ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Վերջին մէկ շաբաթուայ ընթացքում կատարուեց այն, ինչ տարիներ շարունակ սեւ ամպի պէս պտտւում էր աշխարհի գլխին. Միացեալ Նահանգների տնտեսութիւնն AAA վարկանիշային իր գնահատականը կորցրեց՝ պատճառ հանդիսանալով համաշխարհային տնտեսութեան նոր ալեկոծութիւնների համար: Dow Jones Industrial ցուցանիշն աւելի շատ նման է փոթորկի մէջ գտնուող մի նաւի, որն օրէցօր կորցնում է իր կենսունակութիւնը:
Այսօր աւելի շատ են խօսում ամերիկեան տնտեսութեան անկման մասին՝ վկայելով, թէ ճգնաժամի մէջ ենք մխրճւում: Ոմանք էլ արդարաբար պնդում են, թէ երբեք էլ դուրս չենք եկել ճգնաժամից: Գործազրկութիւնն աւելանում է, Standards and Poor ընկերութեան քայլն էլ աւելի է խարխլում Ամերիկայի դիրքերը, անհատներն ու ձեռնարկութիւնները ծայրաստիճան զգոյշ են վերաբերւում իրենց տրամադրութեան տակ գտնուող դրամին: Այս ամէնն իր հերթին անդրադառնալու է տնտեսութեան վրայ, քանի որ վերջինիս կարեւոր շարժիչ ուժերից է գնորդների վստահութիւնը: Ձեզ յայտնի պատճառներով այդ վստահութիւնը փոշիանում է: Ին՞չ է սա նշանակում մեր՝ հասարակ մահկանացուներիս համար:
Տնտեսագէտների մի հսկայ բանակ յորդորում է մեզ վերաորակաւորել մեր կեանքը, սովորել ապրել աւելի սուղ միջոցներով. մի բան, որ շատ ամերիկացիների համար կը թարգմանուի որպէս կեանքի իմաստի կորուստ, չէ՞ որ նրանց մեծամասնութիւնը ծննդեան օրից էական տնտեսական դժուարութիւններ չեն տեսել: Այսօր տեղական ռադիօն մի հաղորդում էր հեռարձակում Իսպանիայից, որտեղ գործազրկութեան մակարդակն աւելի քան 20 տոկոս է: Բազմաթիւ ընտանիքներ արդէն տարիներ է, ինչ արձակուրդ չեն գնացել: Նրանց մեծամասնութիւնը սովորել է ապրել խիստ սահմանափակ միջոցներով. յաճախ նոյնիսկ զարմանալի է, թէ ինչպէս են նրանք դեռ շարունակում գոյատեւել:
Ահա թէ դաշնային գանձարանի հետ կապուած խնդիրներն ինչպէս կարող են ազդել նահանգների եւ տեղական ֆինանսների վրայ: Հիմնական վտանգի տակ են այն նահանգները, որոնք մեծապէս կախուած են դաշնային ֆինանսաւորումից: Նման իրավիճակում են յայտնւում բազմաթիւ դաշնային կազմակերպութիւններ, լայնածաւալ զինուորական ներկայութիւնը եւ Medicaid ծրագրից օգտուող բնակչութեան մեծ քանակ ունեցող նահանգները: Բնականաբար երբ դաշնային գանձարանը հնարաւորութիւն չունենայ վճարել նրանց այդ գումարները, նահանգային իշխանութիւններն իրենց ուժերով պիտի փորձեն լուծել այդ մարդկանց խնդիրները:
Վարկանիշի իջեցումն ինքնին կարծես ոչ մի կերպ չի անդրադառնում տնտեսական վիճակի վրայ, սակայն այն բարձրացնում է երկրին տրամադրուող վարկերի տոկոսադրոյքը, դրանով իսկ աւելի բարդացնելով դրանց թէ ստացումը, թէ վճարումը: Սա վաղ թէ ուշ պիտի տեղի ունենար, քանի որ իրականում այս քայլն արտացոլում է երկրի տնտեսութեան վիճակը, եւ իրարանցման պատճառն այն է, որ վարկանիշի իջեցումն առաջին անգամ է Միացեալ Նահանգների ամբողջ պատմութեան ընթացքում, եւ դա ակներեւաբար մատնանշում է երկրի հեղինակութեան նուազումը:
Որպէս հետեւանք Կոնգրէսը ստիպուած կը լինի կտրուկ կրճատել ծախսերը, ինչն իր հերթին ծանր դրութեան մէջ կը դնի վերոյիշեալ նահանգները՝ խարխլելով նրանց երկարաժամկէտ ֆինանսական ծրագրերը: Նահանգների համար մէկ այլ վտանգ էլ կայ. վարկանիշային ընկերութիւններն անդրադառնալու են նաեւ նրանց սեփական վարկանիշներին եւ հարկ եղած դէպքում իջեցնելու են դրանք: Սակայն հարկ է նշել, որ այս գործընթացը դեռեւս լիովին յստակեցուած չէ, եւ գուցէ նահանգները խուսափեն այդ ճակատագրից:
Տարբեր կարծիքներ են հնչում Standards and Poor ընկերութեան այս քայլի վերաբերեալ. որոշ տնտեսագէտներ ենթադրում են, որ այն պարզապէս արտացոլում է իրականութիւնը, այլոք, այն միտքն են արտայայտում, թէ սա արձագանք է երկրի ներկայիս իշխանութիւնների անհամախմբուածութեանը: Նման կարծիք ունեցողները համարում են, որ կասկածի տակ է դրւում ոչ թէ ազգի՝ իր պարտքերը վճարելու ունակութիւնը, այլ իշխող կուսակցութեան Միացեալ Նահանգների երկարաժամկէտ նախահաշուային պակասուրդի խնդիրը լուծելու կարողութիւնը: Այս փաստն ինքնին անվստահութիւն է առաջացնում դաշնային իշխանութեան նկատմամբ եւ ստիպում է նահանգներին աւելի կենտրոնանալ իրենց սեփական ուժերի վրայ: Կալիֆորնիան մինչ այս պահը ամենացածր վարկանիշն ունէր, սակայն նոյն գործակալութիւնը, քննելով նահանգի ներկայացրած երկարաժամկէտ ծրագրերը, «բացասականը» փոխարինել է «կայուն» որակումով: Այս փաստը ինքնավստահութիւն է ներշնչում նահանգի թէ բնակիչներին, թէ կառավարութեանը՝ ընդգծելով ճգնաժամից դուրս գալու նրանց հնարաւորութիւնը:
Հասարակ քաղաքացին առաջին հայեացքից կարող է լիովին չպատկերացնել, թէ որքանով վտանգաւոր է Միացեալ Նահանգների երկարաժամկէտ պետական պարտքի գծով վարկանիշի իջեցումը AAAից AA+ի, սակայն նուազող եկամուտների, աշխատատեղերի փակման եւ թոյլ տնտեսութեան պայմաններում բարձր տոկոսադրոյքով վարկերը կարող են լուրջ վնաս հասցնել երկրին: Այստեղ մնում է յուսալ, որ նահանգները կը կարողանան աւելի լաւ ներկայանալ գնահատող կազմակերպութիւններին: Նրանք յաջողութեան հասնելու հնարաւորութիւն կունենան, եթէ կարողանան ապացուցել, որ նեղ օրուայ համար պահուած գումար ունեն եւ կը կարողանան այն օգտագործել, եթէ դաշնային կառավարութեան սատարումը չլինի: Բացի այդ նրանք կարող են վարկերի ծաւալի կրճատման ծրագրեր ներկայացնել, ինչպէս նաեւ յետաձգել այդ վարկերի ձեւակերպումը կամ խուսափել բաց շուկայում պարտատոմսեր վաճառելուց:
Սա հնարաւոր է, բայց ոչ բոլոր նահանգների համար: Օրինակ՝ Կալիֆորնիայի գրեթէ 37 միլիոն բնակիչներից 7.5 միլիոնն օգտւում է Medicaid ծրագրից: Նահանգը նախատեսում է սեփական միջոցներից 15 միլիարդ դոլար ուղղել այդ ծրագրին, սակայն գրեթէ 30 միլիարդ դոլարի ֆինանսաւորում էլ այն ակնկալում է ստանալ դաշնային կառավարութիւնից: Այստեղ իրենց խօսքը դեռ չեն ասել միւս երկու հեղինակաւոր վարկանիշային կազմակերպութիւնները՝ Moody՛sը եւ Fitchը: Նրանք դեռեւս համարում են, որ Միացեալ Նահանգները բաւականին յուսալի է պարտքերը վերադարձնելու հարցում եւ մեծապէս այս գործակալութիւնների դիրքորոշումից է կախուած, թէ ինչպէս կը զարգանան իրադարձութիւնները:
Ինչպէս տեսնում էք ամէն ինչ այնքան միանշանակ չէ, որքան կարող է թուալ առաջին հայեացքից, սակայն մի բան պարզ է, տնտեսական ճգնաժամը դեռ չի աւարտուել եւ մենք բոլորս պէտք է պատրաստուենք աւելի մեծ զրկանքներ կրելուն: Դաժան է հնչում, բայց աւելի լաւ է պատրաստ լինես փորձութիւնների, քան առանց որեւէ տեղեկատուութեան պայքարես անյայտի դէմ: Մնում է սպասել եւ յոյսն առ Աստուած աղօթել, որ սա աւելի լուրջ իրադարձութիւնների նախերգանքը չլինի: