեւ ազգակիցներիս, մեծ հպարտութիւն է, որ Սամուէլ Տէր Եղիայեանն առաջին հայն էր, որ իր գործունէութեան արդիւնքում նշանակուեց այս պաշտօնում: Չնայած իր յագեցած աշխատանքին՝ նա շարունակում է նաեւ ամուր կապել պահել համայնքի հետ եւ հնարաւորինս աջակցել: Նա մասնակցում է Հայ իրաւաբանների միութեան ձեռնարկներին եւ մասնագիտական խորհուրդներ եւ ուղղութիւն է ցոյց տալիս հայ երիտասարդ իրաւաբանների», պատմում է Լոս Անջելեսի գերագոյն դատարանի դատաւոր

Զաւէն Սինանեանը:
«Ֆընիշիա» ճաշասրահում ջերմ խօսքեր ու կարծիքներ հնչեցին Սամուէլ Տէր Եղիայեանի մասին՝ ամբողջացնելով նրա կերպարը որպէս ընտանիքի, ազգային արժէքների նուիրեալ, արհեստավարժ մասնագէտ, ով հաւատարիմ մնալով արմատներին՝ դարձել է լիարժէք քաղաքացի ու իր զգալի ներդրումն ունի ոլորտի զարգացման գործում: Սամուէլ Տէր Եղիայեանը Լոս Անջելես էր այցելել ընտանիքին՝ երկու եղբայրներին, քրոջը եւ ընկերներին տեսնելու նպատակով: Օգտուելով ընձեռուած հնարաւորութիւնից կարճ հարցումներ ուղղեցինք դատաւորին՝ պայմանաւորուելով առաջիկայում աւելի ընդգրկուն հարցազրոյց ունենալ Սամուէլ Տէր Եղիայեանի հետ:

«Ես միշտ հպարտութեամբ եմ յայտարարել, որ հայ եմ», մայրենիով իր խօսքը սկսեց ԱՄՆի Դաշնային դատարանի դատաւորը: Սամուէլ Տէր Եղիայեանը կարեւորում է հայ երիտասարդների կրթութեան հարցը՝ նշելով, որ ինքն էլ ամէն կերպ աջակցում է նրանց: «Ես մշտապէս շեշտում եմ երեք բառ՝ կրթութիւն, կրթութիւն, կրթութիւն: Կրթութիւնը ծայրայեղ կարեւոր նշանակութիւն ունի հայ համայնքի համար: Հայկական կազմակերպութիւնները, անհատները պէտք է նպաստեն նոր սերնդի կրթուելուն՝ դրամաշնորհների եւ հնարաւոր այլ միջոցներով: Մեր սերունդները պէտք է լիարժէք մասնակցութիւն ունենան երկրի զարգացմանը տարբեր ոլորտներում՝ երբեւէ չմոռանալով իրենց ինքնութեան մասին», յորդորում է Տէր Եղիայեանը: Ըստ նրա, իրաւաբանութիւնն այն մասնագիտութիւնն է, որ առաւել հնարաւորութիւն է տալիս ներգրաւուել եւ ազդեցութիւն ունենալ քաղաքական գործընթացների վրայ: «Ես իրաւաբան շատ հայ ընկերների ունեմ այս երկրում, եւ Իլինոյում աջակցել եմ դատաւոր դառնալ ցանկացող ազգութեամբ հայ մասնագէտներին: Հայ իրաւաբանների միութեան անդամների հետ եւս ակտիւ կապեր ունեմ եւ աջակցում եմ գործընկերներիս: Կարեւոր է, որ մենք միմեանց օգնենք եւ հայերը բարձր պաշտօններ գրաւեն», նշում է Սամուէլ Տէր Եղիայեանը:
ԱՄՆի Դաշնային դատարանի դատաւորը յստակօրէն ներկայացնում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան իր դիրքորոշումը. «Պատմութիւնը ճանաչել է, որ Հայոց Ցեղասպանութիւնը տեղի է ունեցել: Դա փաստ է: Իմ ընտանիքի անդամներից շատերը Ցեղասպանութեան զոհ են դարձել: Հօրաքոյրս, որ ականատես է եղել, մեզ է հասցրել այդ պատմութիւնները», ամփոփում է Տէր Եղիայեանը:
Նշենք, որ դատաւորի հետ հանդիպումը կազմակերպել էր Տէր Եղիայեանների ընտանիքից հայ համայնքի նուիրեալ մտաւորական, Մաշտոց քոլեջի տնօրէնը՝ Սամուէլ Տէր Եղիայեանի եղբայր Կարպիս Տէր Եղիայեանը: