Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի կապակցութեամբ:

Երկրորդ աշխարհամարտի յաղթական աւարտը մեր ժողովրդի առջեւ զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարաւորութիւն էր, որի շնորհիւ մեր հանրապետութիւնն ու ժողովուրդը յետագայ տարիներին ու տասնամեակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթէ բոլոր ասպարէզներում:
Մեր ողջ ժողովուրդն այդ յաղթանակում իր նպաստը բերեց մեծագոյն զոհողութիւնների գնով:
1992 թուականի Մայիսի 9ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրեայ ազատամարտիկները՝ բազմապատկելով հայոց զէնքի փառքն ու պատիւը: Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացուեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շէնացման համար:
Այս յաղթանակը նոյնպէս մեր ողջ ժողովուրդը նուաճեց մեծագոյն զոհողութիւնների գնով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի առթիւ: Հայաստանը, յաւերժ հայկական Արցախը եւ ողջ հայութիւնը լի են վճռականութեամբ՝ պաշտպանելու իրենց խաղաղութիւնն ու առաջընթացը: