ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոսութեան նախաձեռնութեամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արեւմտեան ափի խոշորագոյն տուրիստական միջոցառմանը՝ LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարիւրաւոր կազմակերպութիւնների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկիւններում գտնուող՝ հանգստի ու ճամբորդութեան լաւագոյն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքում ցուցահանդէսը դիտելու եկան տասնեակ հազարաւոր այցելուներ:
Հայաստանն ու Արցախը ներկայացան միասնական տաղաւարով, որտեղ ցուցադրուած էին հայկական երկու պետութիւնների գեղատեսիլ անկիւններն ու տուրիստական հմայքները՝ մեծադիր լուսանկարներով:
Հայկակական տաղաւարի մօտ այցելուների հարցերին պատասխանում էին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ՝ տեղի հայկական տուրիստական ընկերութիւնների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանւում էին տեղեկատուական գրքոյկներ:
Կարեւորագոյն միջոցառմանը հայկական երկու պետութիւնների մասնակցութիւնը ողջունեց LA Times թերթի հրատարակիչը: Էդի Հարթենսթայնը նշեց, որ, ինչպէս անցած տարի, այս անգամ եւս հայկական տաղաւարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նիւթերի բազմազանութեամբ:
«Իբրեւ լրատուական կառոյց՝ մենք ուրախ ենք, որ Լոս Անջելեսի պէս բազմամշակոյթ քաղաքի բոլոր համայնքները, այդ թւում՝ հայկականը, այստեղ ներկայ են: Սա իրօք լաւ հնարաւորութիւն է շփուելու, ճանաչելու իրար ու նոր մշակոյթների հետ ծանօթանալու», ասաց «Լոս Անջելես Թայմզ» թերթի ղեկավարը ՀՀ գլխաւոր հիւպատոս Գ. Յովհաննիսեանի հետ զրոյցում:
Ցուցահանդէսի մշակութային մասում ելոյթ ունեցան «Վարդան եւ Սիրանոյշ Գէորգեաններ» եւ «Զուարթնոց» պարային համոյթների սաները:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.